HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երբ ինձ ասում են՝ Ձեզ ուժ ենք ցանկանում, ասում եմ՝ տուն ցանկացեք, ես հո բռնցքամարտիկ չեմ»․ երկու երեխայի մայրն այլեւս հույս չունի պետությունից

Մերին բացում է դուռն, ու ներսի խնկի հոտը անմիջապես տարածվում է դրսում։ Հետկեսօրվա արեւի տաքությունը դեռ մնացել է հյուրասենյակում։ Մերիի արծաթացած մազերին է ընկնում արեւի շողը։ Վարձով տնից տուն տեղափոխությունները, հոգսերը նրան արագ են սպիտակեցրել։ Ասում է՝ ժամամակին համեստ ու լռակյաց կին էր, որը մենակ մնաց իր 3-4 տարեկան երեխաների հետ․ Սիրանուշը՝ մանկական ուղեղային կաթվածով, Սամվելը՝ աուտիզմով։ Այդ ժամանակ պատկերացում էլ չուներ, թե ոնց էր մենակ մեծացնելու նրանց։ Սամվելի ախտորոշումն ավելի ուշ էր իմացել։

Մերիի կյանքում ամեն ինչ պայքարով է, եւ դա էլ փոխեց նրան՝ դարձնելով, ինչպես ինքն է ասում, խոսող եւ օրենքն իմացող։

«Երբ ինձ ասում են՝ դու ուժեղ կին ես, դա կոմպլիմենտ չի։ Երբ ինձ ասում են, որ ուժ են ցանկանում, ամենավատ բանն են ցանկանում, պետք է ցանկանալ երջանկություն, երեխաներին առողջություն։ Երբ ինձ ասում են՝ Ձեզ ուժ ենք ցանկանում, ասում եմ՝ տուն ցանկացեք, ես հո բռնցքամարտիկ չեմ, որին ուժ եք ցանկանում»,- սենյակի կենտրոնում դրված փոքր լրագրասեղանի մոտ նստած՝ ասում է Մերին։

Սա նրանց 13-րդ վարձով բնակարանն է։ Վերջին տեղափոխությունն ամենածանրն էր։ Վարձու բանվորները գողացել էին արկղերի մի մասը, որտեղ սպասքն էր տեղավորել։ Խորդուբորդ հատակով խոհանոցի պատին Մերին ցույց է տալիս Սամվելի մրցանակներից գույնզգույն բաժակները, որոնք տղան ստացել է տարբեր տարիների մրցույթներում։ Ժպտում է՝ լավ է, որ դրանք մնացել են, աչքի լույսի պես են պահում։

Մեկ ամսվա ընթացքում Մերին կարողացել է լիարժեք դասավորել իրերն ու տանը ստեղծել ջերմ մթնոլորտ, որպեսզի երեխաները չզգան, որ վարձով են ապրում։

 Չափազանց կոկիկ ու խնամքով է անգամ ամենաաննշան թվացող իրերի դասավորությունը։ Միջանցքում պահարանին փոխարինել են ստվարաթղթե մեծ արկղերը, որոնք մոմլաթով ծածկել է, եւ մտնողը չի էլ գուշակի, որ դա պահարան չէ, մինչեւ Մերին կթկթկացնի դրա վրա ու կժպտա։ Միջանցքում Սիրանուշի երկու անվասայլակներն են։ Դրանցից մեկը երաժիշտ աղջիկն օգտագործում է համերգների ժամանակ։

Սենյակային բույսերը տնից տուն տեղափոխելիս մեծ մասը չորացել են, վնասվել։ Այնուամենայնիվ, մի քանիսին հաջողվել է փրկել։ Տեղափոխությունների ժամանակ սատկեցին ձկները, թութակները, միայն կրիային կարողացան ժամանակին հանձնել կենդանիների խանութ, հակառակ դեպքում դա էլ երեւի կսատկեր։ Երբ տուն ունենա, խոստացել է զավակներին կրկին կենդանիներ գնել։

Մերիի օրն սկսվում ու ավարտվում է տուն ունենալու մտքով։ Ասում է՝ երբ երեքով պառկում են քնելու, դրա մասին են երազում, առավոտյան արթնանալիս դարձյալ նույն միտքն է։ Դա Մերիի կյանքի բաց նյարդն է, որն առանց հպումի էլ ցավ է պատճառում նրան։ «Հաշմանդամության մասին չենք մտածում, արդեն ընտելացել ենք դրան»,- նկատում է նա։

Այս տարիներին Մերին բոլոր պետական կառույցների դռները թակել է, նամակներ գրել, բայց անօգուտ է եղել։ Բնակարանի հարցն այդպես էլ չի լուծվել։ Թբիլիսյան խճուղում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկել էր մեկ սենյականոց բնակարան՝ 28 քմ տարածքով։ Մերին ասում է՝ դա հենց մի սենյակ էր, որտեղ երեք չափահաս մարդ պիտի ապրեր։ Սամվելը համակարգչի առաջ նստելուց հետո սովորություն ունի քայլել։ Նա քայլում է նաեւ առավոտյան շուտ՝ արթնանալուց հետո։ Նրան իր անձնական տարածքն է հարկավոր։ Երբ գնացել էին այդ սենյակը տեսնելու, շենքի միջանցքները հիվանդանոցի պես էին։ Սամվելն ասել էր․ «Սա հիվանդանոց է, ես այստեղ կմեռնեմ», ապա փախել էր։ Շենքում ապրողներն էլ Մերիին խորհուրդ էին տվել չբնակվել այնտեղ, քանի որ Սամվելի խնդիրներն այդ պայմաններից կսրվեն։

Նախորդ տարի Մերին դիմել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Այստեղ էլ խոստացել են զբաղվել նրա գործով, սակայն կրկին արձագանք չկա։

Մերին այլեւս հույս չի կապում պետական կառույցների հետ։ «Ինձ օրենքը ցույց են տալիս, ասում են՝ օրենքի մեջ դուք չկաք։ Ես ներկայացնում եմ իրենց խնդիրը, սակայն իրենք կրկին ասում են՝ հաշմանդամների տան հարց չկա օրենքում։ Մեր երկրում շատ վատ ձեւով է լուծվում հաշմանդամի հարցը։ Հաշմանդամը, կներեք, համարվում է վիժվածք, հազար ներողություն էս բառի համար, չնայած իմ երկու երեխաներն էդպիսին են, որովհետեւ իրենց տալիս են մի խուլ տեղ, որտեղ բոլորն էդպիսին են»,- ասում է զրուցակիցս։ Նրա խոսքով՝ պետությունը գովերգում է նրանց, ովքեր խնամատար են դառնում, որոնք եւ՛ տուն ունեն, եւ՛ աշխատանք, սակայն նույն պետությունը հնարավորություն չի ստեղծում միայնակ մայրերի համար, որոնք մանկատուն չեն հանձնել իրենց հաշմանդամություն ունեցող երեխաներին։

Մերիի բնակարանային հարցի համար հանձնաժողով էր ստեղծվել։ Նրա փոխանցմամբ՝ երկու հոգի «Իմ քայլը» հիմնադրամից էր, որը մեկ տարով վճարել էր գումարը՝ խոստանալով լուծել տան խնդիրը, երկու հոգի սոցապ նախարարությունից էր, մեկ հոգի էլ՝ Երեւանի քաղաքապետարանից։ Բայց սա էլ որեւէ օգուտ չտվեց ընտանիքին։

-Ինձ սկսեցին գովել, թե Դուք հերոս եք, լավ մայր եք, ասացի՝ ոչ, ես ամենավատ մայրն եմ․ եթե իմ էրեխեքին թողնեի, էսօր իմ էրեխեքը քոչվոր ցեղերի պես չէին լինի, չէին տառապի, տանջվի, ես էլ կլինեի երջանիկ կին, որովհետեւ չէի կորցնի իմ աշխատանքը, մասնագիտությունը, հնարավորությունները։ Ժամանակին մանկատանն էի աշխատում։ Սովորելու տարիներին մի քանի անգամ գնացի, կապվեցի, մնացի աշխատելու։ Մինչեւ 2000 թ․՝ Սիրանուշի ծնվելը, 7-8 տարի աշխատեցի։ Դաստիարակ էի եւ անգլերենի ուսուցչուհի։ Այդ ընթացքում Հոլանդիա էի տարել երեխաներին, բուժում էին անցնում։ Ես տեսնում էի, որ այդ երեխաներն ունեն ծնողներ, բայց մայրերը բերում, թողնում էին մեզ մոտ, մենք դաստիարակում էինք, խնամում, մեզ մեծարում էին, իսկ իրենք էլ աշխատում էին, տան գումար էին հավաքում։ Նշանակում է, որ ես վատ մայր եմ, որ չեմ հանձնել իմ երեխաներին։ Եթե հանձնեի, հիմա հաստատ տուն կունենային,- սա ասելուց հետո Մերին մի պահ լռում է։

13 բնակարանների ամենամսյա վարձն էլ այլ պատմություն է։ Մերին ստիպված է լինում դիմել նախկին եւ ներկա իշխանություններին, որպեսզի օգնեն տան վարձը վճարելու համար։ Բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ համաձայնել են միայն մեկ տարով վճարել, եւ երբ մոտեցել է 12-րդ ամսվա վճարը տալու պահը, կրկին ցայտնոտի մեջ է հայտնվել։ Վերջին մեկ տարում Հայ առաքելական եկեղեցին է հանձն առել վճարել վարձը, իսկ վերջնաժամկետը մայիսին է լրանալու։ Մերին արդեն հետհաշվարկ է սկսել, չգիտի, թե հետո ինչ է լինելու։ Բնակարանի ամսական վճարը 110 հազար դրամ է։

-Ես վաճառում եմ իմ երիկամը։ Արդեն զանգել եմ հիվանդանոցներ։ Ինձ ասում են՝ Հայաստանում էդպիսի բան չկա, բայց խնդրեցի, որ եթե մարդ լինի, որ կարիք ունենա, հարազատները փնտրեն եւ պատրաստ լինեն գումար տան, ապա ես վաճառում եմ իմ երիկամը։ Ինձ ասում են՝ մի երիկամով երկար չես ապրի, ես գիտեմ, որ էս հոգեկան ապրումներով հաստատ երկար չեմ ապրի։ Արդեն անելանելի վիճակ է,- նշում է երկու երեխաների մայրը։

Նա լավատեսության նույնիսկ նշույլ չունի պետությունից, որ կարող է լուծել իր բնակարանային հարցը։ Հիմա հույսը բարերարներն են։ Մերին առաջարկում է կառուցապատողներին, որպեսզի ամեն նորակառույց շենքում գոնե մեկ բնակարան նվիրեն հաշմանդամություն ունեցող անձանց։ «Պետության համար հաշմանդամը, կներեք արտահայտությանս համար, պարարտանյութ է, որի համար չարժե գումար ծախսել։ Ինքը մեկ է՝ եկող-գնացող է։ Դրա համար, երբ երեխաներիս մասին խոսում եմ, չեմ ասում, որ հաշմանդամ են, ասում եմ՝ տաղանդավոր են, Հայաստանի անունը բարձր կպահեն։ Իմ տղան լավ ծրագրավորող է, աղջիկս՝ լավ երաժիշտ»,- նշում է Մերին։

Նախորդ տարի Սիրանուշը կարմիր դիպլոմով ավարտել է Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանը եւ ընդունվել Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի երաժշտական բաժնի երկրորդ կուրս։ Իսկ Սամվելն այս տարի կարմիր դիպլոմով ավարտելու է Ինֆորմատիկայի ուսումնարանն ու դիմելու է կա՛մ Երեւանի պետական համալսարան, կա՛մ Պոլիտեխնիկական համալսարան։

-Ո՞վ է Մերի Մարտիրոսյանը,- հարցնում եմ Մերիին։

-Մերի Մարտիրոսյանը երկու հաշմանդամ երեխայի միայնակ մայր է։ Հիմա բոլորին այդպես եմ ներկայանում, իսկ առաջ ներկայանում էի Երեւանի պետհամալսարանի․․․․ Ես ինձ ուրիշ կարգավիճակի մեջ չեմ զգում, ես ինձ էլ Մերի Մարտիրոսյան չեմ զգում։ Ժամանակին համալսարանի մեր ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահն էի, լավագույն ուսանող, գերազանց ուսանող, լրագրող էի․․․ Ես ապրում էի այդ ամեն ինչով, եւ դա ինձ համար երջանկություն եւ ապագա էր, բայց որտեղի՞ց իմանաս, թե Աստված ինչ է պատրաստում քեզ համար։ Եվ ես ընտրությունս կատարեցի։ Երբ աղջիկս դպրոց չէր գնում, մասնավոր դպրոցում էի աշխատում, որտեղ ոչ միայն ուսուցիչ էի, այլեւ ունեի իմ թատրոնը։ Տարվա մեջ 5 բեմադրություն էինք անում։ Երեւի իմ երջանիկ տարիներն էին, բայց երբ տնօրենը կանչեց եւ ասաց, որ քո երեխան չի կարող սովորել այս դպրոցում, ես առանց տարակուսանքի դուրս եկա այդտեղից։

-Իսկապե՞ս, դա եք զգում։

-Ցավոք սրտի, հիմա այդ կարգավիճակն եմ զգում։ Ես գիտեմ, որ հիմա ուր գնում եմ, էդ ձեւով եմ ներկայանալու։ Դուք կարող է մի քիչ ուրիշ ձեւով եք նայում ինձ, որ ես երկու հաշմանդամ երեխաների մայր եմ, բայց իմ դիրքում ես զինվոր եմ, բնավորությամբ տղամարդ եմ։ Եթե ես չպայքարեի, ապա իմ երեխաներն այսպիսին չէին լինի։ Երբ համացանցում գրում են Դուք էսպիսի մայր եք, էնպիսի մայր եք, ոչ ոք չի իմանում, թե ինչ ճանապարհ է դրա հետեւում,- պատասխանում է Մերին։

-Եթե մի օր... կշարունակե՞ք նախադասությունը,- հարցնում եմ վերջում։

-Եթե մի օր տուն ունենայինք, մենք շատ երջանիկ կլինեինք,- ասում է նա ու ժպտում։

Մայրամուտից հետո սենյակում արդեն ցուրտ է։ Սիրանուշը՝ բազմոցին նստած երբեմն ժպտալով, երբեմն ուշադիր, լսում է մեզ։ Ձեռնոցներով է։ Իսկ երբ օրն սկսի երեկոյանալ, Մերին կբերի վերարկուները, նրանք կհագնեն ու կհավաքվեն փոքրիկ հյուրասենյակում։ Կմիացնեն հեռուստացույցը կամ պարզապես գիրք կկարդան։ Մերին ասում է՝ շնչառությունից սենյակը տաքանում է։

Իսկ տաքացուցիչը միայն շաբաթ օրերին, այն էլ մի քանի ժամով են միացնում։ Դա շաբաթվա ամենածանր օրն է՝ լոգանքի օրը։ Սիրանուշի համար լոգասենյակը հարմարեցված չէ։ Առհասարակ տունը հարմարեցված չէ Սիրանուշի համար, անվասայլակները չեն անցնում դռների միջով։ Մերին ասում է՝ ամսվա կեսին կգան կոմունալ ծախսերը, եւ սարսափում է դրանից։

Իսկ հետո գիշերվա լռության մեջ Մերին, Սիրանուշն ու Սամվելը ցուրտ ննջասենյակում կպառկեն։ Մերին արդեն պատրաստած կլինի տաք ջրով շշերը, որ մի փոքր տաքացնեն անկողինը, հետո երեքով կպառկեն ու մեկը մյուսից անկախ կերազեն իրենց տան մասին։ Ու գուցե Մերին ծածուկ պատկերացնի երեխաների ամուսնությունը, թոռներին ու տանը երջանկությունից եռացող ձայները։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանություններ (6)

Լիլիթ
Կարող եմ ճշտել հետևյալը? ընտանիքը որտեղից է? ոչ Երևանից? Մայրը Երևանից չէ? հայրական տուն չունի որից կարողանա ինչ որ մի մաս ստանալ? Երեխաների հայրությունը ճանաչված է? արդյոք նրանց հայրական տներից ինչ որ մաս չեն կարող ստանալ? Վերջին հաշվով ընտանիքը ինչ որ մի տեղից եկել է չէ? Ես հիշում եմ Հետքում էլի հոդված իրենց մասին: Այն ժամանակ կարծեմ Բաթոյանն էր նախարար: Օրենքով ինչ է հասնում իրենց բացի երեխաների որպես հաշմանդամների թոշակը? Ես կողմ եմ դրամահավաք սկսելու իրենց բնակարան ձեռք բերելու նպատակով: Գուցե Հետք-ը հանձն առնի այն? քանի որ անձամբ ընտանիքին ինչ որ մանր գումարներ փոխանցելը անիմաստ է:
Մերի Մարտիրոսյան
Սիրելիներ! Խնդրում եմ! Օգնեք դրամահավաք կաղմակերպենք՝ իմ երկու հրաշք հաշմանդամ երեխաները տուն ունենան (21 տարի է մենք անտուն ենք՝ վարձով)!! Խնդրում եմ!!! Շատ շատերը մեկնաբանություններում գրում են՝ որ դրամահավաք կազմակերպվի՝ կօգնեն!!! Բայց ես ինքս չգիտեմ, ոնց դրամահավաք կազմակերպեմ!!! Սիրելիներս!!! Աստված ձեզ առաջնորդ!!!Խնդրում եմ՝ օգնեք այս հարցում, քանի դեռ մարդիկ առաջարկում են և ցանկություն ունեն օգնելու!! Խնդրում եմ՝ օգնեք դրամահավաք կաղմակերկենք, որ իմ հաշմանդամ երեխաները իրենց տունը ունենան!!🙏🙏🙏
Հետք
Մերի Մարտիրոսյանի հեռախոսահամարն է՝ 093 007 591
Անի
Ապահովեք փոխադարձ կապ
Մուշեղ
Կարելի է ֆբ-ում դրամահավաք կազմակերպել հատուկ բնակարանի ձեռքբերման համար։ Որոշ ընկերություններ կարող են համաձայնվել կրկնապատկել հավաքված գումարը։
Լիլիթ
Ինչպե՞ս կարող ենք դրամ փոխանցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter