HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի անշարժ գույքի շուկայում օտարերկրացիներից ամենաակտիվը ՌԴ քաղաքացիներն են

Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի անշարժ գույքի շուկայում էապես ակտիվ չեն։ 2021 թվականի տվյալներով հանրապետությունում գրանցված անշարժ գույքի առուվաճառքի միայն 8.2%-ի դեպքում են օտարերկրյա քաղաքացիները գործարքի կողմ հանդիսացել։ Ընդհանուր առմամբ, օտարեկրացիները Հայաստանում ավելի շատ վաճառել են անշարժ գույք, քան գնել:

Ինչպես վկայում են Կադաստրի կոմիտեի տվյալները,  2021 թվականին Հայաստանի անշարժ գույքի շուկայում 4621 առուվաճառքի գործարքների կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիներ: Դա կազմել է հանրապետությունում գրանցված առուվաճառքի ընդհանուր գործարքների 8.2%-ը: 

Առուվաճառքի գործարքներից  1466-ի դեպքում օտարերկրյա քաղաքացիները  հանդիսացել են միայն գնորդ, 3034-ի դեպքում՝ միայն վաճառով, իսկ 121-ի դեպքում երկու կողմն էլ հանդիսացել են օտարերկրյա քաղաքացիներ:

Այդպիսով, օտարերկրյա քաղաքացիների կողմից 2021 թվականին Հայաստանում առուվաճառքի  իրականացված գործարքների 65.7%-ի պարագայում նրանք միայն վաճառողի դերում են եղել: 

2021 թվականի երկրորդ կեսից Հայաստանի անշարժ գույքի շուկան նկատելիորեն ակտիվացել է։ Տարվա ընթացքում շուկայում գործարքների, այդ թվում՝ առուվաճառքի ռեկորդային քանակ է գրանցվել վերջին առնվազն տասը տարիների կտրվածքով:

Շուկայի գործակալները այս աշխուժությունը պայմանավորում են  ինչպես եկամտային հարկի վերադարձի ծրագրի սահմանափակումներով, որի հետևանքով քաղաքացիները շտապում են օգտվել ծրագրից, այնպես էլ՝ 2020-ին հետաձգված գործարքներով ու այլ գործոններով: 

Հատկանշական է, որ 2021 թվականին օտարերկրացիների կողմից կատարվող գործարքները ևս ավելացել են, ընդ որում՝ վաճառքի գործարքներ ավելի են ակտիվացել, քան գնման։ 

Ընդհանուր առմամբ, 2021 թվականի արդյունքներով Հայաստանի անշարժ գույքի շուկայում օտարեկրացիների կողմից կատարվել է վաճառքի 3155  գործարք, որը 2020 թվականի համեմատ աճել է 37.1%-ով։

Նույն ընթացքում անշարժ գույքի գնման գործարքների թիվը ավելի համեստ տեմպերով է աճել՝ 21.1%-ով և կազմել է 1587։ 

Թե՛ գնումների, թե՛ վաճառքների պարագայում առավել մեծ մասնաբաժին են զբաղեցնում բազմաբնակարան շենքերի բնակարանները: 

Մասնավորապես, 2021 թվականին օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված գույքերի 45.6%-ը եղել են բնակարաններ, իսկ վաճառված գույքի 40.5%-ն է բաժին ընկել բնակարաններին:

Այս խոսքով՝ այս պահին օտարերկրյա քաղաքացիները ավելի քիչ են հետաքրքրված Հայաստանում գտնվող արտադրական ու հասարարական  շինություններով, հողերով, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության։ 

Օտարերկրյա քաղաքացիներին առավելապես հետաքրքրում է Երևանում գտնվող անշարժ գույքը:

2021 թվականին նրանց կողմից գնված անշարժ գույքի մոտ 58%-ն է գտնվել Երևանում և վաճառված գույքի՝ 29.9%-ը: 

Ամենաակտիվը Ռուսաստանի քաղաքացիներն են. երեք անգամ ավելի շատ վաճառել են, քան գնել

Հայաստանում օտարերկրացիների կողմից թե՛ վաճառքի, թե՛ ձեռքբերման գործարքներում ամենաակտիվը Ռուսաստանի քաղաքացիներն են։

 2021 թվականին օտարերկրյա քաղաքացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերման 1587 գործարքից 833-ը կամ 52%-ը բաժին է ընկել  Ռուսաստանի քաղաքացիներին։

Գաղտնիք չէ, որ խոսքը հիմնականում Ռուսաստանում ապրող հայերի մասին է։ 

Նրանց կողմից գնված անշարժ գույքի քանակը 2020 թվականի համեմատ աճել է 8.6%-ով։

Սակայն, միևնույն ժամանակ Ռուսաստանի քաղաքացիների կողմից վաճառված գույքի քանակը աճել է 34.6%-ով։ 

2021 թվականին նրանց կողմից Հայաստանի անշարժ գույքի շուկայում վաճառքի 2559 գործարք է կատարվել։ Դա կազմում է նշված թվականին Հայաստանում օտարերկրացիների կողմից անշարժ գույքի վաճառքի քանակի 81%-ը։ 

Ստացվում է, որ  2021 թվականին Ռուսաստանի քաղաքացիների կողմից  Հայաստանի անշարժ գույքի շուկայում վաճառքի գործարքները երեք անգամ ավելի շատ են եղել, քան ձեռքբերման։ 

 Բացի ռուսաստանցիներից, Հայաստանի անշարժ գույքի շուկայում մնացած երկրների քաղաքացիների գործարքները բավականին փոքր թիվ են կազմել։

Քիչ, թե շատ առանձնանում են միայն ԱՄՆ քաղաքացիները, որոնք 2021 թվականին Հայաստանում գնել են 245 անշարժ գույք (ընդհանուր գնման գործարքների 15%-ը) և վաճառել են 185 անշարժ գույք (վաճառքի գործարքների 6%-ը)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter