
Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, քիչ առաջ բավարարեց Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատավորին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը սկսվել էր փետրվարի 3-ին ու դատարանը, երկարատև նիստերից հետո, փետրվարի 5-ին հեռացել էր խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:
Բախշիյանին մեղադրում են Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ ակնհայտ ապօրինի կալանավորելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Վերջինս չի ընդունում մեղադրանքը, դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր նկատմամբ տեղի ունեցող գործընթացները միջամտություն են իր՝ որպես դատավորի գործունեությանը:
Ըստ մեղադրանքի՝ դատավորն ահնհայտ ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալին՝ Նվեր Մկրտչյանին, ով Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է: Դատավորի նկատմամբ սկսված գործընթացներից հետո իրավական հանրությունը վստահություն է հայտնում, որ դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ հաշվի առնելով, որ նրա վարույթում քաղաքական ենթատեքստ ունեցող գործեր են քննվում, ինչպիսիք են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի, Գորիսի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործերը:
Դատավորի նկատմամբ սկսված գործընթացի վերաբերյալ մտահոգություն է հայտնել նաև Դատավորների միությունը: Հենց այս կառույցի հայտարարության միջոցով է հայտնի դարձել, որ Գլխավոր դատախազը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան անձեռնմխելությունից, այդ թվում՝ ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացել ԲԴԽ, որոնք հետագայում բավարարվել են:
Բախշիյանի պաշտպանների ճեպազրույցը լրագրողների հետ կարող եք դիտել տեսանյութում։
Մեկնաբանել