HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին փոխոստիկանապետն ընդդեմ Գնել Սանոսյանի․ Արզնիի առողջարանը զրկվել է ածխաթթվային հանքային ջրի արդյունահանման իրավունքից

«Արզնի առողջարան» ՓԲԸ-ն դիմել է դատարան՝ ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության։ Ընկերությունը վիճարկում է նախարար Գնել Սանոսյանի 2021թ․ նոյեմբերի 9-ի հրամանը, որով վերջինս մերժել էր Կոտայքի մարզի Արզնի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի երկու հորատանցքերի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ընկերության դիմումը՝ ընդերքօգտագործման իրավունքի գործողության ժամկետը լրանալու հիմքով։

«Արզնի առողջարան» ՓԲԸ-ն դատարանից պահանջում է վերացնել նախարար Գնել Սանոսյանի նշված հրամանը և պարտավորեցնել նրան օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը 20 տարով երկարացնելու վերաբերյալ վարչական ակտ ընդունել։

Հայցադիմումը Վարչական դատարան մուտքագրվել է 2021թ․ դեկտեմբերի 23-ին, և ընդունվել է դատավոր Արկադիկ Մկրտչյանի վարույթ (նստավայրը՝ Սևան)։ Ըստ datalex.am-ի, նիստ դեռևս չի նշանակվել։

«Արզնի առողջարան» ՓԲԸ-ն ոստիկանության գեներալ-լեյտենանտ, ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանի (փոխոստիկանապետ է եղել 2006-2008թթ․) ընտանեկան բիզնեսն է, որը վերջինս այժմ ղեկավարում է։

Նախարար Գնել Սանոսյանի նշված հրամանը նախարարության կայքում տեղադրված չէր։ Մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանն այն տրամադրեց մեր բանավոր հարցումից հետո։ Այդտեղից պարզ դարձավ, որ «Արզնի առողջարան» ՓԲԸ-ն 2021թ․ փետրվարի 26-ին դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Կոտայքի մարզի Արզնիի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի երկու հորատանցքերի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու նպատակով։ Ընկերության կողմից ներկայացված ՇՄԱԳ հաշվետվությունը կից փաստաթղթերով 2021թ․ ապրիլի 2-ին ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ փորձաքննության։ ՇՄՆ ապրիլի 6-ի գրությամբ փաստաթղթերի փաթեթը վերադարձվել է՝ նշելով, որ ՇՄԱԳ հաշվետվությունը վերաբերում է փորձաքննության գործընթացի հիմնական փուլին, իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն՝ փորձաքննության գործընթացն իրականացվում է երկու փուլով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ապրիլի 8-ի գրությամբ ծանուցել է ընկերությանը ՇՄՆ-ի պահանջի մասին։ Ընկերությունն էլ ապրիլի 16-ին ներկայացրել է օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը երկարացնելու հայտը, որը ՏԿԵ նախարարության ապրիլի 19-ի գրությամբ ներկայացվել է ՇՄՆ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման տեխնիկական առաջադրանք ստանալու նպատակով։

Ընկերությունը նշված տեխնիկական առաջադրանքը ներկայացրել է ՏԿԵՆ հուլիսի 23-ին։

Նկատի ունենալով, որ Կոտայքի մարզի Արզնիի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի երկու հորատանցքերի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետն ավարտվում է 2021թ․ օգոստոսի 27-ին և հաշվի առնելով օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը (ընդերքօգտագործման իրավունքը դադարում է, եթե լրացել է ընդերքօգտագործման իրավունքի գործողության ժամկետը), ՏԿԵՆ-ն հուլիսի 28-ի գրությամբ առաջարկել է ընկերությանը դիմել լիազոր մարմին՝ «Ընդերքի մասին» օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն՝ նոր թույլտվություն ստանալու նպատակով։

Մինչդեռ ընկերությունը հոկեմտեբերի 14-ի և 26-ի գրություններով խնդրել է թույլտվության ժամկետը երկարաձգել 20 տարով, ինչն էլ նախարար Սանոսյանը մերժել է։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ 01.01.2022թ. դրությամբ ածխաթթվային ստորերկրյա հանքային  ջրերի արդյունահանման նպատակով տրամադրված  ընդերքօգտագործման իրավունքների մասին ցանկում «Արզնի առողջարան» ՓԲԸ-ն այլևս չկա։ Առողջարանը, սակայն, շարունակում է գործել, ըստ ամենայնի՝ մինչև դատական ակտ կայացնելը և դրա օրինական ուժի մեջ մտնելը։ 

«Արզնի առողջարան» հանգստավայրը բուժման և հանգստի կազմակերպման համար նախատեսված համալիր է: Ինչպես նշվում է ընկերության կայքում, առողջարանի հիմնական բուժիչ գործոնները ածխաթթվային, նատրիում-քլորիդակարբոնատային ջրերն են, և արդյունավետ բուժման համար առանձնակի նշանակություն ունեն հանքային ջրերում ածխաթթու գազի մեծ քանակությունը և տարատեսակ հանքային տարրերի առկայությունը։ Հետևաբար, ընդերքօգտագործման այս իրավունքը կարևոր նշանակություն ունի «Արզնի առողջարան»-ի հետագա գործունեության համար։

Արարատ Մահտեսյանի լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter