Գլխավոր դատախազն ամփոփել է Գեղարքունիքի դատախազության 2021թ. գործունեությունը. տրվել են հանձնարարականներ
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Գավառում Գեղարքունիքի մարզպետի, իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների և մարզի դատախազության դատախազների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն:
Դատախազության հաղորդմամբ՝ օրակարգում եղել է 2021թ. ընթացում մարզում հանցավորության դեմ պայքարի, քրեական վարույթների, դատարանում մեղադրանքի պաշտպանության ինչպես նաև մարզի դատախազության այլ գործառույթների կատարման արդյունքների, ինչպես նաև առաջիկա անելիքների քննարկումը:
Մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը զեկուցել է նշված ուղղություններով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Արձանագրվել է, որ մարզի վարչական տարածքում 2021թ. հանցագործության դեպքերն աճել են 20,8%-ով: Աճը եղել է միջին ծանրության հանցագործությունների հաշվին՝ 28,7%-ով, մինչդեռ ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են համապատասխանաբար 5,2%-ով և 75%-ով:
Ավելացել են հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության, թմրամիջոցների իրացման և ապօրինի շրջանառության, գողության դեպքերը: 2021թ. մարզում սպանության և սպանության փորձի դեպքեր չեն գրանցվել:
Հանցագործությունների բացահայտման ընդհանուր ցուցանիշը 2020թ. համեմատ որոշակիորեն բարելավվել է՝ կազմելով 60,3%:
Անդրադառնալով հանցավորության դեմ պայքարին՝ Գլխավոր դատախազը շեշտել է կանխարգելիչ և պրոֆիկալտիկ աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Մարզի դատախազության դատախազներին նա հանձնարարել է ակտիվացնել հանցագործությունները ծնող պատճառների և պայմանների վերացմանը միտված դատախազական ներգործության միջոցների կիրառման, մասնավորապես պատկան կառույցներին, սուբյեկտներին միջնորդագրեր և հաղորդումներ ներկայացնելու նախաձեռնությունները:
Գլխավոր դատախազը հանձնարարել է նաև ուժեղացնել հսկողությունը քաղաքացիների կողմից հանցագործության մասին տրվող հաղորդումները սահմանված կարգով գրանցելու գործընթացի նկատմամբ և քաղաքացիների ընդունելության կազմակերպմամբ ստուգման առարկա դարձնել բոլոր այն դեպքերը, դրանց պատճառները, երբ վերջիններս հետագայում հրաժարվում են իրենց հաղորդումներից կամ դրանց կապակցությամբ բացատրություններ տալուց:
Անդրադարձ է կատարվել նաև քրեական վարույթներով քննությունների արդյունավետության բարձրացման խնդրին: Այս առումով ևս Արթուր Դավթյանն առանձնացրել է քննությունների բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբեյեկտիվությունն ապահովելուն ուղղված դատախազական ներգործության միջոցների կիրառման կարևորությունը: Արձանագրվել է, որ 2021թ. ընթացքում այդ նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից հետաքննության և նախաքննության մարմիններին տրվել է քննչական, դատավարական կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ 89 ցուցում, որը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 50%-ով:
Արթուր Դավթյանն ընդգծել է, որ բացի գրավոր ցուցումներ կամ հանձնարարություններ տալը, պետք է էապես ավելացնել հետաքննության և նախաքննության մարմինների կողմից դրանք կատարելու և առարկայական արդյունքներ ապահովելու նկատմամբ դատախազական հսկողությունը:
Մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանն այս առումով տեղեկացրել է, որ 2021թ. ընթացքում դատախազների կողմից վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումների 1.5%-ը կամ թվով 30-ը, այն դեպքում, երբ 2020թ. այդ ցուցանիշը կազմել է 0.6% կամ՝ թվով 11-ը: Բացի այդ, նախորդ տարվա համեմատ 2021թ. ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից վերացվել են վարույթը կարճելու մասին 80,1%-ով ավելի և վարույթը կասեցնելու մասին 84,9%-ով ավելի որոշումներ: Վերացման համար հիմք են հանդիսացել հետաքննության և նախաքննության մարմինների կողմից գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար ոչ բավարար միջոցների ձեռնարկումը:
Անդրադարձ է կատարվել նաև դատախազական մյուս գործառույթներով կատարված աշխատանքների որակական և քանակական ցուցանիշներին: Մասնավորապես, պետական շահերի պաշտպանության առումով 2021թ. ընթացքում մարզի դատախազնության կողմից կառավարման տարբեր ոլորտներում կատարվել է 19 ուսումնասիրություն: Հայտնաբերվել է 28 խախտում, որոնցով վնասը կամովին վերկանգնելու մասին նախազգուշացվել են տնտեսվարողներ, հարուցվել է 16 քրեական գործ: Գլխավոր դատախազը հանձնարարել է առաջնայնութան կարգով հետամուտ լինել պետական շահերի պաշտպանության ուսումնասիրություններով, հայցերի հարուցմամբ պետությանը պատճառված վնասների վերականգնմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել