HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քառյակ մեդիա»-ն դադարեցնում է գործունեությունը

«Քառյակ մեդիա»-ն, որը ներառում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, Tert.am կայքը եւ «Արմնյուզ FM» ռադիոն, դադարեցնում է գործունեությունը։ Այդպիսի որոշում են կայացրել նրա չորս հիմնադիրները՝ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը։

«Քառյակ մեդիա» ընկերությունը հիմնադրվել էր 2019 թվականին եւ ձեռք էր բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք այդ ժամանակ հանդես էին գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո:

Գործունեության դադարեցման մասին հայտարարությունը տարածել է Սամվել Ֆարմանյանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Երկար ժամանակ մենք կանգնած էինք ծանր որոշման առաջ՝ ինչպես շարունակել մեր գործունեությունը։ Այս ընթացքում ստացել ենք գործակցության բազմաթիվ քաղաքական առաջարկներ ու մերժել, քանի որ դրանք տարբերվել են մեր սկզբունքներից։

Մենք քննարկել ենք նաև վաճառքի մի քանի առաջարկներ, բայց չի հաջողվել գտնել այնպիսիք, որոնք թույլ կտային պահպանել որդեգրած քաղաքականությունն ու հավատարիմ մնալ անցած ճանապարհին: Այդ պատճառով կայացրել ենք մեզ համար ցավալի, բայցև ամենաբնական որոշումը. «Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը։

Վերջին 3.5 տարիներին թիմն արել է ուժերի ներածին չափով առավելագույնը՝ կանխատեսելով, պատմելով, բացատրելով, բացահայտելով և զգուշացնելով առկա և սպասվելիք իրողությունների մասին. վեր են հանվել խնդիրներն ու ներկայացվել փաստերը՝ քաղաքական, հասարակական և պատերազմական գործընթացների ամենաթեժ կետերից: Թե որքան պրոֆեսիոնալ, նվիրումով և անձնուրաց ենք աշխատել, թողնում ենք հանրության դատին:

Հայաստանում իրականությունը և սկզբունքներն այլևս, ցավոք, երկրորդական են դարձել. առաջնային են երևույթներ, որոնք աղերս չունեն մեր հավատամքի և էության հետ։ Իսկ մեդիան, որպես փաստերի հայթայթման և լուսաբանման հարթակ, իրեն էապես սպառել է, որովհետև այլևս չկան չպարզաբանված փաստեր ու էական հանգամանքներ. բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն:

Համընդհանուր չեզոքությունը, հանրային ապատիան, քաղաքական դերակատարների անհիմն պասիվությունը, քաղաքական պայքարի ինքնանպատակ լինելը մեզ չեն թողնում այլ ընտրություն։

Մենք չենք հեռանում, բայց առկա և առաջարկվող օրակարգերը մերը չեն. առնվազն այս ձևաչափով ու գործիքակազմով աշխատելը ճիշտ չէ առաջին հերթին ինքներս մեզ համար, ուստի, մեր որոշումը թեև չափազանց ցավոտ, բայց ազնիվ է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter