HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քրեական պատասխանատվություն՝ միտումնավոր ներկայացված պաշտոնեական կեղծիքի համար

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանն ու Արթուր Ղազինյանն առաջարկում են փոփոխություններ Քրեական օրենսգրքում՝ նախատեսելով քրեական պատասխանատվություն պաշտոնեական կեղծիքի համար:

Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական պարտականություններից բխող, ազգային անվտանգությանն առնչվող կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով և էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Ըստ հեղինակների՝ նման նախագծի հեղինակման համար հիմք է հանդիսացել այն, որ բազմաթիվ պետական պաշտոնյաներ իրենց պաշտոնեական պարտականություններից բխող հարցերի առնչությամբ բազմիցս հրապարակել են այնպիսի կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որոնք իրենց բնույթով և էական վնաս են հասցրել անձանց, նրանց առողջությանը, պետության եւ հասարակության շահերին:

Հեղինակները հիշեցնում են, որ դեռևս 2020թ. փետրվարի 27-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում էր, որ «կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ», վարչապետ Փաշինյանն էլ 2020թ. մարտի 1-ին ասել էր՝ «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում խնդիրներ առաջացնի», սակայն ամիսներ անց կորոնավիրուսով վարակված անձանց մահերի թիվը գերազանցել է մի քանի հազարը:

Սակայն նախագծի հեղինակման համար միայն կորոնավիրուսի համավարակը չէ, որ պատճառ է դարձել: Ընդդիմադիր պատգամավորները նշում են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում պաշտոնյաների կողմից իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ բազմաթիվ անգամներ են հնչեցվել:

Նախագծում նշվում է այն մասին, որ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հոկտեմբերի 9-ին հայտարարում էր, որ հիմա Հադրութում է և «չգիտես ինչու մենակ հայերի է տեսնում», մինչդեռ Հադրութ քաղաքի մի մասը արդեն իսկ գտնվում էր թշնամու վերահսկողության ներքո:

«Նախագծի կարևորությունն այն է, որ արգելում է պաշտոնատար անձանց կեղծ տեղեկատվություն հրապարակելը, ինչն առաջին հերթին պետական իշխանության վստահելիության կարևորագույն երաշխիքն է»,- նշվում է նախագծում:

Նշենք, որ նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ներառվելու համար նախ պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter