HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արդյոք Ադրբեջանն ու Թուրքմենստանը կարող են ռուսական գազին այլընտրանք դառնալ Եվրոպայի համար. մեկնաբանում է Տարոն Հովհաննիսյանը

Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը տնտեսական ճգնաժամից վերածվել է քաղաքական ճգնաժամի։ Եվրոպան բացահայտ մեղադրում է Ռուսաստանին գազային պատերազմի մեջ, իսկ Կրեմլը հերքում է և վերջնագրեր ներկայացնում` պահանջելով Եվրոպան բաժանել ազդեցության գոտիների ու խաղի կանոններ սահմանել գազի շուկայում։ Եվրոպական երկրները գազի մատակարարման այլընտրանքային տարբերակներ են փնտրում, այդ թվում՝ Ադրբեջանից և Թուրքմենստանից։ Բայց արդյոք այդ երկրները եվրոպական շուկայի համար ռուսական գազին կարող են իրական այլընտրանք դառնալ։ «Հետք»-ը ներկայացնում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի մեկնաբանությունը։

Ադրբեջանից դեպի Եվրոպա բնական գազ արտահանելու համար այս պահին գոյություն ունեցող միակ գազամուղը Տրանսադրիատիկ գազամուղն (TAP) է, որը «Հարավային գազային միջանցք» ընդհանուր նախագծի մասերից է։ Հարավային գազային միջանցքի առաջին երկու մասերն են Բաքու-Թբիլիսի-Էրզրումը և Տրանսանատոլիական գազամուղը` TANAP-ը, որի միջոցով դեպի Թուրքիա բնական գազ է արտահանում Ադրբեջանը և արդեն Թուրքիայից Հունաստանի տարածքով դեպի Իտալիա։ Այս պահին, ըստ պաշտոնական տվյալների, որոնք նշված են «Հարավային գազային միջանցք» նախագծի պաշտոնական կայքում, TAP-ի առավելագույն թողունակությունը տարեկան կազմում է 10 միլիարդ խորանարդ մետր գազ, և նշվում է, որ եթե կառուցվի ևս երկու կոմպրեսորային կայան, ինչպես նաև գոյություն ունեցող երկուսի հնարավորությունները ավելացվեն, ապա առավելագույն թողունակությունը կարող է հասցվել տարեկան մինչև 20 միլիարդ խորանարդ մետր գազի։

Իսկ նշված թողունակությունը բավարար չէ, որ Ադրբեջանը կարողանա, անգամ ցանկացած այլ պետության միանալու դեպքում և առավելագույն ծավալների հասցման պարագայում, եվրոպական շուկայի համար ռուսական գազին իրական այլընտրանք դառնալ, որովհետև վերջին տարիներին Եվրոպայի բնական գազի ընդհանուր տարեկան միջին պահանջը կազմում է շուրջ 500 միլիարդ խորանարդ մետր, որի գրեթե 40 %-ը, ըստ տարբեր տվյալների, ապահովում է Ռուսաստանի Դաշնությունը։ Սրանք համենայն դեպս Գազպրոմի տրամադրած վերջին տվյալներն են։ Օրինակ՝ 2020 թվականին Ռուսաստանը դեպի Եվրոպա ավելի քան 180 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանել և բնականաբար, հաշվի առնելով տարեկան միջին ծավալները՝ կարելի է ասել, որ եվրոպական շուկայում ռուսական գազին գրեթե այլընտրանք չկա։

Այս պահին Ադրբեջանը, ըստ էության, չի կարող ապահովել նաև այդ 20 միլիարդ խորանարդ մետրը, քանի որ թողունակությունը նախատեսված է եղել հենց 10 միլիարդ խորանարդ մետրի համար։ Եվրոպական միության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանը դեպի Եվրամիության երկրներ արտահանել է շուրջ 8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ և նախատեսվում է, որ այդ 8 միլիարդ խորանարդ մետրը պետք է հասցվի մինչև 10 միլիարդ խորանարդ մետրի, այսինքն այդ գազամուղի ներկայիս հնարավորությունների առավելագույնին։ Իսկ այդ երկու միլիարդ խորանարդ մետրն էլ ամենայն հավանականությամբ նախատեսվում է իրականացնել նախորդ տարվա ընթացքում Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ, որով Թուրքմենստանը, Իրանի հետ գազային փոխանակման միջոցով, Ադրբեջանին տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետր բնական գազ կտրամադրի, իսկ Ադրբեջանը, կա՛մ դրանով իր ներքին պահանջները կլուծի, կա՛մ հենց դա կարտահանի, ուստի նա կկարողանա երկու միլիարդ խորանարդ մետր սեփական գազ տնտեսել և երկու միլիարդով ավելի շատ արտահանել դեպի Վրաստան, Թուրքիա և Եվրոպական միության երկրներ։

Այս 10 միլիարդ խորանարդ մետրը բավականին փոքր ծավալ է, ոչ միայն Եվրամիության երկրների, այլ հենց միայն Իտալիայի համար, որն այս պահին ԵՄ երկրներից ամենաշատն է բնական գազ ներկրում Ադրբեջանից։ Եթե ուսումնասիրենք վիճակագրությունը, ապա պարզ կդառնա, որ միայն Իտալիան տարեկան շուրջ 55 միլիարդ խորանարդ մետր գազ է ներկրում, որի մի զգալի մասը՝ 25-28 միլիարդ խորանարդ մետրը Ռուսաստանի Դաշնությունից։ Ըստ ԵՄ վիճակագրական տվյալների՝ 2021 թվականին Ադրբեջանն Իտալիա է արտահանել 6,8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ և եթե այդ տնտեսված երկու միլիարդն էլ ավելացվի միայն Իտալիային և դառնա, ենթադրենք, 8,8 կամ 9 միլիարդ խորանարտ մետր, ապա միևնույն է այդ դեպքում էլ միայն Իտալիայի պահանջների առավելագույնը մինչև 15 %-ը կկարողանա ապահովել Ադրբեջանը։ Ուստի ստացվում է, որ Իտալիան շարունակելու է գազ ներկրել Ռուսաստանից, ինչպես նաև երկրորդ խոշոր մատակարար հանդիսացող Ալժիրից։

Ընդհանուր առմամբ, ինչ վերաբերում է Թուրքմենստանի միանալուն, ապա այդ երկիրն այսօր, ըստ բաց տվյալներում առկա տարբեր գնահատականների, տարեկան արտահանում է 65-ից մինչև 85 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, որից 30-35 միլիարդ խորանարդ մետրը՝ Չինաստան, շուրջ 5 միլիարդը՝ Ռուսաստանի Դաշնություն։ Մեծ է նաև այդ երկրի ներսում գազի սպառման ծավալները։ Հետևաբար, Թուրքմենստանը ևս այն երկիրը չէ, որ անգամ եթե նոր գազատար կառուցվի, ոչ թե կրկնակի ավելացվի TAP-ի թողունակությունը, Ադրբեջանի հետ միավորվելով՝ ամբողջությամբ կարողանա բավարարել ԵՄ գազի սպառման պահանջները։ Իրականում այս տարածաշրջանում իր գազի ծավալներով և պաշարներով միակ երկիրը, որն ունակ է բավարարել Եվրոպական միության կարիքները և իրական այլընտրանք դառնալ ռուսական գազին, Իրանն է, որը հասկանալի պատճառներով չի ներգրավվում եվրոպական շուկա գազի արտահանմանը՝ հաշվի առնելով այդ երկրի նկատմամբ առկա պատժամիջոցները։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter