
Մարիա Կարապետյանն՝ ադրբեջանցիների այցի մասին. «Կոչ եմ անում 240 վոլտ հոսանքը չմիացնել ՀՀ քաղաքացիների նյարդերին»
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերի համար Հայաստան են ժամանել նաև ադրբեջանցի պատվիրակներ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Եվրանեսթ» ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Երևանում են 2 ադրբեջանցի պատգամավոր, մեկն անկուսակցական, մյուսը՝ «Նոր Ադրբեջան» կառավարող ուժից, ինչպես նաև մեկ ուղեկցող անձ:
Նշենք, որ այսօր մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ՝ փորձելով կանխել ադրբեջանցիների ժամանումը Երևան:
Հարցին, թե արդյոք ադրբեջանցի պատվիրակների հետ շփում լինելու է՝ Մարիա Կարապետյանը պատասխանեց.
«Այն ինստիտուցիոնալ ֆորմատներում, որոնցում հայազգի պատգամավորները շփվում էին բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի պատգամավորների հետ, երբ մենք մեկնում ենք գործուղումների: Նման ֆորմատով ինստիտուցիոնալ ներկայություն, բնականաբար այս անգամ ևս լինելու է: Ես հասկանում եմ, որ կա հավելյալ զգայունություն, քանի որ Հայաստանի մայրաքաղաք Երևանում է, բայց մեր երկրի համար համար ևս կարևոր է, որ նման վեհաժողովները պատշաճ մակարդակով կազմակերպվեն»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք հնարավոր է ոչ ֆորմալ հանդիպում ադրբեջանցի պատգամավորների հետ՝ Մարիա Կարապետյանն արձագանքեց.
«Վատ է, որ նման հարց է հնչում, ես լսեցի, որ ընդդիմադիր պատագամավորները խոսում էին մտերմիկ միջավայրի մասին: Ես հասկանում եմ ինչի համար է սա արվում՝ քաղաքացիներին նյարդայնացնելու, որ մտածեն ի հեճուկս մեր վերապրած դժվարագույն օրերի, նման շփումների հնարավորություն կա: Կոչ եմ անում բոլորիս զուսպ ձևակերպումեր անել և երկու օրվա ընթացքում 240 վոլտ հոսանքը չմիացնել ՀՀ քաղաքացիների նյարդերին»:
Կարապետյանը բացառեց որևէ ոչ ֆորմալ շփում ադրբեջանցի պատվիրակների հետ:
Մեկնաբանել