HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում վերսկսել են թափառող շների ստերջացման ծրագիրը

Դեռեւս քարե դարում, շուրջ 12 հազար տարի առաջ, մարդու կողմից ընտելացվեց առաջին վայրի կենդանին՝ շունը: Գորշ գայլից սերող այս չորքոտանուն, որ գնահատվում է հավատարմության, տարածքն ու տիրոջը պաշտպանելու ունակության համար, քաղաքակիրթ հասարակության մի մասը ներկայում համարում է թշնամի: Խոսքը թափառող անտուն շների մասին է, որոնց, թվաքանակը կարգավորելու նպատակով, տարիներ առաջ Հայաստանում սպանդի էին ենթարկում: 2019թ.-ի սեպտեմբերի 16-ին ԱԺ-ն ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քրեականացման օրինագիծը:

Օրենքի նոր փոփոխությամբ, կենդանու կյանքի ընդհատումը՝ խեղելու, մասնատելու, կախելու, հրազենով կրակելու, թունավորելու միջոցով, նաեւ կենդանիների մարտերի կազմակերպումը, որը կհանգեցնի կենդանու կյանքի խեղման կամ ընդհատման, պատժվում է ազատազրկմամբ 1-ից 3 տարի ժամանակով, կամ սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-500 պատիկի չափով: Օրենքի ընդունումից հետո դադարեցին կեսգիշերին կամ լուսադեմին հնչող կրակոցներն ու շների հուսակտուր կլանչոցները: Մի շարք քաղաքային համայնքներում սկսեցին իրականացնել շների ստերջացման ծրագիր: Սակայն օրենքն ի զորու չէ ստիպել մարդկանց սիրել թափառաշրջիկ չորքոտանիներին:

«Գյումրիում շները հարձակվում են մարդկանց վրա», «շները կերան մեզ», «լուծեք փողոցային շների հարցը», «Մարդիկ են կարեւոր, թե՞ շները» այս եւ այլ նմանատիպ հրապարակումներն ու համացանցային քննարկումները Գյումրիում ակտիվացան հունվար ամսին: Հասարակությունը բաժանվեց երկու մասի: Կենդանասերները կոչ էին անում իրենց օրինակով կերակրել սոված կենդանիներին, որը կբերեր ագրեսիվության նվազման, իսկ կենդանատյաց հատվածը քաղաքային իշխանություններից պահանջում էր կտրուկ միջոցներ ձեռք առնել: 

Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը թերեւս խնդրին ամենաշատն առնչված պաշտոնյան է: Բնակիչներից ստացվող բողոք-զանգերի 90 տոկոսը հնչում է նրա ընդունարանում:

«Ես մի որոշ ժամանակով կասեցրել էի ստերջացման ծրագիրը, որպեսզի հնարավորություն ունենայինք վերլուծելու կատարված նախորդ 2 տարվա աշխատանքն ու գնահատել արդյունավետությունը: Հունվարին մենք թափառող շների ստերջացման ծրագրի մրցույթ հայտարարեցինք, մասնակցել է մեկ կազմակերպություն Երեւանից, ինքն էլ շահել է: Տեղի կլինիկան, որ էս ծրագիրն իրականացրել է 2020-2021թթ.-ին, մի փոքր հատված էլ այս տարվա հունվարին՝ չմասնակցեց: Քաղաքապետարանը պայմանագիր է կնքել 500 շան ստերջացման համար: Մրցույթին մասնակցած կազմակերպությունը նաեւ անելու է մի բան, որ նախորդը չի արել՝ շների պարտադիր թեստավորում, պատվաստում կատաղության դեմ: Քնեցվելու են պարտադիր այն շները, որոնք վտանգ են ներկայացնում հանության համար: Ես գիտեմ, որ վերջին արտահայտության համար քարկոծվելու եմ կենդանասերների կողմից, բայց մենք պարտավոր ենք մտածել նաեւ մարդկանց առողջության ու անվտանգության մասին»,-նկատում է Դավիթ Առուշանյանը:

Գյումրիում թափառող շների ստերջացման առաջին ծրագիրը գործարկվել է երկու տարի առաջ, որն իրականացրել է Գյումրիում գործող «My vet» անասնաբուժական կլինիկան: Ըստ մրցույթի պայմանների՝ կլինիկան իրականացնելու էր թափառող շների բռնում, ստերջացում, եթե այլ բան ցուցված չէ (հիվանդություն, կատաղություն, որոնց դեպքում պարզապես պետք է քնեցնեն-հեղ.), հետվիրահատական մեկուսացում՝ պարտադիր 3 օր, բարդությունների դեպքում՝ 4-5 օր: 

Կլինիկան, անցած 18 ամսվա ընթացքում ստերջացրել է 1660 շուն, որոնք քաղաքում ճանաչելի են կանաչ, դեղին եւ փիրուզագույն կլիպսներով: Ծրագիրը պատշաճ իրականացնելու համար կազմակերպությունը ձեռք էր բերել համապատասխան կահավորումով մեքենա՝ շներին տեղափոխելու համար, ցանցեր եւ պնեւմատիկ սարք: «My vet»-ի աշխատակից Էդգար Գեւորգյանի փոխանցմամբ, անցած երկու տարվա ընթացքում, օբյեկտիվ պատճառներով, 6 ամիս հնարավորություն չեն ունեցել աշխատելու: 

«Նշածս 6-ից 3 ամիսը կապ ունի իմ բացակայության հետ՝ պատերազմի ժամանակ եղել եմ Արցախում, մյուս երեք ամիսը կարելի է ասել երկու տարվա մեջ չաշխատած օրերի հանրագումար է,- բացատրում է Էդգար Գեւորգյանը,-մնացած ժամանակ աշխատել ու արել ենք հնարավորը, նույնիսկ անհնարը, անգամ պայմանագրով մեզնից չպահանջվողը: Մենք ամեն անգամ տենդերը շահել ենք 250 շան համար, ստերջացումն իրականացրել ենք 2,5 ամսում: Աշխատանքները կազմակերպել ենք ըստ ահազանգի՝ ունեցել ենք թեժ գիծ, նաեւ մեր խումբն է շրջել-հայտնաբերել շների խմբերին: Կարող եմ ասել, որ ամենամեծ քանակի շներ ստերջացվել են Մուշ թաղամասից»: 

Էդգար Գեւորգյանը ցույց է տալիս գրանցամատյանները կամ այլ կերպ ասած՝ շների անհատական անկետաները, որտեղ նշված են բռնելու ամսաթիվը, կենդանու արտաքին նկարագիրը, պահվածքը բռնվելու պահին՝ չշփվող, ագրեսիվ, ակտիվ, խելոք եւ այլն, քաշ, տարիք, սեռ: Անկետայում առկա է նաեւ վիրահատության ընթացքի նկարագիրն ու շան հետվիրահատական վիճակը: Բոլոր շները ստերջացումից ու կաստրացումից հետո վերադարձվել են իրենց բնակելի վայրեր: Եթե լեշմանիոզ կամ այլ ուրիշ վտանգավոր հիվանդության կասկած է եղել` արվել է թեստավորում, եւ եթե ցուցված է եղել, որ կենդանին պետք է քնեցվի՝ քնեցրել են:

Կլինիկայի աշխատանքը վերահսկվել է քաղաքապետարանի կողմից: Վիրահատարանում տեղադրված է տեսանկարահանող սարք: Ամեն շաբաթ կազմակերպությունը կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել քաղաքապետարանում 5 հոգուց ձեւավորված հանձնաժողովին: Վերահսկողությունը չի ավարտվել միայն թղթատարությամբ, հանձնաժողովի անդամները կարողացել են ցանկացած ժամանակ այցելել կլինիկա եւ տեղում ստուգել կատարվող աշխատանքները: 

«Էն որ մարդիկ խոսում են, գրում, թե տեսել են կլիպսով շուն՝ ձագերը հետը, որ իբր ստերջացում չի կատարվել, ուղղակի կլիպսն ամրացրել բաց ենք թողել, կարո՞ղ են ապացուցել իրենց մեղադրանքը, ներկա՞ են եղել տվյալ կլիպսով շան ծննդաբերությանը,-հարցնում է Արմինե Եղիկյանը,- իսկ մենք կարող ենք ապացուցել, որ մեզ մոտ բերվել են էգ շներ մեկ կամ երկու ամիս առաջ ծննդաբերած: Բնական է, որ ստերջացումից հետ, երբ վերադարձրել ենք տարածք, ձագերի մոտ, մայրը նրանց խնամել է, փողոցում շրջելուց էլ բնական է, որ հետն են եղել:  Բնական է, որ մարդկանց մեծ մասը չգիտի՝ ինչ է կատարվում կենդանու հետ ստերջացումից հետո: Մայրացած էգ շունը դեռ որոշ ժամանակ կարող է կերակրել ձագին: Որձերին, երբ ամորձատում ենք, տեստոստերոնը կարող է իջնել 2-ից 6 ամսվա ընթացքում: Մենք ահազանգեր ենք ստացել, որ կաստրացված արուն փորձեր է արել էգի նկատմամբ, բայց դա իրականում ընդամենը հորմոնալ հիշողության հետեւանք է, որ մեկ տարվա ընթացքում ամբողջովին վերանում է»:

Զրուցակցիս փոխանցմամբ, երբ նույն գործողություններն իրականացնում են տեր ունեցող կենդանիների նկատմամբ, նշանակում են հանգստացնող դեղորայք, սակայն նույն կերպ չեն կարող վարվել փողոցում ապրող շների հետ: Եթե կան խնամողներ, որոնք անհանգստանում են, հետաքրքրվում են, նույնատիպ խորհրդատվություն անցկացնում են իրենց հետ: «Մեր աշխատանքը սկսվում եւ ավարտվում է կլինիկայի պատերի ներսում,- նկատում է Արմինեն,- փողոցում մեր իրավասություններն ավարտվում են: Ամեն դեպքում, անցած երկու տարում աշխատել ենք բոլոր աշխատանքները կազմակերպել պատշաճ ու դեմ չգնալ ոչ մեր խղճին, ոչ մեր կոչումին»: 

Արմինե Եղիկյանը ցույց է տալիս վիրահատված կենդանիների օրգանները (ամորձի, արգանդ), որոնք պահվում են հատուկ նախատեսված սառնարանում, հետո ուղարկվում Երեւան՝ ոչնչացման: «My vet»-ի տնօրենը պնդում է, որ իրենց վիրահատած յուրաքանչյուր կենդանու հետ կապված ունեն բոլոր ապացույցները՝ գրանցամատյաններ, լուսանկարներ, տեսանկարահանումներ եւ այլն:

«My vet» կլինիկան ստերջացման ծրագիրն իրականացնում էր՝ էգ շան համար 29.000 դրամ, իսկ արու շան համար՝ 25.000 դրամի սահմաններում: Նոր մրցույթի պայմանները փոխված են, սեռային տարբերակում չի դրվել, մեկ շան ստերջացման գինը հաշվարկվել է՝ 27.800 դրամ: Շների ստերջացման ծրագիրը վերսկսվել է փետրվարի 6-ից: Մրցույթի միակ մասնակից Արսեն Սումբուլյանը հեռախոսազրույցում նշեց, որ մեկ շաբաթվա ընթացքում հասցրել են վիրահատել 120 շուն: 

«Այդ նպատակով վարձակալել ենք տարածք Գյումրիում, ծայրամասային հատվածում: Այն, ինչ մենք ժամանակավոր ստեղծել ենք, կլինիկա չէ, այսինքն այլ կենդանիների հարցերով չենք զբաղվելու, միայն թափառող շների ստերջացում ենք կատարելու, նաեւ անելու ենք պատվաստում կատաղության դեմ, ինչը որ նախկինում չի եղել»,- նշեց Արսեն Սումբուլյանը:

Գլխավոր լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Մեկնաբանություններ (1)

Իզոլդա
Հետաքրքիր է մոտավորապես քանի՞ անտուն շուն կա Գյումրիում, որ դեռ ստերջացված չի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter