Եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման կարգից օգտվել է 748 ուսանող․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ Հարկային օրենսգրքի փոփոխություններով ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով սահմանվել է եկամտային հարկի վերադարձի իրավունք՝ աշխատող ուսանողների համար:
Ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի իրավունքից օգտվելու համար ՊԵԿ դիմել է շուրջ 870 ուսանող, որոնցից 748-ին արդեն վերադարձվել է եկամտային հարկի գումարները՝ շուրջ 264 միլիոն դրամի չափով: Մնացած դիմումները մերժվել են՝ ներկայացված փաստաթղթերում առկա անհամապատասխանություններով և մի շարք այլ խնդիրներով պայմանավորված։
Առաջացած խնդրիների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն դիմել է կրթության ոլորտի լիազոր մարմնին, և վերջինիս կողմից համապատասխան իրավական ակտում փոփոխություններից կամ առկա խնդիրների վերաբերյալ դիրքորոշումների հստակեցումից հետո, կոմիտեն կշարունակի իրականացնել ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը։
ՊԵԿ-ից հայտնում են, որ Հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում՝ ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողի ուսման համար վճարված գումարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել