
Քամալա Հարիս. «Ռուսաստանն ագրեսիան իրականացնում է նույն սցենարով»
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Ռուսաստանին սպառնացել է զանգվածային պատժամիջոցներով, եթե վերջինս հարձակվի Ուկրաինայի վրա։ «Մենք համատեղ պատրաստել ենք տնտեսական միջոցներ, որոնք կլինեն արագ, կոշտ և միասնական»,- Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ժամանակ իր ելույթում հայտարարել է Քամալա Հարիսը։
Նա նաև հաստատել է ՆԱՏՕ-ի արևելքում ամերիկյան զորքերի թվաքանակի մեծացումը։ «Ինչպես ասել է նախագահ Բայդենը, մեր զորքերը այնտեղ տեղակայված են ոչ թե Ուկրաինայում պատերազմելու, այլ ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքների յուրաքանչյուր սանտիմետրի պաշտպանության համար»,- ընդգծել է ամերիկացի փոխնախագահը։
Հարիսի պնդմամբ՝ Ռուսաստանը «ճշգրիտ նույն սցենարով» իրականացնում է ագրեսիվ գործողություններ։ Դրա մաս է կազմում «ներխուժման կեղծ առիթի ստեղծումը, որն իր մեջ ներառում է սուտ, ապատեղեկատվություն և քարոզչություն»։ Հարիսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կսատարի Արևելյան Եվրոպայի իր դաշնակիցներին՝ ընդգծելով, որ այդ առումով կարևոր է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի կարևորությունը։ Վերջինս սահմանում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում դաշինքի բոլոր երկրների վրա, և այդ դեպքում ՆԱՏՕ-ի երկրները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի օգնեն ագրեսիայի զոհերին։
ԱՄՆ փոխնախագահը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները բաց է Ռուսաստանի հետ հակամարտության դիվանագիտական լուծմանը, չնայած իրավիճակի լարվածությանը։ «Բայց եթե դիվանագիտությունը մտնի փակուղի, Վաշինգտոնը նաև պատրաստ է կոշտ պատասխանի»,- եզրափակել է Քամալա Հարիսը։
Լուսանկարը՝ Andrew Harnik-ի/NYT
Մեկնաբանել