2023-ին զբոսաշրջությունը կհասնի 2019-ի մակարդակին
Կորոնավիրուսի վարակի բռնկումից հետո ամբողջ աշխարհում գրանցվել է համաշխարհային զբոսաշրջության ժամանումների 74% անկում: ԱՄՆ-ում տեղի է ունեցել 69% անկում, Եվրոպայում` 70%, Աֆրիկայում` 75%, Մերձավոր Արեւելքում` 75%, Հեռավոր Արեւելքում՝ 84%:
«Սա աննախադեպ անկում էր. մարդկության պատմության մեջ զբոսաշրջությունը նմանատիպ իրավիճակում չի եղել: Իրավիճակն այնպիսին էր, ինչպես 30 տարի առաջ՝ 90-ականներին ամբողջ աշխարհում: Ըստ կանխատեսումների՝ 2023-ին մենք կկարողանանք հասնել 2019-ի մակարդակին»,- ասում է «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցացիայի» վարչության անդամ Անահիտ Ավագյանը:
Նա այս վիճակագրությունը ներկայացրեց այսօր՝ փետրվարի 20-ին, Զբոսավարների միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված կոնֆերանսին։ Այն կրում էր «Հետպատերազմյան եւ քովիդյան զբոսաշրջությունը Հայաստանում․ վերլուծություններ, կանխատեսումներ» խորագիրը: Կոնֆերանսին ներկա էին զբոսավարներ, զբոսաշրջության ոլորտի այլ աշխատակիցներ, հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկան ասոցիացիայի փոխնախագահ Զարուհի Օրբելյանը, Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը եւ Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ զբոսաշրջության վարչության տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը: Հայաստանի զբոսավարներին տեսաուղերձով ողջունեց Զբոսավարների եվրոպական ասոցիացիաների ֆեդերացիայի (FEG) նախագահ Էֆի Կալամպուկիդուն:
«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցացիայի» փոխնախագահ Զարուհի Օրբելյանը շնորհավորեց զբոսավարներին մասնագիտական տոնի կամպակցությամբ եւ խոսեց զբոսավարի աշխատանքի կարեւորության մասին:
«Եթե տուրօպերատորը կազմում է շրջագայությունը, առաջարկում, վաճառում է ու տալիս զբոսավարին, ապա զբոսավարն ավելացնում է համապատասխան համեմունքներ, իլյուզիաներ, լավ տրամադրություն, սեր եւ նոր մատուցում է զբոսաշրջիկին: Սրա շնորհիվ է, որ կարողանում ենք մինչեւ այսօր մեր երկրին սիրահարված զբոսաշրջիկին ետ ճանապահել իրենց տուն»,- ասաց Զարուհի Օրբելյանը:
Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ զբոսաշրջության վարչության տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանի խոսքով՝ քաղաքապետարանը կարեւորում է հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունները։ Նա առանձնացրեց զբոսաշրջության ոլորտում նախորդ տարի իրականացված մի քանի նախագծեր:
«Քովիդյան ժամանակաշրջանում, առանց օնլայն հարթակների օգտագործման, դժվար էր դիմակայել այդ ամենին, եւ դրա համար մենք ստեղծեցինք «Visit Yerevan» զբոսաշրջային հարթակը, որը միտված էր զբոսաշրջության քաղաքային զարգացման տեսանկյունից նոր մարտահրավերներին դիմակայելուն: Մենք նաեւ պատրաստվում ենք «Զվարթնոց» օդանավակայանում ունենալ մեծ չափերով զբոսաշրջային տեղեկատվական «Ինֆո կետ» ժամանման սրահում, որը զբոսաշրջիկներին հնարավորություն կտա այնտեղից տեղեկատվություն ստանալ մայրաքաղաքի մասին»,- ընդգծեց Գեւորգ Օրբելյանը:
Անահիտ Ավագյանի խոսքով՝ 2019 թվականին ամբողջ աշխարհում 1.5 մլրդ զբոսաշրջային ժամանում է իրականացվել: Դա տասներորդ հերթական տարին էր, որ ոլորտում աճ էր գրանցվում: Զբոսաշրջությունը 2009-2019 թվականների ընթացքում ամեն տարի միջինում մոտ 5%-ով աճ է գրանցել:
«Պատկերացրեք՝ սա ավելին է, քան համաշխարհային տնտեսության աճը (2.8%): Վառելիքից եւ քիմիական նյութերից հետո զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության երրորդ ամենամեծ արտահանվող կատեգորիան է համարվում: Նախքան քովիդը զբոսաշրջությունը նույնիսկ զարգացող եւ ոչ զարգացած երկրներում է համարվել առաջատար տնտեսություն: Որոշ երկրներում արտահանման 50%-ն է կազմել զբոսաշրջությունը, եւ կան նույնիսկ կղզի-քաղաքներ, որտեղ տնտեսությունը մեծապես հիմնված է զբոսաշրջության վրա»,- ասաց Անահիտ Ավագյանը:
Կոնֆերանսի երկրորդ հատվածում տեղի ունեցավ «Հետպատերազմյան եւ քովիդյան զբոսաշրջությունը Հայաստանում» թեմայով քննարկում: Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման փորձագետ Անահիտ Ոսկանյանը քննարկման ընթացքում առանձնացրեց զբոսաշրջության ոլորտի դրական միտումները, որոնք կորոնավիրուսի հետեւանքով են առաջացել:
«Մեր զբոսաշրջությունն ավելի շատ երիտասարդանում է, եւ զբոսաշրջային ուղղությունները, երիտասարդ զբոսաշրջիկների պահանջմունքներին համահունչ, վերջին մեկ-երկու տարվա ընթացքում կարծես ավելի մեծ տեմպերով են զարգանում: Բացասական միտումներ ավելի շատ զգաց մեր երեւանյան հյուրընկալման արդյունավետությունը, սակայն, ի տարբերություն մայրաքաղաքի, մեր մարզերն է'լ ավելի ակտիվացան: Դրական միտումներից է նաեւ այն, որ կորոնավիրուսային հիվանդության արդյունքում բնակիչները շատ ավելի լավ սկսեցին ճանաչել մեր երկիրը: Սա հսկայական ձեռքբերում է, որն իսկապես պետք է կարեւորել, քանի որ նախ՝ դու պետք է ճանաչես քո երկիրը, մեծ սեր տածես, որ կարողանաս օտարին փոխանցել այդ ամենը»,- ասաց Անահիտ Ոսկանյանը:
ADWISE Խորհրդատվական ընկերության մարքեթինգի և հաղորդակցության գործընկեր Նունե Մելքումյանի խոսքով՝ ճգնաժամի մեջ ավելի շատ հնարավորություններ են թաքնված, եւ պետք է նոր ուղիներ փնտրել մարքեթինգի ու տեխնոլոգիական լուծումների տեսանկյունից:
«Ես ոչ թե կարծում եմ, որ քովիդը մի օր կվերջանա, այլ որ մենք ավելի լավ կհարմարվենք դրան եւ կսովորենք այդպես մեր նորմալ կյանքը վարել: Իսկ երբ խոսքն այսպիսի փորձությունների մասին է, ապա փոխվում է տնտեսական վիճակը, եւ ավելի հեշտ են դիմակայում մեծ ընկերությունները, իսկ փոքր ընկերությունները դժվարանում են: Դրա պատճառով մարդիկ սկսում են փնտրել նոր ուղիներ, եւ ես կարծում եմ, որ քովիդը եւ այսօրվա վիճակը շատ հնարավորություններ են բացում մեր առջեւ:»,- նշեց Նունե Մելքումյանը:
Քննարկմանը մասնակցում էր նաեւ ռեժիսոր, դերասան, ստեղծարար տեխնոլոգիաների մասնագետ, «Նախագիծ 301․ Հայաստան՝ իմաստունների երկիր» ծրագրի նախաձեռնող Պյոտր Նեմոյը: Նրա խոսքով՝ զբոսավարի աշխատանքում վերջին տարիներին շատ փոփոխություններ են իրականացվել, իսկ կորոնավիրուսը եւ պատերազմը, որոնք դեռեւս ամբողջովին գնահատված չեն, առավել մեծ ազդեցություն են ունեցել ոլորտի զարգացման վրա:
«Մարդիկ նույնպես շատ են փոխվում, նրանց նախասիրությունները, շրջագայության ցանկությունները: Այս ճգնաժամային իրավիճակում նրանք հարց են տալիս՝ որտե՞ղ եմ գնալու, ինչու՞ եմ գնալու: Սա նույնպես շատ կարեւոր է հաշվի առնել»,- ասաց Պյոտր Նեմոյը:
Այս տարի լրանում է «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցացիայի» հիմնադրման 5-րդ տարին: ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ասոցիացիայի գլխավոր նպատակը զբոսավարների շարունակական կրթությունը, զարգացումն է եւ համապատասխանեցումը ժամանակակից զբոսաշրջության պահանջներին:
«Այս պահին միջազգային տարբեր գործընկերների հետ մշակման փուլում է զբոսավարների վերապատրաստման եւ սերտիֆիկացման մեր ծրագիրը: Շատ շուտով մեր բոլոր զբոսավարները կանցնեն համապատասխան թրեյնինգները: Այդ պրոցեսը տանելու է նրան, որ մասնագետները կստանան հնարավորություն կանոնակարգված որակավորում ունեցող թրեյնինգների միջոցով մուտք գործել տվյալ շուկա: Հաշվի առնելով այն տենդենցները, թե ինչպե՞ս է թվային տեխնոլոգիան այսօր շատ մասնագետների դուրս թողնում իրենց շուկաներից՝ շատ անելիքներ ունենք, որ կարողանանք որակով եւ ճիշտ համատեղել թվային աշխարհն ու զբոսավարի մասնագիտությունը»,- ասաց Յաշա Սոլոմոնյանը:
ՊԶՀԱ նախագահը կարեւորեց նաեւ մեդիագրագիտությունը: Նրա խոսքով՝ զբոսաշրջային շուկան բազմաշերտ է, եւ տարբեր խնդիրների է բախվում զբոսաշրջությունը:
«Թվայնացման մեջ պարտադիր ներառված է մեդիագրագիտությունը, որպեսզի մենք մաքսիմալ բարձրացնենք մեր զբոսավարների գրագիտությունը սոցիալական եւ թվային աշխարհում, որպեսզի նրանց աշխատանքը, թեկուզ հենց Հայաստանի ճանաչողության գործում, չունենա հակառակ էֆեկտ: Այսօր մենք տեսնում ենք այդ խնդիրը, որովհետեւ մարդն ուղղակի չգիտի այդ գործիքները ճիշտ կիրառել: Այս մասով մենք նաեւ ներգրավելու ենք մեդիա ոլորտի փորձագետներին եւ թրեյնինգների շարք ենք իրականացնելու»,- ասաց Յաշա Սոլոմոնյանը:
Այսօր մայրաքաղաքում իրականացվել է նաեւ «Արի, գնանք Երեւան» անվճար քաղաքային տուր՝ քաղաքացիների համար: Միջոցառումն իրականացվել է Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ զբոսաշրջության վարչության աջակցությամբ: Միջոցառման ընթացքում 200-ից ավելի քաղաքացիներ ՊԶՀԱ պրոֆեսիոնալ զբոսավարների օգնությամբ ծանոթացել են Երեւան քաղաքի պատմությանը, հուշարձաններին, մշակույթին եւ պատմական շինություններին:
Անի Թամրազյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել