HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները հայտարարել են համընդհանուր զորահավաք

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է համընդհանուր զորահավաքի մասին։ Ստորագրված հրամանի մասին նա հայտարարել է իր տեսաուղերձում։ 

«Դիմում եմ հանրապետության բոլոր տղամարդկանց, որոնք ունակ են իրենց ձեռքում զենք բռնել, կանգնել իրենց ընտանիքների, երեխաների, կանանց, մայրերի պաշտպանությանը։ Համատեղ ջանքերով մենք կհասնենք ցանկանալի և մեր բոլորի համար անհրաժեշտ հաղթանակին»,- հայտարարել է Պուշիլինը։ 

Համանման որոշում է ընդունել նաև Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։ Նա ևս արգելել է ինքնահռչակ հանրապետության տարածքից դուրս գալ 18-55 տարեկան տղամարդկանց։ Բացի այդ, նա պետական մարմիններին թույլատրել է ձեռնարկություններից, կազմակերպություններից և քաղաքացիներից «վերցնել տրանսպորտն ու գույքը՝ պաշտպանության կարիքների նպատակով»։ 

Այսօր Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության դիտորդները հայտարարել են, որ փետրվարի 17-ին Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության տարածքում գրանցել են հրադադարի ռեժիմի խախտման 222 դեպք, որից 185-ը՝ պայթյուններ։ Լուգանսկում, ԵԱՀԿ խոսքով, գրանցվել է 648 դեպք, որից 519-ը՝ պայթյուն։

Զուգահեռաբար, ինքնահռչակ հանրապետություններից շարունակում է հեռանալ քաղաքացիական բնակչությունը։ Նախօրեին, Պուշիլինն ու Պասեչնիկը հայտարարել էին Ռուսաստան զանգվածային տարհանման մասին։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ պետք է տարհանվի մոտ 700 հազար մարդ։ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում այդ որոշումը բացատրում են իբր Ուկրաինայի կողմից ռազմական գործողությունների պատրաստմամբ պայմանավորված քայլ։ Կիևը հայտարարում է, որ նման մտադրություններ չունի։

Ներկայումս, Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների իշխանությունների տվյալներով՝ Ռուսաստան է մեկնել արդեն 28 հազար մարդ, հիմնականում, Ռոստովի մարզ։ Փոխնահանգապետ Իգոր Գուսկովի խոսքով՝ մարզը դաշնային բյուջեից արդեն ստացել է 5 միլիարդ ռուբլի, որոնք կուղղվեն «փախստականներին օգնություն տրամադրելուն»։ Դոնբասի բնակիչներին ընդունելու վերաբերյալ հայտարարություն են տարածել նաև Ռուսաստանի մյուս երկրամասերն ու մարզերը, ներառյալ Յակուտիան և Օրենբուրգի մարզը։

Լուսանկարը՝ Михаил Терещенко/ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter