Հանձնաժողովի քարտուղարը տղամարդ վստահված անձանց. «Դուք ստեղ հարս եք, խելոք նստեք»
Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում գտնվող թիվ 21/21 ընտրատարածքում 1361 ընտրողից այս պահին ընտրությանը մասնակցել է մոտ 650-ը: Հանձնաժողովի քարտուղար, ՀՀԿ անդամ Աբգար Գրիգորյանը անխտիր բոլորին ուղղություն է ցույց տալիս, որոշ դեպքերում ուղեկցում մինչեւ քվեախցիկ:
Բացի դրանից՝ Աբգար Գրիգորյանը ստորագրված ցուցակներից արտագրում եւ դուրս է տանում այն մարդկանց տվյալները, որոնք դեռ ընտրության չեն եկել, ու դրանից րոպեներ անց երիտասարդների ուղեկցությամբ մարդիկ գալիս են տեղամասեր: Հանձնաժողովի քարտուղարը վստահված անձանց արգելում էր ազատ շարժվել տեղամասում:
Թիվ 21/21 ընտրատեղամասում առաջին հայացքից ամեն ինչ հանգիստ է, սակայն մարդիկ վախենում են գալ տեղամաս: Պատճառն այն է, որ ժամը 14-ի մոտակայքում միջին տարիքի մի տղամարդ, որին բոլորը գիտեին, որ ԲՀԿ-ի օգտին է քվեարկելու, ընտրությունը կատարելուց հետո դուրս է եկել տարածքից, սակայն տեղամասից քիչ հեռու ծեծվել է: Գյուղում բոլորն արդեն գիտեն այդ մասին եւ նախընտրում են տնից դուրս չգալ, մինչեւ իրենց հետեւից չգան:
Միջադեպից հետո տեղամաս ներխուժեց նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին՝ Արտակ Գեւորգյանը: Նա տեղամաս էր եկել շքախմբով՝ վախի մթնոլորտ սերմանելով ընտրողների շրջանում:
Ընդհանրապես այս ընտրատարածքում թելադրողը Աբգար Գրիգորյանն է: Նա բոլորին ուղղորդում է, իսկ եթե վստահված անձինք նկատողություն են անում, ապա նրանց լռեցնում է՝ ասելով. «Հանգիստ նստեք տեղներդ»: Նույնիսկ «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողին սպառնաց. «Եթե իմանայի այդքան պիտի խոսես, հենց սկզբից չէի թողի գայիր»: «Ո՞նց չէիք թողնի»,- հակադարձեց լրագրողը: «Հենց ըտենց, խա՞մ ես»,- հակադարձեց հանձնաժողովի քարտուղարը, հետո տղամարդկանց ասաց. «Դուք ստեղ հարս եք, խելոք նստեք»:
Քանի որ մի քանի զգուշացումներից հետո Աբգար Գրիգորյանը շարունակեց իր գործելաոճը, ստիպված զանգահարեցինք թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանին: Վերջինս խոստացավ խնդիրն արագ կարգավորել, սակայն ապարդյուն. Աբգար Գրիգորյանը շարունակում է բացահայտ ոտնահարել Ընտրական օրենսգիրքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել