
2021թ. Լոռիում ապօրինի անտառահատումները նվազել են. Դատախազություն
2021 թ-ին ապօրինի ծառահատման հատկանիշներով Լոռու մարզում իրավասու մարմինների կողմից հարուցվել է 130 քրեական գործ, իսկ 29 քրեական գործ՝ 31 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ինչը մոտ 10 %-ով ավելի է 2020թ. համեմատ:
Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ ապօրինի ծառահատումների դեմ Լոռու մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների կողմից տարվող պայքարը 2021թ.-ին ապահովել է դրական արդյունք։
Դատարան ուղարկված գործերով 14 անձ դատապարտվել է ազատազրկման, որոնցից 10-ի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ նշանակվելով փորձաշրջան, 16-ը ենթարկվել է տուգանքի, իսկ 1 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու՝ ոչ արդարացնող հիմքով:
Եթե 2020թ. արձանագրվել է ապօրինի հատված 3939 ծառ, ապա 2021թ.՝ 2187 ծառ, կամ 44%-ով պակաս։ Եթե ապօրինի ծառահատմամբ պետությանը պատճառված վնասը 2020թ. կազմել է ընդհանուր 457 մլն 85 634 դրամ, որից հաջողվել էր վերականգնել 1 մլն 949 670 դրամը կամ 0.4%-ը, ապա 2021թ. պատճառված վնասը կազմել է 193 մլն 74 160 դրամ (2020թ. համեմատ շուրջ 2.4 անգամ պակաս), որից վերականգնվել է 29 մլն 745 000 դրամը կամ 15.4%-ը։ Պատճառված վնասները վերականգնելու համար Լոռու մարզի դատախազությունը բոլոր դեպքերում, բավարար հիմքերի առկայությամբ, ձեռնարկում է մեղադրյալներից բռնագանձման պատշաճ իրավական գործընթաց։
Ըստ դատախազության հաղորդագրության՝ հետևողական աշխատանք է իրականացվել նաև անտառահատման յուրաքանչյուր դեպքում պաշտոնեական հանցագործության առկայությունն ստուգելու, անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործողություններին համարժեք քրեաիրավական կամ կարգապահական գնահատական տալու առումով։
Մասնավորապես, 2021թ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութությունը) տարբեր մասերով հարուցվել է 54 քրեական գործ: 22 քրեական գործ՝ 34 պաշտոնատար անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան: Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված պաշտոնատար անձանց պատկանող գույքերի վրա դրվել են կալանքներ։ Համեմատության համար նշենք, որ, 2020թ. նշված հանցակազմով հարուցվել է 7 քրեական գործ, դատարան է ուղարկվել 1 քրեական գործ 1 անձի վերաբերյալ:
Բացի այդ, 2021թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին, ՊՈԱԿ տարբեր մասնաճյուղերի տնօրեններին մարզի դատախազությունից հասցեագրվել է 50 միջնորդագիր՝ պատասխանատու աշխատակիցների աշխատանքում տեղ գտած թերությունների, դրանց պատճառների վերցման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։
Առանձին միջնորդագրերի քննարկման արդյունքում աշխատանքից ազատվել են անտառտնտեսության մասնաճյուղի պահպանության գծով փոխտնօրեն, տարբեր մասնաճյուղերի անտառպետությունների 4 անտառապետ, տարբեր պահաբաժինների 7 անտառապահ: Տարբեր կարգապահական տույժերի են ենթարկվել 20 անտառապահ և 9 անտառապետ: Բազմաթիվ միջնորդագրեր դեռևս քննարկման փուլում են։
2021թ. արդյունքներից ելնելով՝ Լոռու մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել ոստիկանապետի առաջին տեղակալին: Մարզի դատախազը մտահոգություն է հայտնել շարունակվող ապօրինի անտառահատումների կապակցությամբ: Ինչպես հայտնում են դատախազությունից, ուշադրություն է դարձվել հատկապես այն հանգամանքի վրա, որ միայն վարույթը կասեցված՝ չբացահայտված քրեական գործերով արձանագրվել է 1263 ապօրինի ծառահատման դեպք, որոնցով պատճառված վնասը կազմել է 92.5 մլն դրամ:
Առաջարկվել է ամենօրյա հսկողություն սահմանել մարզի անտառամերձ հատվածներին հարակից ճանապարհներին, անտառամերձ բնակավայրերում բնակվող այն անձանց նկատմամբ, ովքեր ունեն ամենագնաց, բենզասղոցներ, ինչպես նաև՝ պարբերաբար ստուգել նշված բնակավայրերում և հարակից տարածքներում գործող փայտամշակման արտադրամասերը, փայտագործությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերի արհեստանոցները: Խնդիր է դրվել նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ կասեցված վարույթներով չբացահայտված ապօրինի ծառահատումները կատարողներին, դրա հետ կապված պաշտոնատար անձանց ներգրավմամբ հնարավոր կոռուպցիոն գործարքները բացահայտելու ուղղությամբ։
Մեկնաբանել