HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Ֆրանսիա

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։ Այցը կտևի մինչ փետրվարի 19-ը, որի ընթացքում Գլխավոր հանձնակատարը տասնյակ հանդիպումներ կունենա Փարիզում, Լիոնում, Մարսելում և Նիցցայում։

Գլխավոր հանձնակատարի գրասենյակի փոխանցմամբ՝ փարիզյան օրակարգը մեկնարկել է Հայաստանի էսպլանադ այցելությամբ, որտեղ Գլխավոր հանձնակատարը և Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ծաղիկներ են խոնարհել Կոմիտաս վարդապետի արձանին։ Հայաստանի էսպլանադը գտնվում է Փարիզի սրտում՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքում։  Այն իր ընդարձակ տարածքի մեջ է ներառում նաև դեռևս 2004 թվականին բացված Կոմիտաս վարդապետի արձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։

Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդարան, շրջայց կատարել եկեղեցու տարածքում, հանդիպել թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Ֆրանսիայի Հայոց թեմական պատգամավորական ժողովի ներկայացուցիչների հետ։ Թեմական առաջնորդը նշել է, որ այժմ թեմն ունի 27 եկեղեցի։ «Եկեղեցին առաքելություն է, ոչ թե շենք»,-ընդգծել է հոգևոր առաջնորդը՝ Գլխավոր հանձնակատարին ներկայացնելով թեմի գործունեությունը, երիտասարդների հետ ակտիվ աշխատանքը, հայկական ամենամյա փառատոնի անցկացումը։

Ֆրանսիայում հայկական դպրոցները պահանջված են, սակայն ունեն նաև տարաբնույթ խնդիրներ։ Առնուվիլի «Հրանտ Դինք» վարժարան այցելության ընթացքում Գլխավոր հանձնակատարին ներկայացվել են արևելահայերենի և արևմտահայերենի դասավանդման, ինչպես նաև ուսուցիչների սակավության խնդիրները։ Դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ Գլխավոր հանձնակատարը հանդիպել է դպրոցի ուսուցչական անձակազմին, շրջայց կատարել և փոքրիկ զրույց ունեցել աշակերտների հետ։ Այժմ դպրոցն ունի շուրջ 85 աշակերտ։ Զարեհ Սինանյանը հեռավար զրույց է ունեցել նաև դպրոցի ուսմասվար Կարապետ Դաքեսյանի հետ։

Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային բարեկամության և եղբայրության համար՝ Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի մի շարք պաշտոնյաների հետ։

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դևինասի և խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, Ֆրանսիայի տարբեր բնագավառներում հայերի ակտիվ ներգրավվածությանը և բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների շարունակական խորացմանն առնչվող հարցեր։

Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Սենատի անդամներին հայանպաստ գործունեության համար՝ կարևորելով Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը։

Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլի հետ։ Բարձր գնահատելով քաղաքապետի հոգածությունը տեղի հայերի և սերը Հայաստանի ու Արցախի հանդեպ՝ Գլխավոր հանձնակատարը Պասկալ Դոլին սիրով հրավիրել է Հայաստան։ Առնուվիլը համագործակցության հուշագիր է կնքել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի հետ․ այսպիսի հուշագիր է առկա նաև Արցախի Շեխեր համայնքի հետ, որն այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո։

Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքի հետ կապերի զարգացմանն առնչվող հարցեր։ Հատկապես կարևորվել է «Դպրոցասեր» կրթական հաստատության գործունեությունը։ «Քաղաքն ամեն ինչ անում է «Դպրոցասեր»-ը ապրեցնելու համար, և որպեսզի դպրոցի սաները կարողանան քաղաքային ենթակառուցվածքներից ամբողջովին օգտվել»,- նշել է քաղաքապետը։

«Ես համոզված եմ, որ Ռենսիում ապրող հայերը Ֆրանսիայի լավ քաղաքացիներ են, և դա Ֆրանսիայի հայերին բնորոշ գիծ է։ Նրանք լավ ինտեգրված են, սակայն պահում են իրենց ազգային հատկանիշները։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գործունեության համար և հույս հայտնել, որ մեկ օր Հայաստան կայցելեք»,- ընդգծել է Գլխավոր հանձնակատարը։

Ֆրանսիա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատարը մասնակցել է «Հայկական շարժում» կազմակերպության տնտեսական ֆորումին, որտեղ ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը և Հայաստանի տնտեսական հնարավորությունները, պատասխանեց ներկա գործարարների հարցերին։

Ֆորումի ընթացքում բանախոսները ներկայացրել են Հայաստանում ներդրումներ կատարելու հիմնական ոլորտները, արտոնությունները, Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցությանն առնչվող այլ հարցեր։

Ֆորումի ավարտին որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գործարարների կողմից հայաստանյան շուկայի կարիքների գնահատման վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter