
Ազգային ժողովը քննարկեց դրոշի գործածման տարածքներն ընդլայնող նախագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները:
«Կարծում եմ՝ պատգամավորներից բոլորն ականատես եղած կլինեն, թե տարբեր երկրներում ինչպիսի տարածվածություն ունի պետության հիմնական խորհրդանիշը՝ դրոշը, նույն մեր հարևանների մոտ՝ Թուրքիայում, Վրաստանում, նաև Հունաստանում: Մեր իրականության մեջ, ցավոք, պատկերը բոլորովին այլ է: Ես ամեն օր Դավթաշենից գալիս եմ Ազգային ժողով՝ ուշադիր նայելով, օրինակ՝ այսօր ես այդ ամբողջ ճանապարհին ՀՀ որևէ դրոշ չեմ տեսել»,- ասաց Վարդանյանը:
Նախագծով առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային, մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության և համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականութուն: Ինչպես նաև կանոնակարգել Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը, իսկ սգո օրերին դրոշն իջեցվում է:
Առաջարկվում է այս կանոնները խախտելու դեպքում վարչական տուգանք սահմանել:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանն ասաց, թե կառավարության դիրքորոշումը դրական է նախագծի վերաբերյալ, քանի որ կարիք կա պետական խորհրդանիշների հանդեպ հանրային վերաբերմունքի փոփոխման:
«Խոսվեց, որ այսօր տարբեր կարևոր կառույցների վրա չի եղել ՀՀ պետական դրոշը, բայց ավելի վատ դեպքեր ունենք, երբ դրոշը կա, բայց ավելի լավ է չլիներ, մենք շատ հաճախ ստիպված ենք լինում ահազանգել տարբեր կազմակերպությունների ղեկավարներին ու պահանջել, որ դրոշը փոխվի, դրոշաձողը բարեկարգվի»,-ասաց Խզմալյանը:
Փոխնախարարը մի քանի դիտարկումներ ներկայացրեց նախագծի վերաբերյալ` հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքի արդյունքում դրանք կշտկվեն:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ հիշեցրեց, որ Շուշիից շուրջ 170 գորգերի օրինակներ հնարավոր է եղել փրկել պատերազմի օրերին, ապա հավելեց, որ գորգերը ժամանակավորապես պահպանվում էին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, սակայն ինստիտուտից զգուշացրել են, որ գորգերը պետք է տեղափոխել:
Պատգամավորը փոխնախարարից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գործընթացը, գորգերի համար կտրամադրվի՞ հատուկ տարածք, թե՞ ոչ:
Արայիկ Խզմալյանն արձագանքեց` հավաքածուի սեփականատիրոջ հետ մի քանի հանդիպում է ունեցել, պատկերը հետևյալն է՝ կա քաղաքականություն մեկտեղելու արժեքները, յուրաքանչյուր արժեքի համար նոր կառույց չհաստատելու:
«Հասկանալով այս գորգերի ցուցադրման անհրաժեշտությունը, քաղաքական նշանակությունը՝ մենք առաջարկել ենք գործող ու առաջատար լավագույն թանգարաններում կազմակերպել գորգերի ցուցադրությունը: Կարծում եմ սրանից ավելի լավ բան՝ տրամադրել յուրաքանչյուր լավ հարթակ ցուցադրելու այս ամենը, դժվար է այսօր առաջարկել: Հակառակ դեպքում, մենք պետք է գնանք նոր թանգարան կառուցելու ճանապարհով, գուցե քննարկելի է, չգիտեմ»,- ասաց նա:
Հարցի վերաբերյալ խոսեց նաև կրթության հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը` ասելով, որ թեմայի առնչությամբ կապի մեջ է Արցախի Հանրապետության գործընկերների հետ: Գաբրիելյանը Էլինար Վարդանյանին առաջարկեց հաջորդ երկուշաբթի այս, ինչպես նաև Արցախի մշակութային մյուս ժառանգությունների հետ կապված այլ հարցերով գործողությունները հստակեցնեն, որ դիմեն միջազգային գործընկերներին:
Մեկնաբանել