HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Բոլոր մանկապատանեկան մարզադպրոցները կառաջնորդվեն կառավարության կողմից սահմանված չափորոշիչներով

Կառավարությունն առաջարկում է ՀՀ-ում գործող բոլոր մանկապատանեկան մարզադպրոցների համար սահմանել ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները։

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի № 1428-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին։

Նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Նշեց, որ գործող 175 մանկապատանեկան մարզադպրոցներից միայն 33-ն են ՊՈԱԿ, մնացածը ՀՈԱԿ-ներ են, իսկ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի № 1428-Ն որոշումը ազդում է միայն ՊՈԱԿ-ների վրա։ Չափորոշիչներով սահմանվում է մարզադպրոց ընդունվողների նվազագույն տարիքը, մարզական կառույցների չափերը, մարզադպրոցների մաքրման և սանիտարահիգիենիկ աշխատանքների կարգը։

«Չափորոշիչներով առաջնորդվելն ապահովում է մարզիկների անվտանգությունը, ուսումնամարզական պարապմունքների արդյունավետությունը և սանիտարահիգիենիկ հսկողությունը։ Առաջարկվում է, որ բոլոր ՊՈԱԿ-ներն ու ՀՈԱԿ-ներն առաջնորդվեն միևնույն չափորոշիչներով»,- նշեց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի քննարկման ժամանակ հայտնեց, որ հարցը կարևոր է և կապ ունի ինստիտուցիոնալ կառավարման հետ․ «Կապ չունի՝ էդ կրթօջախներն ում ենթակայության տակ են, որովհետև այդ կրթօջախները պետք է գործեն պետական ստանդարտի համաձայն։ Չենք կարող ունենալ այնպիսի կրթօջախներ, որոնք պետական ստանդարտով չգործեն»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ նախագիծը հնարավորություն կտա համակարգել մարզադպրոցների աշխատանքը։

Ըստ նրա՝ սա հնարավորություն կտա, որ պատանիներն ավելի շատ զբաղվեն սպորտով, իսկ պետական քաղաքականություն վարելու ավելի հասանելի և արագ գործիքներ ու ստանդարտներ կլինեն, որոնք կօգնեն վերահսկել կատարվող աշխատանքները։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ անհրաժեշտ է, որպեսզի այս որոշումն ընդունելուց հետո համայնքները և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ակտիվորեն աշխատեն համայնքների հետ սուբենցիոն ծրագրերում մարզադպրոցները ներգրավելու համար։

Չափորոշիչների ներդրման վերջնաժամկետ է նշանակված 2024թ․-ի սեպտեմբերի 1-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter