
Գիտնականները հայտնաբերել են մոլորակ, որտեղ կարող է կյանք լինել
Բրիտանացի գիտնականները կարծում են, որ հայտնաբերել են նոր մոլորակ, որտեղ տեսականորեն կարող է կյանք լինել, քանի որ գտնվում է, այսպես կոչված, «բնակելիության գոտում», այսինքն այնտեղ կան պայմաններ ապահովելու ջրի հեղուկ վիճակում գտնվելը։ Այդ մասին գրում է BBC-ն։
Համաձայն հետազոտության, որի արդյունքները հրապարակվել են Բրիտանական աստղագիտական թագավորական ընկերության տեղեկագրում, մոլորակը հայտնաբերվել է «սպիտակ թզուկի», այսինքն մարող աստղի մոտ։ Եթե գիտնականների եզրահանգումները հաստատվեն, դա կլինի պատմության մեջ առաջին երկնային մարմնի հայտնաբերման դեպքը, որը կարող է կյանքի համար պիտանի լինել և գտնվում է այդ տիպի աստղի ուղեծրում։
«Մենք առաջին անգամ նման մի բան ենք տեսել «սպիտակ թզուկի» բնակելիության գոտում։ Այդ իսկ պատճառով կա հավանականություն, որ մոլորակի վրա, որը պտտվում է իր ուղեծրով, կա կյանք»,- BBC-ին պատմել է հետազոտության ղեկավար, Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Ջեյ Ֆարիհին։
Ինչ են «սպիտակ թզուկները»
«Սպիտակ թզուկները» ջերմամիջուկային էներգիայի սեփական աղբյուրներից զուրկ, շատ մեծ խտությամբ աստղեր են։ «Սպիտակ թզուկի» զանգվածը համեմատական է Արեգակի զանգվածին, սակայն շառավիղը Երկրի շառավղի կարգի է։
Տարբեր գնահատականներով «սպիտակ թզուկները» կազմում են մեր գալակտիկայի աստղերի 3-10 %-ը։
Մահվանից հետո մեծ չափերով աստղերը վեր են ածվում սև խոռոչների։ Սակայն ավելի փոքրերը, ինչպես օրինակ Արեգակը, դառնում են «սպիտակ թզուկներ»։ Սովորաբար դրանք իրենց չափսերով չեն գերազանցում մոլորակներին և ձևավորումից հետո ունենում են կապտասպիտակավուն փայլ։
Բնակելիության գոտում գտնվող մոլորակը, որի մասին խոսում են գիտնականները, գտնվում է Երկրագնդից 117 լուսային տարի հեռավորության վրա։ Ենթադրվում է, որ այն 60 անգամ ավելի մոտ է իր աստղին՝ համեմատած Արեգակից Երկիր ընկած հեռավորության հետ։
Ի դեպ, բրիտանացի աստղագետներն առայժմ այդ երկնային մարմնի գոյության ուղղակի ապացույցներ չունեն։ Նրանք ստիպված են ապավինել լուսնի չափսերով 65 այլ օբյեկտների տեղաշարժերի մասին տեղեկություններին, որոնք գտնվում են բնակելիության գոտում: Այդ օբյեկտները մնում են միմյանցից հավասար հեռավորության վրա, իսկ դա խոսում է այն մասին, որ դրանց պահում է ինչ-որ մոտակա մոլորակի գրավիտացիան։
«Մեր խմբի անդամներն ուղղակի ցնցված էին։ Շարժումը այնքան ճշգրիտ էր, որ նման բան նույնիսկ հնարավոր չէ հորինել»,- նշել է պրոֆեսոր Ֆարիհին։
Ինչ է բնակելիության գոտին
Բնակելիության գոտին տիեզերքում այս կամ այն աստղի մոտ գտնվող որոշակի պայմանական տարածք է, որտեղ լուսատուից հեռավորությունն այնքան մեծ չէ, որ չափազանց ցուրտ լինի, բայց և այնքան մոտ էլ չէ, որ չափազանց շոգ լինի։ Եթե մոլորակի վրա առկա պայմանները համապատասխանում են այդ պահանջներին, այնտեղ կարող է ջուրը գոյություն ունենալ հեղուկ վիճակում, հետևաբար կլինի նաև կյանք։
Բրիտանացի գիտնականների հետազոտության արդյունքները նշանակում են, որ հիմա աստղագնացները պետք է ակտիվորեն այլ մոլորակներ գտնեն մյուս «սպիտակ թզուկների» մոտ։ «Սովորաբար աստղագիտության մեջ այսպես է. եթե հայտնաբերվում է մի բան, որպես կանոն, դա տարածված երևույթ է»,- այդ առումով նշել է Ֆարիհին։
Իլյուստրացիան՝ Mark A.Garlick-ի
Մեկնաբանել