
Bellingcat-ի պնդմամբ՝ Լուգանսկի ու Դոնեցկի առաջնորդները տարհանման վերաբերյալ տեսանյութերը նկարահանել են դեռ փետրվարի 16-ին
Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինի տեսաուղերձները, որտեղ նրանք հայտարարում են Դոնբասի բնակչության տարհանման մասին, նկարահանվել են դեռևս չորեքշաբթի օրը՝ փետրվարի 16-ին։ Այդ մասին պնդում է Bellingcat-ի փաստերի ստուգման մասնագետ Արիք Թոլերը՝ վկայակոչելով տեսանյութերի մետատվյալները։
Video metadata for the clip in question shows February 16th (Wednesday), it was supposedly captured today. pic.twitter.com/7WwhR0GifF
— Aric Toler (@AricToler) February 18, 2022
Ընդ որում, Պուշիլինը իր ելույթում ընդգծում է, որ «տարհանումը տեղի է ունենում այսօր՝ փետրվարի 18-ին»։
Տեսանյութի մետատվյալները պահպանվել են տելեգրամում, որտեղ հրապարակվել էին տեսանյութերը։ «Ուշադրություն դարձրեք, որ լուսանկարների/տեսանյութերի մետատվյալները սարքավորման մեջ արտացոլում են դրա ստեղծման ժամը (ու ժամային գոտին), որտեղ ստեղծվել է նիշը»,- նշում է Թոլերը։
Baza-ն էլ գրում է, որ սկզբնական տարբերակով Պասեչնիկի տեսանյութը պահվում էր «Մանգուստի նետում» անունը կրող թղթապանակում։
Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների առաջնորդների տեսանյութերը հրապարակվել են ուրբաթ օրը՝ փետրվարի 18-ի ցերեկը։ Այնտեղ նրանք հայտարարում են Ռուսաստան Դոնբասի բնակչության զանգվածային տարհանման մասին՝ բացատրելով դա տարածաշրջանում իրավիճակի լարվածության աճով։
Ուկրաինայի իշխանությունները, ի պատասխան տարհանման վերաբերյալ հաղորդագրությունների, ընդգծել են, որ չեն պատրաստվում հարձակողական գործողություններ սկսել տարածաշրջանում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Դոնբասից Ռոստովի մարզ տարհանված յուրաքանչյուր անձի հատկացնել 10 000 ռուբլի։ Այդ գումարները փոխանցվել են ՌԴ կառավարության պահուստային ֆոնդից։
Լուսանկարը՝ open.online-ից
Մեկնաբանել