HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Ասաց` մամ, բոլորին հանեմ, կգամ». բժիշկ Արամ Ստեփանյանը զոհվել է Ջրականում՝ ԱԹՍ-ի հարվածից

2021-ի օգոստոսի 29-ին Սևանի դիահերձարանից զանգահարել են Ստեփանյանների ընտանիքին ու տեղեկացրել, որ ԴՆԹ-ն համընկել է։ Բժիշկ Արամ Ստեփանյանի մարմինը տասը ամիս եղել է Սեւանի դիահերձարանում, այդ ընթացքում ընտանիքը Արամին փնտրել է անհետ կորածների, գերիների մեջ։ Ընտանիքը դիմել էր Կարմիր խաչին, 3 անգամ ԴՆԹ անալիզ են հանձնել, բայց որևէ տեղեկություն չեն կարողացել իմանալ։

«Ամենադժվար բանը սպասելն է, անորոշության մեջ սպասելը, 10 ամիս ընկած մարդ ենք ման եկել։ Տղաներիս արգելել էի արդեն գնալ դիահերձարան, որ տուն էին մտնում, մահացած մարդու հոտ էր գալիս նրանցից։ Արամի եղբայրը՝ Զորիկն ասում էր՝ մարմինը կարող է անճանաչելի լինի, բայց սապոգի մեջ զինվորական գրքույկի համարը գրում են, հերթով բացում նայում էր»,- պատմում է Արամի հորեղբայրը՝ Սեյրան Ստեփանյանը։

Արամի մարմինը որոնողական աշխատանքների ընթացքում է հայտնաբերվել՝ 2020-ի դեկտեմբերին։

Որդու հետ Ջավահիր Եսայանը վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 1-ին։ «Ասացի՝ քեզ լավ կնայես, ասաց՝ մամ, բոլորին հանեմ, կգամ»,- հիշում է Արամի մայրը։

Արամը մորը զգուշացրել է, որ 2 օր չի զանգահարելու, բայց հետո ուրիշի համարից նորից կզանգի։

Նույն օրը զանգահարել է նաև հորեղբորը, զգուշացրել, որ իր հեռախոսին չզանգեն, քանի որ իրենց դիրքից նահանջել են, իսկ հեռախոսը մնացել է խրամատում։

2020-ի հոկտեմբերի 2-ին հրետակոծություն է սկսվել, զոհեր եւ վիրավորներ կային, նահանջի հրաման է տրվել․ հրաձգային գումարտակը դանդաղ սկսել է նահանջել, Արամը շարունակել է վիրավորներին օգնություն ցույց տալ։

Արամը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Ջրականի Նյուզգար դիրքից Նարինջներ դիրքի ճանապարհին՝ ԱԹՍ-ի հարվածից։ Նույն օրը իր 11 հոգանոց դասակից զոհվել է ևս 5 զինվոր։ Արամի մարմինը վառված է եղել, սակայն ԴՆԹ-ով նույնականացվել է։

Վերջին անգամ 25-ամյա բժշկին Ջրականի դիրքերում հանդիպել է կամավորական Պողոս Մրջումյանը։ Նա վիրավորվել էր, երբ տեղափոխել են այն դիրքը, որտեղ եղել է բժիշկ Արամը։

Պողոսի խոսքով՝ Արամն իր կյանքը փրկել է, վիրակապել, ցավազրկել։ Հիշում է, որ ճակատին անունն է գրել ու ասել, որ մի քանի այլ վիրավորների հետ նրան տեղափոխեն։ Արամը մի քանի անգամ բարձր կրկնել է իր անունը, որ ինքը արտաշատցի բժիշկ Արամն է։ Հայաստան վերադառնալուց հետո Պողոսը փնտրել է Արամ Ստեփանյանին, հիվանդանոցում հերթական վիրահատությունից առաջ, պատահաբար Արամի ընկեր բժիշկներից իմացել է վերջինիս զոհվելու լուրը, սակայն փնտրել ու գտել է Ստեփանյանների ընտանիքին, պատմել, որ Արամն է եղել իր կյանքը փրկողը։

Արամը սովորում էր Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում, բայց պետական վերջին քննությունը չէր հանձնել ու մի քանի ամիս հետո՝ 2019-ի հուլիսին զորակոչվել էր բանակ։

9-րդ պաշտպանական շրջանում Արամը ծառայել է 2-րդ հրաձգային գումարտակում՝ որպես 6-րդ վաշտի սանհրահանգիչ, ապա՝ որպես բուժակ, իսկ սեպտեմբերից ծառայությունը շարունակել հետախուզական դասակում։

Մայրը՝ Ջավահիր Եսայանն ասում է, որ Արամը լավ բժիշկ էր, Կենտրոնական զինվորական հոսպիտալում բժիշկների հետ մասնակցում էր վիրահատությունների, ընտրել էր վնասվածքաբանություն մասնագիտացումը։ «Հիվանդանոցի վնասվածքաբան-օրթոպեդ Լևոն Ժամագործյանը ինձ մի օր ասաց՝ շատ համառ տղա ունես, բայց դա շատ ճիշտ է»,- պատմում է Արամի մայրը։

Մասնագիտության ընտրության հարցում Արամը կողմնորոշվել է վաղ տարիքում՝ պիտի բժիշկ դառնա ու պապի աչքերը բուժի։ Հետո սկսել է ուսումնասիրել կենսաբանություն, քիմիա։ 2013-ին ընդունվել է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ։ Արամի հոր պապը ևս բուժակ է եղել։ Ընտանիքի անդամները ուրախացել են, երբ Արամը բժիկ դառնալու որոշում է կայացրել: 

«Մեր պապն էլ բժիշկ չէր, ֆելդշեր էր, բայց էնքան էին սիրում, որ ասում էին յոթ գյուղի բժիշկ Սերոբը։ Իր երեխաներից ու թոռներից ոչ մեկը բժիշկ չդարձավ, ու ճակատագրական էր, որ Արամին էլ բանակում բժիշկ էին ասում, բայց նա էլ մեծ պապի նման ֆելդշեր էր»,- ասում է Լիլիկ Ստեփանյանը։

«Հետաքրքիրն էն է, որ ինքը բժիշկ չէր, բայց բոլորը որպես բժիշկ էին դիմում, մի օր ասեցի՝ ֆելդշեր ես, ինձնից նեղացավ, ասաց՝ մամ, բոլորն ինձ բժիշկ են ասում»,- հավելում է մայրը։

Ծառայության ընթացքում բժշկական համալսարանում 6 տարի սովորած Արամին ՊԲ-ն ուղարկում է Երևան՝ 2-ամսյա վերապատրաստման։ Վերադառնալով Արցախ՝ Արամը հորեղբորը տեղեկացնում է, որ բարձրանալու է նաև դիրքեր։

Նոր Նորքի երկրապահների ջոկատի հետ 44-օրյա պատերազմին մասնակցել է նաև Արամի ավագ եղբայրը՝ Զորիկ Ստեփանյանը։ Երկու եղբայրները եղել են Ջրականի դիրքերում, սակայն այդպես էլ չեն հանդիպել։

Երկու եղբայրները բնավորությամբ տարբերվել են, Լիլիկ Ստեփանյանի խոսքով՝ Արամը կարծես մեծը լիներ, նախաձեռնող էր, հաճախ ընտանիքի անդամների համար անակնկալներ էր անում։

Մայրը պատմում է, որ սեպտեմբերին պիտի ավագ սերժանտի կոչում ստանար ու մի քանի օրով տուն գար, պլանավորել էին եղբոր նշանդրեքն անել։ Մորն ասել է, որ պիտի գնան նաեւ իր ընկերուհու ծնողների հետ ծանոթանան։

Արամ Ստեփանյանին հուղարկավորել են 2021-ի  սեպտեմբերի 2-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում։ «Միասին կռվել են, միասին էլ թող ննջեն»,- ասում է Արամի հորեղբայրը։

Արամ Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ-ի «Մարտական ծառայության» մեդալով։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter