HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ է Suisse Secrets-ը

Ի՞նչ է Suisse Secrets-ը

Suisse Secrets-ը աշխարհի ամենահարուստ և ամենակարևոր բանկերից մեկի վերաբերյալ միջազգային լրագրողական հետաքննություն է։

Աշխարհի 39 երկրից ավելի քան 160 լրագրող ամիսներ շարունակ ուսումնասիրել է Շվեյցարիայի երկրորդ բանկից՝ Credit Suisse-ից արտահոսած բանկային հաշիվների վերաբերյալ տվյալները։ Արտահոսքը վերաբերել է ավելի քան 18,000 բանկային հաշվի, որոնց վրա ընդհանուր առմամբ եղել է շուրջ 100 միլիարդ ԱՄՆ դոլար։ Սա շվեյցարական խոշոր բանկի հաճախորդների տվյալների միակ հայտնի արտահոսքն է:

Շվեյցարիան հայտնի վայր է փող պահելու համար, մասամբ՝ բանկային գաղտնիքի մասին իր օրենքների շնորհիվ: Շվեյցարիայում բանկային հաշիվ ունենալը որպես այդպիսին հանցագործություն չէ։ Բայց բանկերը պետք է խուսափեն այնպիսի հաճախորդների սպասարկելուց, որոնք ապօրինի են «աշխատել» իրենց գումարները և ներգրավված են եղել հանցագործությունների մեջ։ Լրագրողները Credit Suiss-ում հաշիվների սեփականատերերի մեջ հայտնաբերել են կոռումպացված տասնյակ պետական պաշտոնյաների, հանցագործների և մարդու իրավունքները ոտնահարողների:

Չնայած նման հաճախորդների տխրահռչակ համբավին (որը որոշ դեպքերում ակնհայտ կդառնար պարզ Google որոնում անելու միջոցով), Credit Suisse-ը տարիներ շարունակ նրանցից ոմանց հետ հարաբերություններ է պահպանել, թեև հնարավոր է, որ որոշ հաշիվներ իրավապահների կողմից սառեցված լինեն։

Suisse Secrets նախագիծը այս հաշիվների սեփականատերերի մասին հետաքննություն է։ Այն, որ նրանք օգտագործում են բանկային գաղտնիքի մասին շվեյցարական օրենքը, վառ օրինակ է այն բանի, թե ինչպես է միջազգային ֆինանսական արդյունաբերությունը թույլ տալիս գողություն և կոռուպցիա: Նախագծով ընդգծվում է այս ոլորտում հաշվետվողականության բարձրացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով վերջին տարիներին Credit Suisse-ի տված բազմաթիվ խոստումները՝ բարեփոխելու իր իրավաբանական ուսումնասիրության (due diligence) պրակտիկան։

Որտեղի՞ց այս տվյալները։ Ի՞նչ է հայտնի տվյալների մասին

Suisse Secrets տվյալները տրամադրվել են գերմանական Süddeutsche Zeitung-ին անանուն ազդարարի կողմից ավելի քան մեկ տարի առաջ։ Ազդարարի ինքնության մասին որևէ բան հայտնի չէ։

Սակայն, ազդարարը տրամադրել է հետևյալ հայտարարությունը, որով նա բացատրում է իր շարժառիթները։

«Ես կարծում եմ, որ բանկային գաղտնիքի մասին շվեյցարական օրենքները բարոյական չեն։ Ֆինանսական գաղտնիությունը պաշտպանելու պատրվակը պարզապես շղարշ է, որը քողարկում է շվեյցարական բանկերի ամոթալի դերը որպես հարկերից խուսափողների հետ համագործակցող կառույցի։ Այս իրավիճակը հանգեցնում է կոռուպցիայի և զարգացող երկրներին զրկում է այդքան անհրաժեշտ հարկային եկամուտներից»։
«Ես ուզում եմ ընդգծել այն փաստը, որ այս իրավիճակի պատասխանատվությունը կրում են ոչ թե շվեյցարական բանկերը, այլ շվեյցարական իրավական համակարգը: Բանկերը պարզապես կապիտալիստներ են, որոնք առավելագույնի են հասցնում իրենց շահույթը այն իրավական համակարգում, որտեղ գործունեություն են ծավալում: Պարզ ասած՝ շվեյցարացի օրենսդիրները պատասխանատու են ֆինանսական հանցագործությունների հնարավորության համար։ Իրենց ուղղակի ժողովրդավարության շնորհիվ շվեյցարացիներն իրավունք ունեն ինչ-որ բան անելու դրա դեմ»:
«Ես տեղյակ եմ, որ օֆշորային շվեյցարական բանկային հաշիվ ունենալը պարտադիր չէ, որ ենթադրի հարկերից խուսափում կամ որևէ այլ ֆինանսական հանցագործություն: Համոզված եմ, որ որոշ հաշիվներ ունեն գոյություն ունենալու իրավաչափ պատճառ կամ հայտարարագրվել են հարկային մարմիններին, համապատասխան օրենսդրության համաձայն։ Այնուամենայնիվ, հավանական է, որ այդ հաշիվների մի զգալի մասը բացվել է՝ միայն նպատակ ունենալով թաքցնել իրենց սեփականատիրոջ հարստությունը»:

Süddeutsche Zeitung-ը հրապարակել է այս հայտարարության ամբողջական տարբերակը, այն կարող եք կարդալ անգլերեն կամ գերմաներեն։

Ի՞նչ կա արտահոսած տվյալների մեջ

Արտահոսած տվյալները ներառում են Credit Suisse-ում ավելի քան 18,000 հաշիվ և 30,000 հաշվետեր (ոմանք ունեն բազմաթիվ հաշիվներ, մինչդեռ շատ հաշիվներ վերահսկվում են բազմաթիվ մարդկանց կողմից):

Ամեն հաշվի վերաբերյալ տվյալը ներառում է հաշվեհամարը, հաշվի տիրոջ կամ տերերի համարը, հաշվի բացման և փակման ամսաթվերը, հաշվում եղած առավելագույն գումարը. Չկա որևէ նշում՝ արդյոք դրանք դեպոզիտ, խնայողական կամ ներդրումային հաշիվներ են:

Credit Suisse-ն ունի բազմաթիվ դուստր ձեռնարկություններ, տարիների ընթացքում ձեռք է բերել նաեւ մի քանի բանկ: Տվյալների մեջ որևէ նշում չկա, թե այդ հաշիվներից քանիսն են բացվել Credit Suisse-ի կողմից գնված այլ բանկերից մեկում, նախքան Credit Suisse տեղափոխվելը:

Հաշվետերերից ոմանք մարդիկ են, մյուսները՝ իրավաբանական անձինք, ինչպիսիք են ընկերությունները: Հաշվետերերը բնակվում են ավելի քան 120 իրավասություններում և ներկայացնում են ավելի քան 160 քաղաքացիություն:

Հաշիվներում պահվող ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 100 միլիարդ ԱՄՆ դոլար: Միջինում մեկ հաշվի վրա պահվում էր մոտ 7,5 միլիոն շվեյցարական ֆրանկ, բայց կան որոշ բացառություններ։ Տասնյակից ավելի հաշիվներում առկա էր ավելի քան 1 միլիարդ շվեյցարական ֆրանկ։ Այս թվերը ցույց չեն տալիս տարիների ընթացքում հաշիվների միջև տեղափոխված փողերի ընդհանուր գումարը, բայց, ամենայն հավանականությամբ, այն շատ ավելի մեծ է:

Արտահոսքի տվյալները չեն վերաբերում մեր օրերում բացված հաշիվներին, թեև հաշիվներից շատերը բաց են մնացել մինչև 2010-ական թվականները: Ամենից շատ հաշիվ բացվել է 2007-ին և 2008-ին։ Ամենից շատ փակվել են 2014-ին, ինչը համընկնում է Շվեյցարիայում նոր կանոնակարգերի ներդրման հետ, որոնք ենթադրում էին օտարերկրյա ռեզիդենտ հաճախորդների վերաբերյալ հարկային տեղեկատվության ավտոմատ փոխանակում: Միջինում հաշիվը բաց է եղել մոտ 11 տարի։

Ովքե՞ր են Credit Suisse-ի խնդրահարույց հաճախորդները

Օրինակներից մեկը Ռոդոլյուբ Ռադուլովիչն (Rodoljub Radulović) է՝ Արևելյան Եվրոպայի կոկաինի մաքսանենգության խոշորագույն կարտելներից մեկի բարձրաստիճան անդամը, որը ղեկավարում է հայտնի սերբ նարկոբարոն Դարկո Սարիչը (Darko Sarić): Ռադուլովիչը կարողացել է Credit Suisse-ում հաշիվ բացել, չնայած ԱՄՆ-ում ֆինանսական սկանդալներում ներգրավվածության երկար պատմությանը: Սերբիայի դատախազներն ասում են, որ նա հաշիվն օգտագործել է ավելի քան 3 միլիոն եվրո արժողությամբ թմրանյութերի փողերը լվանալու համար:

Մեկ այլ օրինակ է Էդուարդ Սեիդելը (Eduard Seidel)՝ գերմանական հեռահաղորդակցման ոլորտի հսկա Siemens ընկերության Նիգերիայի մասնաճյուղի նախկին գլխավոր գործադիրը: Նրա հաշիվներին տասնյակ միլիոն շվեյցարական ֆրանկ է պահվել։ Հաշիվներից երկուսը բաց են մնացել գրեթե տասը տարի՝ Նիգերիայում կաշառակերության խոշոր սկանդալում նրա մասնակցության մասին մեղադրանքներից հետո:

Կա նաև Մյուլլեր Կոնրադ «Բիլի» Ռաուտենբախը (Muller Conrad ‘Billy’ Rautenbach)` հանքարդյունաբերության մագնատ, որը ժամանակին բացահայտ կերպով պարծենում էր հաջողության հասնելու համար կաշառք բաժանելու իր պատրաստակամությամբ, նա ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների է ենթարկվել։

Այս դեպքերը միավորող ավելի մեծ պատմությունը խոշոր ֆինանսական հաստատության մասին է, որը թույլ է տվել հաճախորդներին թաքցնել «լվացված» կամ գողացած ակտիվները: Գրեթե բոլոր պատմությունները հիմնված են հանրությանը հասանելի տեղեկատվության վրա, ինչը նշանակում է, որ Credit Suisse-ի իրավաբանական ուսումնասիրության բաժինը նույնպես կարող էր ստուգել այս տեղեկատվությունը:

Ի վերջո, հետաքննության նպատակը համակարգային ձախողումների բացահայտումն է։ Վերջին 20 տարիներին Credit Suisse-ը ներքաշվել է ավելի քան մեկ տասնյակ խոշոր սկանդալների մեջ՝ կապված իր հաճախորդների կողմից կոռուպցիայի, հարկերից խուսափելու, փողերի լվացման կամ այլ հանցագործությունների հետ: Բանկը մի քանի անգամ խոշոր տուգանքներ է վճարել և մի քանի պայմանագիր է կնքել Շվեյցարիայի իշխանությունների հետ՝ պարբերաբար խոստանալով ուժեղացնել համապատասխանության իր գործելաոճը: Սակայն սկանդալները շարունակվել են։

Հարցուպատասխանի ամբողջական տարբերակը անգլերենով կարդացեք OCCRP-ի կայքում։

Suisse Secrets նախագծի վրա աշխատել են

Africa Uncensored (Kenya) Alqatiba.com (Tunisia) Armando.info (Venezuela) Center for Investigative Reporting (Bosnia and Herzegovina) Confluence Media (India) Depeches du Mali (Mali) Diario Rombe (Equatorial Guinea) Efecto Cocuyo (Venezuela) | L'Evénement (Niger) Expresso (Portugal) Fact Focus (Pakistan) The Guardian (United Kingdom) Hetq (Armenia) Impact.sn (Senegal) Infobae (Argentina) Infolibre (Spain) Interferencia de Radioemisoras UCR (Costa Rica) Investico (Netherlands) Investigative Reporting Lab (North Macedonia) IrpiMedia (Italy) Kloop (Kyrgyzstan) KRIK (Serbia) La Nación (Argentina) The Namibian (Namibia) Miami Herald (United States)Le Monde (France) The New York Times (United States) The News (Pakistan) NewsHawks (Zimbabwe) Norddeutscher Rundfunk (Germany) OCCRP (Global) Piaui (Brazil) Prachatai (Thailand) Premium Times (Nigeria) Profil (Austria) Reporter.lu (Luxembourg) Shomrim (Israel) | Slidstvo.info (Ukraine) | Le Soir (Belgium) La Stampa (Italy) Süddeutsche Zeitung (Germany) Sveriges Television (Sweden) | Trece Costa Rica Noticias (Costa Rica) Turkmen News (Turkmenistan) | Twala.info (Algeria) Verdade (Mozambique) Vlast (Kazakhstan) Westdeutscher Rundfunk (Germany)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter