HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Անապաստան շների քանակը կարելի է վերահսկել, անգամ կրճատել, բայց ոչ դաժան վերաբերմունքի կիրառմամբ»

Գյումրիում թափառող կենդանիների վնասազերծումը, ստերիլիզացումը, բուժումն ու մնացած պահանջվող միջոցառումներն իրականացնելու նպատակով 2020թ.-ի համայնքային բյուջեում նախատեսվել էր 22 մլն 184 հազար դրամ: Մոտ 20 մլն դրամի չափով էլ հատկացվել էր 2021-22թթ.-ի աշխատանքների համար: Այս տարի Գյումրու ավագանին շների ստերջացման ծրագրի համար հատկացրել է 30 մլն դրամ: Ծրագրի առաջին փուլով 500 շան ստերջացման համար արդեն իսկ կնքվել է 13 մլն 900 հազար դրամի պայմանագիր:

Նախորդ ծրագրով (2020թ.-ի հունվարից մինչեւ 2022թ.-ի հունվար) ստերջացվել է 1660 շուն, ավելացնելով նախատեսվող 500-ը՝ կստացվի 2160 շուն: 2019թ.-ին, երբ քաղաքապետարանը շների ստերջացման ծրագրի մրցույթ էր հայտարարում, խոսում էր քաղաքում թափառող մոտ 2500 շան մասին՝ չունենալով ոչ մի ուսումնասիրություն: Երեք տարի անց, երբ ստերջացված շների թիվը գրեթե մոտեցել է նշված թվին, քաղաքային իշխանությունները կրկին հայտարարում են, թե 2700 չստերջացված շուն կա քաղաքում:

«Ինչու՞ է նման պատկեր ստացվել,- հարցնում է անասնաբուժական գիտությունների թեկնածու, բնապահպան Գեւորգ Պետրոսյանն ու բացատրում,- որովհետեւ Գյումրիում երբեք չի կատարվել կենդանիների ամենամյա հաշվառում՝ լինի թափառող, թե տանը պահվող: Դրա համար էլ թիվն ասում են աչքաչափով: Մինչեւ ստերջացման գործընթացը սկսելը, Գյումրու քաղաքապետարանը պետք է նախ պարտադիր լիազորություններն իրականացներ: Մինչեւ մրցույթ հայտարարելը պարտադիր պետք է գնահատվեր քաղաքի տարածքում անապաստան կենդանիների պոպուլյացիան: Մենք չունենք տնային կենդանիներ պահելու համաքաղաքային կանոններ, չունենք հաշվառում, թե որքան կենդանի է պահվում տներում, անհասկանալի է, թե քաղաքի տարբեր տարածքներում որքան թափառող կենդանի կա: Առանց նման հստակության, երեք տարի առաջ սկսեցին մի գործընթաց, որի ծայրը չի երեւում»:

Գեւորգ Պետրոսյանն ասում է, որ ստերջացումը անապաստան կենդանիներին վերաբերող գործընթացի շղթայի վերջին օղակն է: Նրա կարծիքով, նախ կենդանիների ապրելու վայրի եւ կերի բազայի հարցը պետք է լուծվի, հետո նոր սկսվի ստերջացումը, որ արված ծախսն էլ արդարացվի: «Ես 2008թ.-ին հետազոտություն եմ անցկացրել «Անապաստան կենդանիների հիմնախնդիրը Անդրկովկասի փոքր ու միջին քաղաքներում, խնդրի լուծման ուղիները» թեմայով, որը հրապարակվել է նաեւ մամուլում: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անապաստան կենդանիների քանակը շատ հաճախ ավելանում է, ոչ թե նրանց, այլ տներում, բակերում պահվող շների բազմացման պատճառով, որոնք ունեն ապահով տարածք եւ կերակրվում են: Առավել անհանգստացնողն էգ շների չվերահսկվող բազմացումն է ու նորածին ձագերին տանել-կորցնելու հին հայկական ավանդույթը: Ու էս ավանդույթի շնորհիվ, տնից փողոցում հայտնված ձագերը համալրում են փողոցում թափառողների շարքերը»:

Զրուցակցիս համոզմամբ՝ երբ կա հաշվառում, թե որքան կենդանի է պահվում տներում, առկա է թաղամասերում թափառող շների քանակը՝ հատկապես էգ շների, հարցն ավելի հեշտ է կարգավորվում: «Ներկայում արվում է ստերջացում, կենդանուն վերադարձնում են փողոց, բայց քանի դեռ մոտավոր թիվ ես նշում, չկա պլանավորում, զուգահեռ այլ ծրագրեր չես իրականացնում, ստերջացումը ոչ մի տեղ տանող ուղի է. փողը ծախսում ես՝ արդյունքն անբավարար է: Ես նշեցի շան ձագերին կորցնելու ավանդույթի մասին, պետք է սկսենք առաջին հերթին դա կանխելուց,- պարզաբանում է զրուցակիցս,-առաջին քայլը պետք է լինի Գյումրի քաղաքում կենդանի պահելու կարգի սահմանումը: Երկրորդ նախապայմանը՝ հաշվառել տներում պահվող բոլոր շներին՝ նաեւ հասկանալու համար տերը բազմացնում է, թե չի բազմացնում, ստերջացված են, թե թողնված են բախտի քմահաճույքին: Եթե պահում ես կենդանուն, ինքը պիտի ձագ տա, դու պետք է պատասխանատու լինես դրա համար: Եթե կենդանին տնայինից դառնում է անապաստան, դրանում մեծ մասամբ մեղավոր է մարդը»:

Գեւորգ Պետրոյանն առաջարկում է հարկ սահմանել կենդանի պահելու համար, որը միանշանակ չի լինի, այլ՝ տարբերակված: «Կենդանի պահելու պարտադիր հարկ պետք է լինի՝ աշխարհում կիրառվում է դա, բայց հարկատեսակը պետք է տարբեր լինի: Եթե դու պահում ես կենդանի, որը ստերջացված է, չի բազմանում, դու տալիս ես տարեկան 1000 դրամ հարկ, եթե չստերջացված արու է՝ հարկը կսահմանվի, ասենք 5 հազար դրամ, եթե չստերջացված էգ շուն է՝ 10 հազար դրամ: Նման կարգը ստիպում է մարդուն մտածել՝ տուգանվելու փոխարեն տանել իր շանը ստերջացնել: Ինչու՞ պետք է միայն համայնքի ուսերին ծանրանա այդ պրոբլեմը: Համայնքը ստերջացնում է, անպատասխանատու անհատը փողոց է շպրտում իր պահած կենդանուն կամ ձագերին: Մինչեւ սա չվերահսկվի, փողոցի շների պոպուլյացիան չի պակասի»,-շեշտում է Գեւորգ Պետրոսյանը:

«Եկեք հասկանանք, որ շները կան, ոչ մի տեղ չեն անհետանալու, ապրելու են մեր կողքի հետ, եւ պետք է ադեկվատ վերաբերվել այս հարցին»,- ասում է «Դինգո թիմ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Օվսաննա Հովսեփյանը: Նա չի ժխտում, որ կա թափառող շների զգալի քանակ, սակայն համարում է, որ հնարավոր է այն վերահսկել, հասնել նրան, որ քչանա, բայց ոչ դաժան վերաբերմունքի կիրառմամբ: Քաղաքակիրթ Եվրոպան նույնպես անցել է այս ճանապարհով՝ թափառող շներին սպանդի ենթարկելուց մինչեւ ստերջացում: Սակայն եվրոպական երկրները մի քանի քայլ առաջ են մեզանից՝ շնորհիվ այն օրենքների, որոնք կարգավորվում են տնային կենդանի պահել ցանկացողների իրավունքներն ու պարտականությունները: 

«Ստերջացման ծրագիրն արդյունավետ է, եթե առաջին տարում ստերջացվում է թափառող շների 70 տոկոսը,- պնդում է Օվսաննա Հովսեփյանը,- 150 կամ 200 շուն ստերջացնելով՝ հնարավոր չէ արդյունք գրանցել՝ չստերջացվածները շատ արագ լրացնում են բացը: Մեկ համայնքի շրջանակներում իրականացվող ստերջացումն էլ է անօգուտ, եթե նույն գործընթացը չկա հարեւան համայնքում: Ես հասկանում եմ, որ ամեն գյուղում կամ քաղաքում հնարավոր չէ ունենալ համապատասխան կլինիկա եւ անասնաբույժներ, որոնք կիրականացնեն ստերջացում: Դրա համար Կառավարությանը ներկայացրել էի շարժական կլինիկա ունենալու նախագիծ: Եկեք հասկանանք, որ մենք ամեն տեղ չունենք մասնագիտացված կլինիկաներ եւ վիրահատող անասնաբույժներ, հատկապես փոքր համայնքներում: Մասնագետների մեծ մասն էլ կենտրոնացված է մայրաքաղաքում: Շարժական կլինիկան համ էդ բացը կփակեր, համ կկարողանար մեծաքանակ ստերջացում իրականացնել»:

Շարժական կլինիկան անցնելու էր մեծ ու փոքր համայնքներով, որեւէ հարմար տեղում ձեւավորվելու էր դաշտային հոսպիտալ, իրականացնելու էր շրջակայքում առկա թափառող շների ստերջացում, աշխատանքն ավարտելուց հետո հավաքվելու էր եւ տեղափոխվելու այլ վայր: Առաջարկը Օվսաննա Հովսեփյանը ներկայացրել է հեղափոխությունից հետո, սակայն ոչ մի արձագանք չի եղել՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր: 

Չկա վերահսկողություն նաեւ շուն բուծողների նկատմամբ: Տիկին Հովսեփյանը նշում է, որ նույն Եվրոպայում ազնվացեղ կենդանիների բուծմամբ կարող են զբաղվել միայն լիցենզավորված ակումբները, որտեղից կենդանի ձեռք բերողը պարտավորվում է ստերջացնել նրան: Բուծման նպատակով սովորաբար պահվում են այն տեսակները, որոնք ազնվացեղ են, եւ սերունդը շարունակելու խնդիր կա: Հայաստանում այս ոլորտը բարձիթողի վիճակում է, ընդհանրապես չի վերահսկվում՝ ինչ ցեղատեսակ են բուծում կամ թերություններ ունեցող ձագուկներն ինչ են արվում:

«Փողոցներում կարող եք հանդիպել բազմաթիվ ազնվացեղ շների, որ տերերը պարզապես ինչ-ինչ պատճառներով դուրս են արել: Դրանք էլ վերածվում են թափառողների, եթե ուրիշ տեր չի գտվում նրանց համար: Այդ առումով ամենատուժվածները երեւի խասկի ցեղատեսակի շներն են,- նկատում է զրուցակիցս,- հայ հասարակության մի մասը զուրկ է կենդանի պահելու, խնամելու, դրսում ադեկվատ վերաբերմունք ցույց տալու կուլտուրայից: Շների ագրեսիայի պատճառն էլ է մարդը: Շան ձագն ագրեսիվ չի ծնվում: Եվ ընդունելի չէ, որ երբ Գյումրիում բողոքում են թափառող շների քանակից կամ ասում են՝ ագրեսիվ են, մարզպետը, չգիտես ինչու, որպես միակ լուծում, առաջարկում է ստորագրահավաք անել ու հետ կանչել օրենքը, որն արգելում է դաժան վերաբերմունքը կենդանու հանդեպ: Դա մեծ հետքայլ է բարոյական եւ մարդկային արժեքներից»:

Գեւորգ Պետրոսյանն առաջարկում է սկսել մարդկանց կրթելուց: «Ամենակարեւոր օղակներից մեկը մարդկանց իրազեկության մակարդակի բարձրացումն ու վարքագծի փոփոխությունն է, եթե այս քայլերի մեջ դա բաց ես թողնում, մնացածն ինչ անում ես, դառնում է աննպատակ: Մարդը պետք է իմանա՝ ինչ բան է ստերջացված շունը, ինչպես է փոխվում կենդանու վարքագիծը, ինչպես պետք է պահի իրեն կենդանուն տեսնելիս: Պետք է ընդունենք, որ կենդանուն ագրեսիայի դրդողն էլ ենք մենք՝ տեսնելուն պես, քարն ու փայտն առած, հալածում ենք»,- նկատում է Գեւորգ Պետրոսյանը:

Մյուս օղակն այս շղթայում շների պահման ժամանակավոր կացարան ունենալն է: Ամբողջ աշխարհում գոյություն ունեն ժամանակավոր կացարանների մի քանի ձեւեր: Դրանցից մեկն այսպես կոչված ծերանոցներն են, որտեղ տերը տանում է կենդանուն եւ մինչեւ կյանքի վերջը վճարում, որ պահեն: Կացարանի մյուս ձեւը, երբ փողոցի շներին տանում են, պատվաստում, ստերջացնում եւ փորձում 6 ամսվա ընթացքում գտնել որդեգրող, եթե տեր չի հայտնվում՝ քնեցնում են: Գեւորգ Պետրոսյանի հավաստմամբ, չկան հավերժական կացարաններ եւ ոչ մի տեղ գրած չէ, որ համայնքը պիտի 20.000 շուն պահի իր հաշվին: Կացարանները սովորաբար նախատեսված են լինում սահմանափակ թվով շների համար:

Եվս մեկ բացի մասին է նշում բնապահպանը՝ շների գերեզմանոցի կամ դիակիզարանի բացակայություն: Եթե չենք սպանում՝ մենք կենդանասեր ենք, իսկ ո՞վ ենք մենք, երբ կենդանու սատկելուց հետո դիակը շպրտում ենք աղբանոց: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter