HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ներկայացվել է մինչև 2030 թվականը կրթության զարգացման ծրագիրը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»։

Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարները ներկայացրին զարգացման ծրագրի հիմնական դրույթներն ու առաջարկվող փոփոխությունները։

Ծրագրի ներածության մեջ անդրադարձ է կատարվել 2020-ին՝ կորոնավիրուսային հիվանդության և 44-օրյա պատերազմի թողած ազդեցությանը կրթության համակարգի վրա և ծագած հրատապ խնդիրներին։ Ըստ նախարարության ծրագրի՝ հետևանքները օրակարգ են բերում ոչ միայն կրթական միջավայրի անվտանգությանն, այլև կրթական բովանդակությանն առնչվող շեշտադրումների փոփոխության անհրաժեշտություն։

«Գիտելիքն ու ստեղծարարությունը դարձել են մարդկային կապիտալի զարգացման, տնտեսական և մշակութային կայուն առաջընթացի գրավական։ Այս համոզմունքն է ընկած Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման ծրագրի հիմքում»,- նշված է փաստաթղթում։

Նշվում է, որ այս տեսանկյունից կրթությանն ուղղված ֆինանսական միջոցները ոչ թե ծախս են, այլ անհրաժեշտ ներդրում պետության և հասարակության զարգացման համար։

Մասնագետները վեր են հանել կրթության մատչելիության, որակի և արդյունավետության հետ կապված բազմապիսի խնդիրներ, որոնք արմատական լուծումներ են պահանջում, և առկա են ֆորմալ կրթության բոլոր մակարդակներում, ինչպես նաև՝ արտադպրոցական, լրացուցիչ և շարունակական կրթության ոլորտներում:

Ինչ է առաջարկվում զարգացման ծրագրով նախադպրոցական կրթության համար

«Մենք մի միասնական կառուցվածք ենք փորձել որդեգրել բոլոր կրթական մակարդակների համար, որ պետական ծրագիրն անդրադառնա թե՛ ենթակառուցվածքներին, թե՛ կրթության բովանդակությանը, թե՛ դասավանդողներին և մարդկային ռեսուրսներին, ովքեր ներառված են կրթական գործընթացներում, ինչպես նաև՝ անդրադառնա կառավարման ձևին»,- ասուլիսի ընթացքում նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Ըստ փոխնախարարի՝ կատարվել է խնդիրների վերլուծություն, և զարգացման ծրագիրը շարունակելու է կառավարության 5-ամյա ծրագրի և ընդունված այլ փաստաթղթերի՝ օրինակ՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի տրամաբանությունը։

2019 թվականին գործել է 906 նախադպրոցական հաստատություն (ՆԴՀ), դրանցում ընդգրկված երեխաների թիվը կազմել է 82089:

Փոխնախարարի խոսքով՝ նախադպրոցական ոլորտի համար նախատեսված է հասնել նրան, որ բոլոր բնակավայրերում հասանելի լինեն մատչելի նախադպրոցական ծառայություններ և յուրաքանչյուր ընտանիք կարողանա օգտվել ծառայությունից։ Առաջարկվում է, որ մինչև 2030 թվականը 3-5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսն ընդգրկված լինի նախադպրոցական ծառայություններում։

Հիշեցնենք, որ 2020 թվականին փոփոխություններ են կատարվել նախադպրոցական կրթության մասին օրենքում, որոնցով ամրագրվել է նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ներդրման հնարավորությունը՝ փոքր բնակչություն ունեցող համայնքերում ներդնել այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ, որոնք կարող են կազմակերպվել տարբեր ձևաչափերով, ինչպես իբրև տնային մանկապարտեզ, շարժական ծառայություններ։

Այլընտրանքային ծառայությունների ներդրումը սկսվել է 2021 թվականից։

Ըստ նախարարության՝ Հայաստանում նախադպրոցական տարիքի 236 հազար երեխա կա, որոնցից 154 հազարը չի հաճախում նախադպրոցական հաստատություն։ Այդ երեխաներից 62 հազարը ապրում է գյուղական համայնքներում։

Փոխնախարարն ասաց, որ առաջնահերթ է գյուղական համայնքերում ընդլայնել նախադպրոցական ծառայությունների՝ մսուրների շարքում վաղ տարիքի ծառայությունների զարգացումը։

Ոչ մի երեխա չպետք է դուրս մնա կրթությունից

Դպրոց հաճախողների ընդգրկվածությունը վերջին տարիներին 90 տոկոս է, չհաճախելու ամենատարածված պատճառներն են` հաշմանդամությունը, ծայրահեղ աղքատությունը, մանկական աշխատանքը, էթնիկ պատկանելությունը և փախստականի կարգավիճակը, որոնք առնչվում են նաև տարածաշրջանային և սեռերով պայմանավորված անհավասարություններին:

Ժաննա Անդրեասյանը պարզաբանեց, որ խոսքը ոչ միայն ֆիզիկապես բացակայության մասին է, այլ այն երևույթի, որ երեխան ֆորմալ առումով գտնվում է դպրոցում, սակայն չի մասնակցում կրթության իրականացմանը, չի սովորում։ Նրա խոսքով՝ նպատակ ունեն հասնելու նրան, որ մինչև 2030-ը ոչ մի երեխա դուրս չմնա կրթությունից։

Հանրակրթության ոլորտում իրականացվող մյուս կարևոր փոփոխությունը կրթության մատչելիության ապահովումն է դպրոցում և համընդհանուր ներառական կրթության անցնելը։ Անդրեասյանը նշեց, որ նախատեսում են մինչև 2030-ը բոլոր դպրոցներն ապահովել անհրաժեշտ պայմաններով՝ թե' շենքային, թե' նյութատեխնիկական հագեցվածությամբ։

Ըստ զարգացման ծրագրի՝ 455 դպրոց կամ դպրոցների 31,7 %-ը կարիք ունի հիմնանորոգման, ևս 383 դպրոցում կամ դպրոցների 26,7 %-ում առկա է ընթացիկ նորոգման աշխատանքների կարիք։

Փոխնախարարը կարևորեց հանրակրթության ոլորտում արտադպրոցական գործունեությունը, աշակերտների ակտիվության և ստեղծագործական կարողությունների զարգացումն ու ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նաև շեշտեց, որ ծրագրում կարևորվել է աշակերտի ներգրավվածությունը հանրային նշանակության աշխատանքներում։

ԿԳՄՍ մյուս փոխնախարար Կարեն Թռչունյանը խոսեց բուհերի և միջին ու նախնական կրթության հաստատությունների խնդիրների մասին, նշեց, որ մինչև 2030 թվականը միջին և նախնական կրթություն ստացած շրջանավարտները պետք է կարողանան իրենց մասնագիտությամբ աշխատանքի անցնել, և ներգրավվածությունը պետք է կազմի 90%:

Կարևորեց այս ոլորտում ևս տարակարգերի մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև՝ ֆինանսավորման փոփոխությունը։         

Խոսելով բուհերում առկա խնդիրների մասին՝ Կարեն Թռչունյանն ասաց, որ մասնագիտական կրթության ոլորտում ամենաակնառու խնդիրը շարունակում է մնալ աշխատաշուկայի պահանջարկին մասնագիտական հմտությունների անհամապատասխանությունը:

Ինչպես զարգացման ծրագրում է գրված՝ աշխատաշուկայի իրական, դինամիկ կարիքների և ուսումնական հաստատությունների կողմից աշխատաշուկա թողարկվող մասնագետների՝ աշխատուժի առաջարկի միջև կառուցվածքային անհամապատասխանությունը հանգեցնում է առաջարկ-պահանջարկի հավասարակշռության մեջ զգալի բացի: «Այս պահին դեռևս գոյություն չունեն արդյունավետ մեխանիզմներ՝ աշխատաշուկայում առկա հմտությունների պահանջարկի բացահայտման, առավել ևս՝ հետագա կարիքների կանխատեսման համար»:

Փոխնախարար Թռչունյանի խոսքով՝ քաջալերելու են օտարերկրյա ուսանողների ներգրավումը հայաստանյան բուհերում։

Փոխնախարարը նշեց, որ ուշադրություն են դարձրել բուհերում կրթության որակի բարձրացմանը և հավասար մրցակցային պայմանների ապահովմանը։

«Մրցունակ կրթական համակարգ ունենալու համար անհրաժեշտ է լինել միջազգային կրթական գործընթացների ոչ միայն ակտիվ մասնակից, այլ նաև հավելյալ արժեք ստեղծող և ունակ` կրթական ծառայություններ արտահանելու։ Այս առումով անհրաժեշտ է բարձրացնել ՀՀ կրթական համակարգի միջազգային գրավչությունը, Հայաստանի դիրքը կարիք ունի առավել ամրապնդման ինչպես երկրի բուհերի՝ աշխարհի լավագույն բուհերի ցանկ մտնելու, այնպես էլ մեր կրթական նորարարությունները համաշխարհային հարթակներում ճանաչելի դարձնելու առումով»,- նշված է զարգացման ծրագրում:

Նախարար Վահրամ Դումանյանն էլ հավելեց, որ բուհերում առկա խնդիրների պատճառն այն է, որ բարձրագույն կրթությունը դիտարկվում է որպես զբաղմունք, ոչ որպես կրթություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter