HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քրեական պատասխանատվություն՝ ՀՀ ինքնիշխանությունից հրապարակային հրաժարվելու կոչերի համար

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:

Նախագծի հեղինակներն են ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, պատգամավորներ՝ Արամ Վարդևանյանն ու Աղվան Վարդանյանը:

Հեղինակները հիշեցնում են, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի առանձին հատվածներ դարձել են թշնամական պետության զինված հարձակումների թիրախ, ինչպես նաև՝ այդ նույն տարածքների վերաբերյալ ՀՀ առանձին պաշտոնատար անձանց երկիմաստ հայտարարություններն ամրապնդում են թշնամական պետության մտադրությունը` առանց որևէ իրավական հիմքի ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ իրենց վերահսկողության տակ վերցնել:

«Խնդիրն առավել քան մտահոգիչ է, քանի որ որոշ պաշտոնատար անձանց կողմից նման մտքերի արտահայտումը կարող է օգտագործվել ՀՀ-ի դեմ բանակցային գործընթացի ցանկացած փուլում, ինչն անթույլատրելի է»,-նշվում է նախագծում:

Ըստ հեղինակների՝ քրեական օրենսգրքում նախագծով ներկայացված համապաստախան արարքների կոնկրետացումը և քրեականացումն առնվազն ներպետական իրավունքի մակարդակում կնպաստի նմանատիպ արարքների պարտադրված կամ անգամ կամավոր դրսևորման ապալեգալացմանը, պրեվենտիվ (կանխարգելիչ, հեղ.) նշանակություն կունենա այսպիսի հանրային վտանգավոր արարքների կատարման նկատմամբ, ինչն էլ իր հերթին կերաշխավորի ՀՀ բանակցային դիրքերի կայունությունը եւ դրա դեմ ուղղված գործողությունների կանխումը:

Նշվում է, որ չնայած գործող քրեական օրենսգիրքը նույնպես որդեգրել է այս հայեցակարգային մոտեցումը, սակայն դրանում առկա քրեորեն պատժելի արարքների նկարագրությունը բավարար չափով սպեցիֆիկացված չէ, չկա մասնավորեցում և որոշակիություն կոնկրետ հանցակազմերի և դրանց առանձին դրսևորումների վերաբերյալ:

Նախագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:

Այսպիսով, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով:

Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով տուգանք սահմանել, կամ կամ ազատազրկում՝ երեքից հինգ տարի ժամկետով:

Նշենք, որ նախագիծն ԱԺ օրակարգ ներառվելու համար պետք է նախ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter