HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արցախյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով է ստեղծվել՝ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։

Այս մասին հայտարարություն է ստորագրել ԱԺ նախագահի լիազորությունները կատարող, ՔՊ խմբակցության անդամ Հակոբ Արշակյանը։ 

Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը: Հանձնաժողովն ունի 11 անդամ՝ 7-ը իշխանական խմբակցությունից, 4-ը՝ ընդդիմությունից:

Հանձնաժողովի ձևավորման մասին դեռևս նախորդ տարվա ամռանը՝ հուլիսի 26-ին էր հայտնի դարձել՝ ՔՊ գրասենյակում տեղի ունեցած հանդիպումից հետո: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ քննարկել են նաև այն հարցը, որ արտախորհրդարանական ուժերը ևս մասնակցություն ունենան հանձնաժողովի աշխատանքներին:

Մեզ հետ զրույցում հանձաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ կքննարկեն, թե ինչ իրավական ճանապարհով կարող են ներգրավել արտախորհրդարանական ուժերին, ապա հստակեցրեց՝ բուն հանձնաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել միայն հանձնաժողովի անդամ հանդիսացող պատգամավորները, որոնք պետական գաղտնիք համարվող տեղեկություններին տիրապետելու թույլտվություն ունեն:

Հանձնաժողովի նիստերն անցնելու են դռնփակ, հրավիրվելու են նախկին ու ներկա բարձրաստիճան զինվորականներ թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից, նաեւ՝ այլ պաշտոնյաներ: Նշենք որ որպես այդպիսին նիստերին մասնակցելու իրավական պարտադրանք չկա, հրավիրյալների ցանկությանն է թողնված՝ կմասնակցե՞ն նիստերին, թե ոչ:

Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչները դեռևս չեն ասում՝ մասնակցելու են հանձնաժողովի աշխատանքներին, թե ոչ:

Ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի, այնպես էլ Ապրիլյան քառօրյա պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովը ձևավորվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի անուղղակի հանձնարարականով, այն ստեղծվել էր 2019 թվականի մայիսի 31-ին, սակայն զեկույցը դռնփակ նիստում հրապարակվել էր երկրորդ պատերազմից հետո՝ նախորդ տարվա մայիսին: Չնայած հանձնաժողովն ընդունել ու լսել էր տասնյակից ավելի նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն ուշագրավ բացահայտումներ այդ հանձնաժողովը, կարծես թե, չարեց: Ամեն դեպքում, իշխանական ֆրակցիան այդ մասին չբարձրաձայնեց:

Ապրիլյան պատերազմից հետո հանրության շրջանում ամենաշատ քննարկված հարցը՝ ինչպես է աշխատել հետախուզությունը, արդյոք տվյալներ եղել են սպասվող հարձակման վերաբերյալ, թե ոչ, այդպես էլ պատասխան չստացավ: Ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Կարապետյանը նշանակվել էր Նիկոլ Փաշինյանի խորհրդական։ Նա երկու անգամ հրավիրվել էր քննիչ հանձնաժողովի նիստերին: Հանդիպումից հետո լրագրողների հարցին ի պատասխան Կարապետյանը հայտարարել էր, թե գաղտնիության խնդիր կա, որովհետև Ադրբեջանի համար կարևոր է իմանալ` հետախուզությունն իմացե՞լ է, թե ոչ։

«Երկու պատասխանն էլ շատ կարևոր է, եթե իմացել ենք, դա էլ է կարևոր, չենք իմացել, դա էլ է կարևոր, մենք չենք կարող դա իրենց ասել»,- ասել էր նա: Նշենք, սակայն, որ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր՝ բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման:

Միակ պաշտոնյան, որ այդպես էլ չէր ընդունել հանձնաժողովի հրավերը, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter