Բաց քվեարկության դեպքեր թիվ 31 ընտրատարածքի տեղամասերում
Ընտրությունների ընթացքի մասին օրվա երկրորդ ՀԱԿ-ի Թումանյանի շտաբի պետ Տիգրան Պապոյանը «Հետքին» հայտնեց, որ առավոտյան ժամը 10-ին թիվ 31 ընտրատարածքի Ալավերդու, Ախթալայի, Դսեղի և մյուս ընտրատեղամասերից բողոքներ են ստացել ընտրողների անձնագրերում դրված կնիքների արագ ջնջվելու մասին: Ըստ Տիգրան Պապոյանի՝ այդ մասին ՀԱԿ-ի Թումանյանի շտաբը մի քանի անգամ տեղյակ է պահել թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովին, սակայն կնիքների թանաքները ընտրատեղամասերում փոխվել են ժամը 13:00-ից հետո: «Թիվ 31 ընտրատարածքի Եղեգնուտ և Վահագնի համայնքների ընտրատեղամասերում առավոտյան կատարվել է բաց քվեարկություն: Վահագնիի ընտրատեղամասում բաց քվեարկությունը կազմակերպել է գյուղապետը: Այստեղ նույնիսկ մի պահ ընտրությունները դադարեցվել են: Մեր վստահված անձինք դրա հետ կապված ներկայացրել են իրենց դիմում բողոքները»,- ասաց Տիգրան Պապոյանը:
Վերջինս նաև հայտնեց, որ ՀԱԿ-ի Թումանյանի շտաբի կողմից ոչ բոլոր տեղամասերում են նշանակվել վստահված անձինք: «Մենք վստահված անձինք չունենք Ձորագետ, Չկալով, Ահնիձոր, Շամուտ համայնքների տեղամասերում: Տեղի բնակիչներից ում դիմել ենք, բոլորը հրաժարվել են: Այստեղ վախի մթնոլորտ կար, ընտրողներ ունենք, բաց պայքարողներ չունեցանք»: Ըստ Տիգրան Պապոյանի՝ Եղեգնուտում իրենց վստահված անձինք ընտրակաշառքի փաստ են արձանագրել: Պրն Պապոյանն ակնկալում է, որ ՀԱԿ-ը թիվ 31 ընտրատարածքում կստանա ընտրողների քվեների մոտ 20 տոկոսը:
Թիվ 31 ընտրատարածքում ՀԱԿ-ի մեծամասնական թեկնածու Սարգիս Թամազյանն էլ ասաց, որ առավոտյան Լորուտ և Վահագնի համայնքների ընտրատեղամասերում կատարվել է բաց քվեարկություն: Նա դժգոհեց, որ Թումանյանի համայնքների մեծ մասում համայնքապետերը տեղամասային հանձնաժողովներում նստած են որպես Կարեն Սարիբեկյանի և Հանրապետական կուսակցության վստահված անձինք և դարձել են ընտրախախտումների հիմնական թելադրողներ: Այս առումով մեծամասնական թեկնածուն բացառություն համարեց միայն Ալավերդի քաղաքի ընտրատեղամասերը: «Շնող, Նեղոց, Չկալով, Կաճաճկուտ, Աքորի Վահագնի, Եղեգնուտ և էլի շատ համայքների տեղամասային հանձնաժողովներում վստահված անձ համայնքապետերը ընտրությունների ընթացքի վրա ազդում են՝ թելադրելով իրենց կամքը»,- ասաց Սարգիս Թամազյանը:
Վերջինս ասում է, որ թիվ 31 ընտրատարածքի բոլոր տեղամասերում բաժանվել են ընտրակաշառքներ: «Թե որ տեղամասերում են բաժանվել ընտրակաշառքներ, ես չեմ ասի, որվհետև ես փաստերը չեմ բռնացրել, բայց ես հաստատ գիտեմ, որ բաժանվել են: Եթե որևէ մեկի անունը տամ, ես այդ մարդուն դատապարտելու եմ քննության»:
ՀԱԿ-ի թեկնածուն գտնում է, որ իր մրցակից Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Կարեն Սարիբեկյանի հետ ինքը մրցակցային հավասար պայմաններում չէր գտնվում. «Առաջինը, որ իմ մրցակիցը օգտվել է աշխատող հիմնարկությունների աշխատողների հետ շփվելու հնարավորությունից, կարողացել է հանդիպել դեպոյի աշխատողների, պղնձաձուլական գործարանի բանվորների հետ: Իր հանդիպումներին թեկնածու Կարեն Սարիբեկյանին սպասարկել են բոլոր համայնքապետերն ու հիմնարկությունների ղեկավարները: «Ես մի հանդիպում եմ խնդրել Ալավերդու Շահումյան թաղամասի դպրոցի մանկավարժական կոլեկտիվից և շատ կուլտուրական մերժվել եմ»,- ասաց Սարգիս Թամազյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել