
Ատոմ Ջանջուղազյանը` Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրել է Ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը:
Նախկին նախարարը պետական համակարգում աշխատում է 1991 թվականից` զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
Անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը կարծիք հայտնեց, որ թեկնածուն Հաշվեքննիչ պալատի համար լավ նախագահ կլինի, ապա հավելեց` ընտրվելու դեպքում վատ ժառանգություն է ստանալու Հաշվեքննիչ պալատի մասին գործող օրենքի առնչությամբ:
«Գործող օրենքը, ցավոք սրտի, ունի բազմաթիվ թերություններ: Օրենքը ստիպում է ուղղակի, որ այդ կառույցը բազմաթիվ հարցերի մոտենա ձևական, ոչ բովանդակային, ոչ էլ օգտակարության գործակիցը բարձր պահելու առումով»,- ասաց Զաքարյանը:
Նախկին նախարարն արձագանքեց, թե չի կարող ասել, որ հասել ենք իրավակարգավորումների այնպիսի մակարդակի, որն այլևս փոփոխության ենթակա չէ:
«Լինելով համեմատաբար ավելի պահպանողական և փոփոխությունների նկատմամբ ավելի զգայուն՝ այդուհանդերձ, կարծում եմ, որ իրավակարգավորումները չհիմնավորված և անտրամաբանական կլինեն, եթե դրա համար գործող պայմանները փոփոխված լինեն, բայց դրանք չհամապատասխանեցվեն այդ փոփոխված պայմաններին»,- ասաց նա:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի Ատոմ Ջանջուղազյանն այն հարցի շուրջ, որ խորհրդարանն իրեն հետաքրքրող թեմաների շրջանակում տարեկան մեկ-երկու հաշվեքննություն պատվիրի, արդյոք դա կարող է ազդել կառույցի անկախության վրա: Բանախոսն արձագանքեց` քննարկման հարց է:
Ջանջուղազյանի թեկնածության հարցը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը` ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգում:
Մեկնաբանել