HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու նրա տեղակալը

Ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն դրամի վնաս պատճառել Երևան համայնքին: 

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը, նախնական համաձայնության գալով իր տեղակալի` Կարեն Թորոսյանի հետ, վերջինիս ցուցում է տվել հավաքագրել վստահելի անձանց և նրանց հետ ձեռք բերել որոշակի պայմանավորվածություն` դրամական փոխհատուցման դիմաց համայնքային հիմնարկում աշխատանքի ընդունվելու, սակայն փաստացի աշխատանքի չհաճախելու վերաբերյալ: Ըստ այդմ` Կարեն Թորոսյանն իր մի շարք մտերիմներին և ազգականներին հանձնարարել է աշխատանքի ընդունվելու վերաբերյալ դիմումներ ներկայացնել հիմնարկ, որից հետո վերջիններս Ա. Գրիգորյանի կազմած կեղծ հրամաններով 2019թ. ընթացքում ձևակերպվել են համապատասխան հաստիքների` 300 000-ական դրամ աշխատավարձով: Հիշյալ անձինք, սակայն, փաստացի չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել հաստիքից բխող պարտականությունները: Ավելին` 2019-2020թթ. ընթացքում, չնայած աշխատանքի չհաճախելու հանգամանքին, նրանք տնօրենի հրամաններով խրախուսվել են հիմնարկի մյուս աշխատակիցների համեմատ առնվազն կրկնակի բարձր դրամական պարգևատրումներով:

Արդյունքում, վերը նշված անձանց անվամբ 2019թ. նոյեմբերից 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում հաշվարկվել և համայնքային բյուջեից ելքագրվել է ընդհանուր 17 մլն 603 137 դրամ: Այդ կերպ հիմնարկի տնօրենը նշված անձանց և Կ. Թորոսյանի օժանդակությամբ վատնման եղանակով և պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով հափշտակել է Երևան համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:

Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, Ա. Գրիգորյանը, անտեսելով օրենսդրական պահանջներն ու արգելքները, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք, վերապահված լինելով Երևան քաղաքի ավագանու իրավասությանը, ակնհայտորեն նրա լիազորությունների շրջանակից դուրս են եղել: Մասնավորապես, Ա. Գրիգորյանը 2020թ. հոկտեմբերին հիմնարկի ավտոպարկի պատասխանատուին հանձնարարել է շուրջ 110 տրանսպորտային միջոցների փոխարինված, սակայն օգտագործման համար դեռևս պիտանի անվադողերը՝ յուրաքանչյուրը միջինը 10 000 դրամով վաճառելու նպատակով փնտրել գնորդներ: Նշված աշխատակիցը տնօրենի հանձնարարությունը կատարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել անվադողերի վաճառքով զբաղվող մի շարք անձանց հետ և 2020թ. հոկտեմբերից 2021թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում վերջիններիս վաճառել 100-ից ավելի անվադողեր, որոնց դիմաց ստացված ավելի քան 1 մլն դրամը հիշյալ ժամանակահատվածում մաս-մաս փոխանցել է Ա. Գրիգորյանին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 2022 թ-ի փետրվարի 9–ին Արմեն Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Թորոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նույն օրը Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից կայացված որոշման հիման վրա` Ա. Գրիգորյանն ու Կ. Թորոսյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter