HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԲԴԽ-ն կկարողանա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել 5 անդամի որոշմամբ

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց իշխանական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: Այս փոփոխությունների համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը երբ հանդես է գալիս որպես դատարան, նիստի իրավազորման (քվորումի) շեմն իջեցվում է` դառնալով ընդհանուր թվի կեսից ավելին, ԲԴԽ-ին որոշում կայացնելու համար բավարար է լինելու նիստի մասնակիցների ձայների մեծամասնությունը:

Հանձնաժողովի նախագահ, նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանի խոսքով`առաջարկվող կարգավորումները ներկայացված են` հաշվի առնելով դատավարական օրենսգրքի կանոնակարգումները:

«Բոլոր դեպքերում նիստի իրավազորությունը պայմանավորված է անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնության մասնակցության հարցով: Վենետիկի հանձնաժողովն իր զեկույցով քննադատության է ներկայացրել գործող օրենքի կարգավորումների վերաբերյալ` ասելով, որ նախատեսված շեմը բավական բարձր է»,- ասաց Վարդանյանը:

Փոփոխություններով առաջարկվում է ամրագրել, որ դատավորին կարգապահական վարույթի ենթարկելու, լիազորությունների դադարեցման կամ քրեական հետապնդման ենթարկելու ԲԴԽ որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ, նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը քննադատական խոսքեր հնչեցրեց նախագծի վերաբերյալ.

«Փաստորեն նվազեցնում ենք քվորումի շեմը և դարձնում վեց դատավոր, որքանո՞վ է սա նպաստելու ճիշտ որոշումներ կայացնելուն: Բաց քվեարկությունը, ենթադրում եմ՝ որոշակի քաղաքական զսպվածություն է թելադրելու մեր անկախ դատավորներին»,- ասաց նա:

Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց` չկա սահմանափակում, որ բոլորը մասնակցեն նիստին, սակայն վերջին նախադեպերն այն մասին են, որ օրինակ ինքնաբացարկների պատճառով հնարավոր չի լինում քվորում ապահովել:

«Սա հանգեցնում է իրավիճակի, որ նիստի իրավազորությունը կասկածի տակ է առնվում, վեց անդամը ենթադրում է և՛ դատավորի, և՛ գիտնական անդամների մասնակցություն: Խորհրդակցական սենյակում քվերարկությունը դիտարկվում է գաղտնի քվերարկություն հանրության համար, բայց գործնականում բաց քվեարկություն է տեղի ունենում, սա նորամուծություն չէ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Աղվան Վարդանյանը հակադարձեց` այս փոփոխություններով ԲԴԽ չորս անդամ իրավունք են ստանում դատավորի լիազորությունները դադարեցնելու, քրեական հետապնդման ենթարկելու և այլ որոշումներ կայացնելու: Ըստ նրա` «կասկածելի լեգիտիմությամբ ԲԴԽ նախագահ աշխատող» Գագիկ Զհանգիրյանի պարագայում այն կարող է սարսափելի մահակ լինել դատական համակարգի վրա:

«Լուր եղավ, որ Վերաքննիչ դատարանը կալանավորել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին այն բանից հետո, երբ ԲԴԽ խորհուրդը Սյունիքի առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունների դադարեցման և կալանքի որոշում ընդունեց: Մենք նմանատիպ այլ դեպքեր կունենանք այս նախագծով, նման հարցերը նպատակ չունեն բարելավել դատական համակարգը»,- իր համոզմունքը հայտնեց ընդդիմադիր պատգամավորը:

Նախագծի վերաբերյալ դրական կարծիք հայտնեց Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը: Վերջինս առաջարկեց փոփոխություններն ամրագրել այսպես` անդամների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով, այսինքն՝ չիջեցնել շեմը:

ԵՎ այսպես` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունների դադարեցման, քրեական հետապնդման ենթարկելու և նման որոշումները ԲԴԽ-ն կարող է կայացնել, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը` 5 անդամ: Նախագիծն այս տեսքով արժանացավ հանձնաժողովի հավանությանը` ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter