
Հունաստանի ափերի մոտ լաստանավ է այրվել. տարհանվել է 288 մարդ
Հունական Կորֆու կղզու ափամերձ հատվածում՝ Հոնիական ծովում այրվել է իտալական Euroferry Olympia լաստանավը։ BBC-ի փոխանցմամբ՝ բոլոր ուղևորները տարհանվել են, որևէ մեկը չի տուժել։
AFP-ի տվյալներով՝ լաստանավի վրա եղել է 237 ուղևոր և անձնակազմի 51 անդամ։ Այն ուղևորվում էր հունական Իգումենիցայից Իտալիայի Բրինդիզի քաղաք։ Պատահարը տեղի է ունեցել նավահանգիստը լքելուց հետո։ Լաստանավը գտնվել է Կորֆու կղզուց դեպի հյուսիս և Ալբանիայի ափից դեպի արևմուտք։
Ինչպես հայտնում է հունական MEGA հեռուստաալիքը, հրդեհից հետո նավապետը խնդրել է տարհանել լաստանավը։ Հրդեհը բռնկվել է երրորդ տախտակամածում։ Դրա առաջացման պատճառը դեռևս հայտնի չէ։
Դեպքի վայր է ժամանել առափնյա պահպանության երեք նավ, նավաքարշ շոգենավ և այլ նավեր։
Հունաստանի նավագնացության փոխնախարար Կոստաս Կացաֆադոսի տվյալներով՝ բոլոր ուղևորներին և անձնակազմի անդամներին տարհանել են փրկարարական նավակներով և տեղափոխել Կորֆու կղզի։ Կացաֆադոսի խոսքով՝ տուժածներ չկան։
Լաստանավը պատկանում է իտալական Grimaldi Lines ընկերությանը։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել