HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անթալիա մեկնելու որոշումը կախված կլինի Ռուբինյան-Քըլըչ հանդիպման արդյունքներից

Անթալիայի դիվանագիտական ֆորումին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարց չի քննարկվում: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին: Միրզոյանն ասաց` նկատել է, որ ֆեյսբուքի հայկական տիրույթում մի քանի օր ակտիվորեն այդ հարցը քննարկվել է:

«Ուզում եմ մեկ անգամ ևս հավաստել, որ ՀՀ վարչապետի` Անթալիայի միջոցառման մասնակցության հարցը չի քննարկվել և չի քննարկվում: Թերևս կարող եմ ենթադրություն անել, որ որոշակի նրբերանգային սխալ թարգմանության հետևանքով է սա»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով` թարգմանության այն հատվածը, որում նշվել է, թե նա կմասնակցի, նա-ն կարող է երկրին վերաբերվել:

Միրզոյանը հայտնեց` հրավեր ուղարկվել է իր և Ռուբեն Ռուբինյանի անունով: Ինչ վերաբերում է իր և Ռուբինյանի հնարավոր մասնակցության հարցին, Արարատ Միրզոյանն ասաց.

«Որոշում իսկապես չկա: Որոշումը մեծապես կախված կլինի նաև փետրվարի 24-ին կայանալիք Վիեննայի հանդիպման արդյունքներից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այդ օրը սպասվում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Միրզոյանը, խոսելով հանդիպման մասին, ասաց, որ առաջին հանդիպումը ճանաչողական բնույթ ուներ:

«Հույս ունեմ, որ այս անգամ արդեն առարկայական քննարկումներ կսկսվեն երկու հատուկ ներկայացուցիչների միջև, քննարկումներ՝ ուղղված Հայաստան-Թուրքիայի սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում»,- ասաց Միրզոյանը:

Ըստ նախարարի` պաշտոնական Անկարայից եկող ազդակները, ուղերձները, աառավելապես դրական կոնտեքստում են, և հետևաբար հայկական կողմի ակնկալիքներն էլ այդպիսին են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter