
Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները հայտարարել են բնակչության՝ Ռուսաստան տարհանման մասին
Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը բնակչությանը կոչ է արել մեկնել Ռուսաստան, իսկ շրջանների ղեկավարներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին և արտակարգ ծառայություններին՝ օգնել բնակչությանը հասնելու սահմանային անցակետեր։ Նրա հայտարարությունը հրապարակել է Լուգանսկի տեղեկատվական կենտրոնը։
Պասեչնիկի խոսքով՝ Ռուսաստանը «պատրաստ է ապահովել կազմակերպված ընդունելություն և իր տարածքում տեղավորել Լուգանսկի ժողովրդական հանրապետության բնակիչներին»։ Ավելի վաղ, տարհանման մասին հայտարարել էր նաև Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։ Նա հայտարարել էր, որ իրենք պայմանավորվել են Ռոստովի մարզի իշխանությունների հետ, որոնք կտեղավորեն Դոնբասի բնակչությանը։
Այդուհանդերձ, Ռոստովի մարզի նահանգապետի վարչակազմից հայտնել են, որ դեռևս տեղեկատվություն չունեն փախստականների համար ժամանակավոր կեցավայրերի տեղակայման մասին։
Զուգահեռաբար, Դոնեցկում միացվել են քաղաքացիական պաշտպանության շչակները։ Բարձրախոսերով քաղաքացիներին կոչ են անում մեկնել Ռուսաստան։
Ի պատասխան Դոնբասից տարհանման մասին լրագրողների հարցին՝ Կրեմլում հայտարարել են, որ տեղեկատվություն չունեն այն մասին, թե ինչ է կատարվում։
«Ես չգիտեմ, թե հիմա ինչ է կատարվում Պուշիլինի մոտ… Ես չգիտեմ, թե ինչ է այնտեղ կատարվում»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է ընդունելու փախստականներին, Պեսկովը պատասխանել է. «Ես չգիտեմ, թե ում հետ են եղել շփումները, ես տեղեկատվության չեմ տիրապետում»։
Դոնբասի ինքնահռչակ երկու հանրապետությունների ղեկավարները տարհանումը բացատրել են տարածաշրջանում լարվածության աճով։ Պասեչնիկը, հղում անելով «հետախուզության տվյալներին», հայտարարել է, որ «ուկրաինական ագրեսորը» պլանավորում է սադրանքներ իրականացնել շփման գծում և «խորը ներթափանցել» ԼԺՀ տարածք։
Ми категорично спростовуємо повідомлення російської пропаганди щодо нібито наступальних операцій України чи будь-яких диверсій на хімічному виробництві. Україна не проводить та не планує жодних подібних дій на Донбасі. Ми цілковито віддані виключно дипломатичному врегулюванню.
— Dmytro Kuleba (@DmytroKuleba) February 18, 2022
Ուկրաինայում հերքել են դեպի Դոնբաս դիվերսիոն հարձակումների նախապատրաստման և հարձակողական օպերացիայի անցկացման մեղադրանքները։ «Ուկրաինան չի իրականացնում և չի նախատեսում նմանատիպ որևէ գործողություն իրականացնել Դոնբասում։ Մենք ամբողջությամբ հավատարիմ ենք բացառապես դիվանագիտական կարգավորմանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։
Վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է ռուս-ուկրաինական սահմանին, ինչը պայմանավորված է Ուկրաինայի հետ սահմաններին ռուսական զորքերի կուտակմամբ։ Փետրվարի 15-ին ՌԴ Պետդումայի պատգամավորները դիմել էին ՌԴ նախագահին՝ խնդրելով ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով նախաձեռնությունը, նշել էր, որ «մենք պետք է անենք ամեն ինչ Դոնբասի խնդրի լուծման համար»։ Կրեմլում նշել էին, որ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչումը կդառնա Մինսկի պայմանավորվածությունների խախտում։
Լուսանկարը՝ արխիվային/ Валерий Мельников / РИА Новости
Մեկնաբանել