HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակութային ցեղասպանության վտանգ. ակցիա՝ հանուն Արցախի մշակութային ժառանգության պահպանման

Փետրվարի 16-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ ակցիա էին կազմակերպել։ Նրանք արդեն ամիսներ շարունակ պահանջում են կանխել Արցախում հայկական մշակութային ժառանգության վերացումն ու ձևափոխումը։ Ակցիայի կազմակերպիչ, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ Գայանե Աբրահամյանն ասաց, որ Ադրբեջանը նոր գործողությունների է անցնում, փոխում է իր մարտավարությունը  եւ խնդիրը դուրս բերում իրավական դաշտից: 

«Եթե այս օրերին մենք սրա դեմ չպայքարենք, միջազգային բոլոր հնարավոր կառույցների, եւ հիմանականում  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությանը չներկայացնենք այս խնդիրը, ապա ուղղակիորեն կորցնելու ենք Արցախի հայկականությունը, որովհետև Արցախում հայկականության հետքն են ուզում ջնջել»,- ասաց Գայանե Աբրահամյանը։

2021 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հայցի հիման վրա Հաագայի դատարանի ընդունած միջանկյալ որոշումը վերաբերում էր նաեւ Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը։ Այն պարտավորեցնում է Ադրբեջանին բացառել մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ վանդալիզմի որեւէ գործողություն, բացառել դրանց ձեւափոխումը, յուրացումը և պատժել արդեն իրականացրած գործողությունների համար:

«Հաագայի  դատարանը մեկ այլ միջանկյալ վճռով այլ որոշում կայացրեց՝ նշելով, որ պետք է բացառել որեւէ գործողություն, որն է'լ ավելի է մեծացնելու հակամարտության լարվածությունը։ Հիմա այս գործողությամբ իրենք մեծացնում են այդ լարվածությունը, երկու կետով բավական կոպտորեն խախտում են Հաագայի դատարանի որոշումը: Մեր պաշտոնյաները, արտգործնախարարությունը ունեն պարտավորություն հնարավոր բոլոր կառույցներին ներկայացնելու, թե որոնք են այս խախտումները, այդ թվում՝ հասնելով մինչեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ»,- նշեց Գայանե Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ այս խնդիրների մասին իրենք արդեն բարձրաձայնել են և անցյալ շաբաթ նամակ են ուղարկել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան։

«Այս ամենը շարունակաբար պետք է բարձրաձայնեն նաեւ սփյուռքի մեր գործընկերները, տարբեր համալսարանների հայագիտական բաժիններում գործող գիտնականները։ Պետք է հասկանալ, որ սա միայն մշակութային հարց չէ, սա բավական լուրջ հեռավար քաղաքական նպատակ ունի, եւ սրա նպատակը մեզ վերջնական զրկելն է Արցախի նկատմամբ որեւէ հավակնություն ունենալուց»,-ասաց նա։ 

Ըստ Աբրահամյանի՝ ՀՀ իրավական մեխանիզմները եւ գործիքակազմը բավական շատ են, բայց կարեւորը նաեւ քաղաքական հայտարարություններն են, որոնք որոշակի զսպիչ մեխանիզմներ են Ադրբեջանի դեմ: 

Նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանի խոսքով՝ ՄԱԿ-ի ուշադրությունը պետք է հրավիրել այն  հանգամանքին, որ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։ 

«Հասկանալի է, որ այստեղ հստակ քաղաքականություն է իրականացվում՝ որոշակիորեն ապահովագրելով Ադրբեջանի դիրքերը՝ նման քաղաքականությունը անպատիժ կերպով իրականացնելու համար։ Մշակութային ցեղասպանության այս ամբողջ հետագիծը, որը որդեգրել է Ալիեւի քաղաքականությունը, ցույց է տալիս տվյալ հայտարարությունից բխող հստակ նպատակները։ ՄԱԿ-ի ուշադրությունը պետք է հրավիրել այս ամբողջ ճանապարհին եւ հստակ ներկայացնել, թե ինչպիսի վտանգ է սպառնում մեր ժառանգությանն այսօր»,- ասաց Սեդա Գրիգորյանը եւ հավելեց՝ դիտորդական խմբեր պետք է այցելեն եւ ծանոթանան այն կացությանը, որում գտնվում են մշակութային ժառանգության հուշարձանները։

«Կան մասնավոր նախաձեռնություններ, որոնք արբանյակային մոնիթորինգ են իրականացնում, սփյուռքի մեր գործընկերների կողմից նման աշխատանք իրականացվում է, եւ մենք տեսնում ենք այն աճող վտանգը, որը սպառնում է մեր հուշարձաններին»,-նշեց Սեդա Գրիգորյանը։

Ակցիային մասնակցում էր նաեւ Հադրութի վարչակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի բաժնի պատասխանատու Երազիկ Հայեյանը։ Այժմ նոր կենտրոն են ստեղծել, որտեղ հավաքվում են տեղահանված արցախցիները եւ մշակութային կրթություն տալիս իրենց երեխաներին։

Նրա խոսքով՝ 400-ից ավելի հուշարձան կա Հադրութում, որոնք այս պահին վտանգված են։

«Հատկապես խորհրդային տարիներից հետո ստեղծված հուշարձաններն այսօր հենց առաջինն են քանդվել, իսկ այն եկեղեցիները, այն բոլոր արձանագրությունները, որոնք հայկական են, ադրբեջանցիները փորձում են ձեւակերպել որպես ալբանական եւ փորձում են ջնջել մեր հայկական ինքնությունը, մեր հայկական մշակույթն աղավաղում են։ Սա մշակութային ֆաշիզմ է, որն այսօր տեղի է ունենում Հադրութում եւ մյուս օկուպացված շրջաններում»,- ասաց Երազիկ Հայեյանը։ 

Անի Թամրազյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող

Մեկնաբանություններ (1)

Garo G
It is Pashinyan who handed over Churches to Muslims. So demonstrate against Pashinyan, not UN.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter