HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում ընդունելություն չի լինի․ մարզի միակ բուհը կարող է փակվել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023 թթ․ համար ընդունելություն չի լինի։ Որոշումն ընդունվել է (որոշման 8-րդ կետ) Տնտեսագիտական համալսարանի գիտխորհդի՝ 2021 թ-ի հոկտեմբերի 11-ի նիստում։

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներն անհանգաստացած են, որ Վայոց ձորի միակ բուհը կարող է փակվել։

Բուհի Եղեգնաձորի մասնաճյուղի Կառավարում բաժնի 3-րդ կուրսի ուսանող Շուշանիկ Դանիելյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ որոշում կա, որ պետք է դադարեցվի ընդունելությունն այս տարվա համար։

«Եթե դադարեցվում է ընդունելությունը, հետևաբար 4 տարի հետո բուհը կփակվի, որովհետև էլ ուսանող չի լինի»,- ասում է Շուշանիկը։

Համալսարանի ուսանողները ստորագրահավաք են իրականացրել, իրենց դիմումը ներկայացրել ԿԳՄՍ նախարարությանը։ Հանդիպել են Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանի հետ, որն էլ նրանց ուղղորդել է բուհի ռեկտոր Դիանա Գալոյանի հետ խոսելու։ Նախկին, ներկա և ապագա ուսանողներն իրենց ֆեյսբուքյան էջերով բաց նամակով դիմել են վերջինիս, որպեսզի խնդրին լուծում տրվի։

«600 ստորագրություն ենք հավաքել, որպեսզի ընդունելությունը վերականգնվի, բուհը չփակվի, քանի որ մարզի միակ համալսարանն է։ Սոցիալապես խնդիրներ ունեցող ուսանողները շատ են, որոնք չեն կարողանա հասնել Երևան և իրենց ուսումը շարունակել»,- նշում է նա։

Ուսանողի խոսքով՝ Եղեգնաձորի մասնաճյուղում ուսման վճարը շատ ավելի ցածր է, քան Երևանում։ Օրինակ՝ կառավարում և ֆինանսներ բաժնում հեռակա ուսման արժեքը 300 000 է, իսկ Երևանում՝ 450 000 դրամ։

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Արփինե Հովակիմյանը նոր ուսումնական տարում ընդունելություն չկազմակերպելու պատճառների մասին խնդրեց ՀՊՏՀ-ից ստանալ պարզաբանումներ՝ նշելով, որ ինքը գիտի այն, ինչ արդեն մամուլում հրապարակվել է։

Հարցին, թե արդյոք ՀՊՏՀ ռեկտորը զգուշացրել է, որ ուսանողները դադարեցնեն իրենց բողոքները, այլապես մասնաճյուղը կարող է ավելի շուտ զրկվել լիցենզիայից՝ մասնաճյուղի տնօրենը պատասխանեց․ «Լիցենզիայի որոշ կետեր, բնականաբար, կան, որ չեն բավարարում, կան համապատասպան ենթակառուցվածքներ և այլն, դասախոսների թվաքանակ։ Դա միշտ է եղել, այնպես չէ, որ հենց էսօր է դա եղել»։

ՀՊՏՀ-ի պարզաբանումը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Եղեգնաձորում ընդունելություն չլինելու մասին պարզաբանում է տարածել, ըստ որի՝ 2015-2021 թթ․ Եղեգնաձորի մասնաճյուղի առկա բակալավրի պլանային տեղերի միջինում 72%-ը այդպես էլ չի համալրվել։ Բացի այդ, չնայած Եղեգնաձորում տարեկան ուսման վարձի չափն ավելի մատչելի էր՝ մարզի դիմորդների շուրջ 90 %-ը բարձրագույն կրթությունը շարունակել է Երևանում։

«Համալսարանն ահռելի վնասներ է կրում՝ չլուծելով ո՛չ որակյալ կրթության, ո՛չ կրթական մատչելիության ապահովման, ո՛չ մարզի գիտնականների ներառման և ո՛չ էլ մարզի տնտեսական կյանքում կատարվող ու հրապարակվող հետազոտություններով դերակատարում ունենալու խնդիրները, ինչն էլ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում ընդունելության դադարեցման պատճառ է դարձել»,- ասված է ՀՊՏՀ-ի պարզաբանման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter