HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Յունիս փոթորիկը Եվրոպայում 16 մարդու մահվան պատճառ է դարձել

Առնվազն 16 մարդ է զոհվել եվրոպական մի քանի երկրներում, որտեղով վերջին երկու օրվա ընթացքում անցել է Յունիս փոթորիկը։ BBC-ի փոխանցմամբ՝ Նիդերլանդներում զոհվել է 4 մարդ, Լեհաստանում՝ ևս 4, Մեծ Բրիտանիայում՝ 3, Գերմանիայում և Բելգիայում՝ 2-ական, իսկ Իռլանդիայում՝ 1 մարդ։ 

Բացի այդ, շատերը ստացել են վնասվածքներ, մասնավորապես, փոթորկի պատճառով տեղի են ունեցել ավտովթարներ։ Օրինակ, Հյուսիսային Ֆրանսիայում վիրավորվել է 30 մարդ։ 

Եվրոպացի օդերևութաբանների պնդմամբ՝ փոթորիկը դարձել է վերջին 30 տարվա մեջ Եվրոպային պատուհասած ամենահզոր տարերային աղետներից մեկը։

Ուրբաթ օրը՝ փետրվարի 18-ին, որոշ շրջաններում քամու ուժգնությունը հասել է ավելի քան 200 կիլոմետր ժամի։ Ժամանակավորապես առանց էլեկտրականության են մնացել միլիոնավոր տներ, բազմաթիվ շրջաններում կանգնել են գնացքները և հանրային տրանսպորտի մյուս տեսակները, օդանավակայաններում հետաձգվել են հարյուրավոր ավիաթռիչքներ։ 

Գերմանիայի երկաթուղին՝ Deutsch Bahn-ը, հայտարարել է, որ Յունիսը որոշ հատվածներում վնասել է էլեկտրացանցերը։ Լեհաստանի հյուսիս-արևմուտքում շաբաթ օրը՝ փետրվարի 19-ին, առանց էլեկտրականության է մնացել ևս մոտ մեկ միլիոն տնային տնտեսություն։

Լուսանկարը՝ anglotopia.net-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter