HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՔՊ-ն դեմ է Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների վավերացրած Շուշիի հռչակագրի դատապարտմանը միանալուն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների վավերացրած Շուշիի հռչակագիրը դատապարտող «Հայաստան» խմբակցության հայտարարությանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Անդրանիկ Թևանյանը իր ելույթում հիշեցրեց, որ նախորդ տարի հունիսի 15-ին ընդունվել է Շուշիի հռչակագիրը, որով «ամրապնդվել է թուրք ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական նկրտումները»:

«Այս հռչակագրին հնարավոր չէ չարձագանքել խորհրդարանի կողմից, Ալիևի ու Էրդողանի կողմից ստորագումից հետո խորհրդարանները վավերացրել են Շուշիի հռչակագիրը և իրավական ֆորմալ պրոցեդուրաները հանգեցրել են ավարտին»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Հայաստանի խորհրդարանի արձագանքումը ցույց կտա այն իրողությունը, որ Հայաստանն ունի կարմիր գծեր, որոնք պատրաստ չէ զիջել:

Ըստ հայտարարության տեքստի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իր խոր մտահոգությունն է հայտնում օկուպացված Շուշիում 2021թ. հունիսի 15-ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացման կապակցությամբ:

Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ձեւակերպումները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ համատեղ ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար:

Դատապարտելի է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ հարցի բովանդակությունը խեղաթյուրելով եւ այն տանելով պատմագիտական ուսումնասիրության տիրույթ:

Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար: Այն լրջագույն մարտահրավեր է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանը, չի նպաստում մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, հակասում է «առանց նախապայմանների» սկզբունքի հիման վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ու լուրջ կասկածներ առաջացնում պաշտոնական Անկարայի իրական վարքագծի ու մտադրությունների առումով:

Ըստ Անդրանիկ Թևանյանի՝ այս հռչակարգով փաստացի դրված է Հայաստանն ու Արցախը վերացնելու ծրագիր, և եթե Հայաստանը՝ որպես խորհրդարանական երկիր, չի արձագանքում, նշանակում է՝ ընդունում է Շուշիի հռչակագիրը:

Խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը ներկայացրեց պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Պատգամավորը հայտարարեց՝ չեն միանա այս հայտարարության տեքստին, քանի որ դեռևս ութ ամիս առաջ Հայաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է այս խնդրին հրապարակային մեկնաբանության տեսքով, որը գրեթե նույնն է, ինչ ընդդիմադիր խմբակցության ներկայացրած հայտարարությունը:

«Հիմավորումն առ այն, որ խորհրդարանը պետք է արձագանքի, տրամաբանական չէ: ԱԳՆ-ն ու խորհրդարանը միասնական քաղաքականություն պետք է վարեն: Հայաստանի քաղաքական իշխանությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու հանձնառություն է ստանձնել, և այդ գործընթացը չվիժեցնելու համար ԱԳՆ-ն համապատասխան արտաքին քաղաքականություն է վարում»,- ասաց Արսենյանը:

Իշխանական պատգամավորի խոսքով՝ խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը չի սկսվում ու ավարտվում ԱԺ հայտարարություններով:

«Մենք որպես իշխանություն արձանագրում ենք այն փաստը, որ մեր հարևան երկրները ունեն իրեն նպատակները, ու միշտ չէ, որ դրանք համընկնում են Հայաստանի նպատակների հետ, սակայն մենք քարոզարշավին ժողովրդին առաջարկել ենք մեր տեսլականը, որ գնում ենք երկարատև խաղաղության, և ժողովուրդն իր քվեով տվել է այդ ծրագիրն իրականացնելու հնարավորություն: Մենք հռչակել ենք խաղաղության օրակարգ, ու ունենք մեր տակտիկական մոտեցումները»,- ասաց Գուրգեն Արսենյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ նկատեց, եթե քաղաքական մեծամասնությունը որոշել է, որ խորհրդարանը պետք է «մոմ բռնող» լինի թուրք-ադբեջանական սիրախաղի մեջ, ապա ընդդիմությունն այդպես չի մտածում:

Նա ընդգծեց՝ միջազգային հարաբերություններում հնարավոր չէ ջայլամի քաղաքականություն վարել:

«Թուրքիայի օրենսդիրում Թուրքիայի փոխնախագահը պաշտոնապես հայտարարում է, որ 44-օրյա պատերազմին թուրքական հատուկ ծառայությունները ներգրավված են եղել, մենք ասում ենք՝ ինչ լավ է՝ Թուրքիան հայտարարում է, որ առանց նախապայմանների է հարաբերությունների հաստատման գնում, դրա առանց նախապայմանը ո՞րն է»,- ասաց նա:

Հարցը դրվեց քվեարկության և մերժվեց: Նշենք, որ փետրվարի 23-ին ընդդիմությունն արտահերթ նիստ է հրավիրել Շուշիի հռչակագրի օրակարգով, սակայն նիստը կարող է կայանալ, եթե մինչ այդ խորհրդի նիստում հաստատվի օրակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter