
Նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելու նախագիծն ԱԺ օրակարգ չներառվեց
Խորհրդարանի հերթական նիստում քննարկվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու Աղվան Վարդանյանի հեղինակած նախագիծը: «Հայաստան» խմբացկության պատգամավորն առաջարկում է նվազագույն ամսական աշխատվարձը դարձնել 100 հազար դրամ: Նշենք, որ նախագիծը չի ստացել գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
«Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացել է 2019 թվականին՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ»,-ասաց Վարդանյանը` հիշեցնելով, որ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքն այսօր 73400 դրամ է, գնաճ է:
Պատգամավորը գործընկերներին հորդորեց «քաղաքացիներին դեմ չքվեարկել»:
Նախագիծը դրվեց քվեարկության` օրակարգ ներառվելու համար և ստացավ 31 կողմ, 61 դեմ ձայն: Հետևաբար այն չներառվեց օրակարգ:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց` պատգամավորի ներկայացրած նախագիծը թերի է, այն նման տեսքով ընդունելու պարագայում պատգամավորների և այլ պաշտոնյաների աշխատավարձը շատ ավելի է բարձրանալու, քան նվազագույն աշխատավարձը:
Նա հիշեցրեց, երբ 2019-ին իրենք նվազագույն աշխատավարձը 58 հազարից 63 հազար էին ցանկանում բարձրացնել, կառավարությունն էլ իր հերթին առաջարկեց 68 հազար թիվը, և նախագիծն այդ տեսքով ընդունվեց: Թունյանը ընդդդիմադիր պատգամավորի նախաձեռնությունը բարի ցանկությունների շարքում դասեց, սակայն հավելեց` պետք է իրողությունները ճիշտ գնահատել: Նա առաջարկեց ընթերցել նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հոդվածը, որտեղ նա քննադատում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դարձնելու որոշումը` մատնանշելով այդ որոշման ռիսկերը: Թունյանը վերահաստատեց` կառավարության հնգամյա ծրագրում խոստում կա առ այն, որ մինչև 2026 թվականը նվազագույն ամսական ախատավարձը դառնալու է 85 հազար դրամ` նշելով, որ դա իրականացվելու է տնտեսական հնարավորություններին զուգահեռ:
Մեկնաբանել