
Պուտինի գլխավորությամբ ՌԴ ՊՆ-ն հրթիռային զորավարժություններ կիրականացնի
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը փետրվարի 19-ին կիրականացի ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ, որի շրջանակներում կարձակվեն նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Այդ մասին գրում է Meduza-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
РИА Новости-ի փոխանցմամբ էլ՝ զորավարժությունները կանցնեն «Ռուսաստանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Վ.Վ. Պուտինի հրամանատարությամբ»։ Ռուսական պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ զորավարժությունները պլանային են։
Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, զորավարժությունների ժամանակ Պուտինը կգտնվի ՌԴ ՊՆ իրավիճակային կենտրոնում։ Պեսկովի խոսքով՝ հավանական է, որ զորավարժություններին հետևի նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն այսօր այցելել է Մոսկվա։ Ավելի ուշ, Լուկաշենկոն հաստատել է իր մասնակցությունը։
«Նույնիսկ զորավարժությունների ժամանակ կատարվող արձակումներն անհնարին են առանց երկրի ղեկավարի»,- Պեսկովի խոսքերը մեջբերել է «Интерфакс»-ը։
Բալիստիկ և թևավոր հրթիռների կիրառմամբ զորավարժություններն անց են կացվելու ՌԴ ՊՆ մասշտաբային զորավարժությունների հետ միաժամանակ, որոնք ռուսական ռազմական գերատեսչությունն անց է կացնում արդեն մի քանի շաբաթ շարունակ երկրի տարբեր մասերում և գրեթե բոլոր զինվորական օկրուգների ու նավատորմերի մասնակցությամբ։ Շարունակվում են նաև ռուս-բելառուսական «Միութենական վճռականություն-2022» զորավարժությունները։
Ռուսական կողմը զորավարժություններով է պայմանավորում ուկրաինական սահմանի մոտ զորքերի և ռազմական տեխնիկայի կուտակումը։ Արևմուտքում դա բացատրում են որպես Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման նախապատրաստության գործընթաց։ Կրեմլը հերքում է ուկրաինական տարածքում ռազմական գործողության անցկացման հավանականությունը, սակայն անվտանգության երաշխիքներ պահանջում ՆԱՏՕ-ից ու նրա անդամներից։ Կրեմլի պնդմամբ՝ զորավարժություններից հետո զորքերը կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայրեր։
Լուսանկարը՝ REUTERS / Alamy Stock Photo
Մեկնաբանել