HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրության միջադեպի հարցով դեռևս գրավոր չի դիմել ռուսական իշխանություններին

Հայոց բանակի 30-ամյակի օրը՝ հունվարի 28-ին, ռուսական Regnum գործակալությունը գրել էր, որ Ռուսաստանի հայերի միություն, որի երիտասարդական կենտրոնում ցուցադրվում էր «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, ժամանել է Մոսկվայի ոստիկանությունը և դադարեցրել ֆիլմի ցուցադրությունը։ Պարբերականի տվյալներով՝ իբր ոստիկանները փորձել են կանխել «նացիզմի վերակենդանացման այդ դրսևորումը» և հեռացրել հավաքվածներին։ Լրատվամիջոցի պնդմամբ՝ նման բնորոշում նշված է եղել դատախազական եզրակացության մեջ, որն ընթերցել էին ոստիկանները։ Իրականությունը, սակայն, մի փոքր այլ էր։ 

Ֆիլմի ցուցադրության վերաբերյալ հայտարարությունը մեծ իրարանցում էր առաջացրել ադրբեջանցիների շրջանում։ Հատկապես, ֆիլմի ցուցադրության օրը ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները ձեռնամուխ էին եղել ֆիլմի ցուցադրության տապալմանն ու Գարեգին Նժդեհին՝ որպես ֆաշիստ ներկայացնելու հանգամանքին։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանների լիիրավ ներկայացուցիչ Արտյոմ Վարդանյանը պատմել էր, որ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձել է խոչընդոտել ֆիլմի ցուցադրմանը, սակայն տեսնելով, որ որևէ արդյունքի չի հասնում՝ կեղծ ահազանգով դիմել են ՌԴ ոստիկանություն՝ ասելով, թե իբր ՌԴ հայերի միության շենքում ռումբ է տեղադրված:

«Ֆիլմի բարեհաջող ցուցադրումն ավարտվելուն պես ՌԴ ոստիկանությունը շներով ու համապատասխան գործիքներով ներխուժեց միության շենք: Ներկայացան, որ անհայտ անձի կողմից ահազանգ են ստացել: Ներկաներին տարհանեցին արագ, ստուգեցին տարածքը, բնականաբար, ոչինչ չհայտնաբերեցին: Համոզվելով, որ ահազանգը կեղծ է եղել՝ կազմեցին արձանագրություն ու հեռացան»,- պատմել էր Վարդանյանը:

Ավելի ուշ, Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունն անցել է առանց էքսցեսների»։ «Մարկովի և նրա նմանների հնչեցրած մնացած բոլոր վարկածները նրանց խավիարային հովանավորների անկատար երազանքն են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՌՀՄ փոխնախագահ Լևոն Մուկանյանը։

Փետրվարի 29-ին միջադեպի առնչությամբ հայտարարություն էր տարածել նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը։ Վերջինիս պնդմամբ՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը կապի մեջ է «Ռուսաստանի հայերի միության» և Ռուսաստանում գործող հայկական մյուս կազմակերպությունների, ինչպես նաև, ՌԴ իշխանությունների հետ, հունվարի 28-ին Մոսկվայում «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրման շուրջ արհեստական կրքերի թեժացման փորձերի հետ կապված։ 

«Դեսպանությունը ուշադրությամբ հետևում է նաև լրատվամիջոցների հրապարակումներին և իր խորը մտահոգությունն է հայտնում որոշակի շրջանակների կողմից, որոնք շահագրգրված են հայ-ռուսական հարաբերությունների ստվերմամբ, Հայաստանի անկախության մարտիկ Գարեգին Նժդեհի հիշատակի պղծման փորձերի համար։

Անթույլատրելի ենք համարում այս թեմայի շահարկումը և կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և իրականությնը չհամապատասխանող ինֆորմացիա տարածելուց»,-ասված էր դեսպանության հայտարարության մեջ։

«Հետք»-ը հարցում էր ուղարկել Արտաքին գործերի նախարարություն՝ պարզելու, թե արդյոք միջադեպի հետ կապված հայկական կողմը բողոքի նոտա է ուղարկել ռուսական կողմին, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ։ «Հարցի առնչությամբ դեսպանությունը կապի մեջ է ՌԴ ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Գնահատելով ներկայիս իրավիճակը և շարունակելով աշխատանքները՝ դեսպանությունն այս պահի դրությամբ գրավոր կերպով ռուսական կողմին չի դիմել»,- նշվում է ՀՀ ԱԳՆ պատասխանի մեջ։

Միջադեպն էլ ավելի էր թեժացրել Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, որը ռուսական լրատվամիջոցներին հայտարարել էր, որ «եթե երբեմնի եղբայրական Ուկրաինայում մենք արձագանքում ենք Բանդերայի հերոսացմանը, ինչու՞ այս պարագայում պետք է լռենք»։ Նա պնդմամբ՝ «չնայած ֆիլմը ցուցադրվել է հայկական կենտրոնում, սակայն կներեք, այդուհանդերձ Մոսկվան դեռ Ռուսաստանի մայրաքաղաքն է, այլ ոչ՝ Հայաստանի»։ 

Այս առնչությամն ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ ռուսաստանցի պատգամավորի, ինչպես նաև մի շարք այլ գործիչների կողմից հանրային տիրույթում հնչեցված կարծիքը չի համապատասխանում հայ-ռուսական հարաբերությունների ոգուն: Արտաքին քաղաքական գերատեսչության պնդմամբ՝ «ՌԴ ԱԳՆ-ի և պատկան այլ մարմինների հետ պարբերական բնույթ կրող հանդիպումների և շփումների ժամանակ դեսպանությունը մշտապես ուշադրություն է հրավիրում ռուսաստանցի որոշ քաղաքական և հասարակական գործիչների հակասական, երբեմն՝ բացահայտ հակահայկական հայտարարություններին և մեկնաբանություններին, յուրաքանչյուրի շուրջ ներկայացնելով իր դիրքորոշումը»,- նշում է ԱԳՆ-ն՝ նշելով, որ ըստ անհրաժեշտության համապատասխան նամակներ ու հայտարարագրեր են հղվում։ 

Լուսանկարը՝ tomsarkgh.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter