HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը ներկայացրեց զորքերի հայելային հետքաշման գաղափարի մանրամասները

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման համար հայկական կողմի առաջարկին` զորքերի հայելային տարբերակով հետքաշմանը:

«Կխնդրեի մանրամասնել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ գաղափարը և ինչ զարգացումներ կան այդ ուղղությամբ»,- հարցրեց Ալեքսանյանը` դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Փաշինյանը հիշեցրեց 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությունը, որտեղ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ և աշխատանքներ տանել դելիմիտացիայի և դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորման համար:

«Մեր պատկերացումը հետևյալն է, որ զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն, հայ-ադրբեջանական սահմանի սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայության ծառայողների: Եւ պետք է տեղի ունենա միջազգային մոնիթորինգ` ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հարց հնչեցրեց, թե արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման, ապա հավելեց` Հայաստանի պատասխանը միանշանակ դրական է: Ըստ նրա` այդ սահմանը գոյություն է ունեցել դեռևս խորհրդային ժամանակներում, որը դելիմիտացիայի է ենթարկվել:

«Իսկ 1991 թվականի ԱՊՀ համաձայնագրով, որը վավերացվել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից, այդ սահմանները ճանաչվել են, հետևաբար մենք կարծում ենք, որ պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ, բայց պատրաստ ենք լսել այլ առաջարկներ ևս»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով` կա սահմանային գիծ, և ըստ հայկական կողմի` այդ սահմանային գծով պետք է հետքաշում լինի` ընդ որում արձանագրելով, որ դա չի կանխորոշում դեմարկացիայի արդյունքները: Փաշինյանի համոզմամբ` դեմարկացիան պետք է լինի համապատասխան բանակցությունների առարկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter