HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Լճաշենում 48 մլն եվրոյի ներդրումային ծրագիր կիրականացվի․ ջերմոցային համալիր կկառուցվի

Կառավարությունը համաձայնություն տվեց Լճաշեն բնակավայրի սեփականությունը հանդիսացող շուրջ 51,4 հա հողամասներն ուղիղ վաճառքով օտարել՝ «Արդյունաբերական ջերմոցային համալիր» ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով։ Որոշումն ընդունվեց գործադիրի փետրվարի 17-ի նիստում։

Որոշման նախագծի հիմնավորմամբ՝ Էդուարդ Օհանյանի կողմից հիմնադրված «Գրին Սոլուշնս» ՍՊ ընկերությունը ցանկություն է հայտնել համայնքում իրականացնել 48 մլն եվրոյին համարժեք դրամի ներդրումային ծրագիր։ Ստեղծվելու են 400-450 նոր աշխատատեղեր։ Նախատեսվում է կառուցել խոշոր արդյունաբերական ջերմոցային համալիր։

Նշենք, որ «Գրին Սոլուշնս» ընկերությունը ստեղծվել է 2021 թ-ի սեպտեմբերի 7-ին։ Միակ բաժնետերը հենց Էդուարդ Օհանյանն է։ Աշտարակցի Էդուարդ Օհանյանը «Էն այ քնսթրաքշն» շինարարական ընկերության 50 % բաժնետեր է, իսկ «Սմարթ էյրլայնզ»-ում 1 %-ն է նրան պատկանում։ Օհանյանը նաև «Բեսթ փրոփերթիս», «Իսթեյթ ինվեսմենթ ընդ դիվիլոփմենթ» և ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Սաքապետոյանին պատկանող «Յու էմ ագրո» ընկերություններում տնօրեն է։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նախագծի քննարկման ժամանակ հայտնեց, որ գործարքի արդյունքում համայնքային բյուջե մուտք կարվի 22 մլն դրամ։

«Ծրագիրն ընդհանուր առմամբ իրականացվելու է 115 հա տարածքի վրա և ընդգրկելու է Լճաշեն և Վարսեր բնակավայրերի հողերը։ Ծրագրով նախատեսվում է կառուցել 45 հա ընդհանուր տարածքով ջերմոցային խոշոր համալիր և 2,7 հա մակերեսով արդյունաբերական տնկարան, մյուս տարածքները կծառայեն ենթակառուցվածքների համար։ 60 ամիս է նախատեսված շինաշխատանքների ավարտի համար, այդ ընթացքում 350-400 ժամանակավոր աշխատատեղեր կստեղծվեն, դրանից հետո կլինի 400-ից ավելի մշտական աշխատանք»,- նշեց Սանոսյանը։

Ըստ նախարարի՝ աշխատատեղերի մոտ 75 տոկոսը կանանց համար է նախատեսված։ Ակնկալվում է, որ վերջնական արդյունքում տարեկան մոտ 12 հազար տոննա բանջարեղեն կարտադրվի, որի 80 տոկոսը նախատեսվում է արտահանել։

Ակնկալվում է նաև, որ որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի հողամասերի արդյունավետ օգտագործման, բանջարային մշակաբույսերի արտադրության, նոր աշխատատեղերի ստեղծման հարցերում, ինչպես նաև կավելացվեն համայնքի բյուջե մուծվող գույքահարկի և հողի հարկի մուտքերը։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter