HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքուն և Անկարան քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեքշաբթի օրը՝ փետրվարի 8-ին, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Մուհսին Դերեի հետ քննարկել է երկու երկրի միջև ռազմական համագործակցության ընդլայնման հարցերը։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում ռազմատեխնիկական ոլորտում համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, դիտարկվել է «Տեխնոֆեստ-2022» փառատոնին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն միջոցների և զինծառայողների մասնակցության հարցը։ Ավիացիայի և տիեզերական տեխնոլոգիաների այս փառատոնը, որն ամեն տարի անց է կացվում Թուրքիայում, այս տարի կկազմակերպվի մայիսի 26-29-ը, Բաքվում։

Ավելի վաղ նաև հայտնի էր դարձել, որ թուրքական ավիաշինական Baykar ընկերությունը մտադիր է անօդաչուների արտադրություն հիմնել Ադրբեջանում։ Նման հայտարարություն էր արել Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսան՝ Սելջուք Բայրաքթարը։

«Ադրբեջանի համապատասխան կառույցները հետաքրքված են Akinci անօդաչուներով։ Մենք՝ Baykar ընկերությունը, ցանկանում ենք աշխատանքի անցնել՝ Ադրբեջանում այդ տեխնոլոգիայի զարգացման համար։ Մենք հանդես ենք գալիս ոչ միայն այդ նախաձեռնության զարգացման օգտին, այլև Ադրբեջանում դրանց արտադրության»,- նշել էր Բայրաքթարը։

Վերջին տարիներին Թուրքիան զբաղվում է անօդաչուների արտադրությամբ, որոնք կիրառվում են ոչ միայն սեփական զինված ուժերում, այլև արտահանվում են։ Ներկայում արդեն վեց երկիր Bayraktar TB2 տեսակի անօդաչուներ կիրառող է, որոնց թվում են Ադրբեջանը, Քաթարը, Լիբիան, Մարոկկոն, Լեհաստանը և Ուկրաինան։ Այս տեսակի անօդաչուները Ադրբեջանը մեծապես կիրառել է Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ Թուրքիան՝ Սիրիայում և Լիբիայում։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter