HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ Ադրբեջանը հայտարարել է հետախուզում։ Այդ մասին ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Թաղիևը։ 

Թաղիևը նշել է, որ 1988 թվականի փետրվարից Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, իբր հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև ազգային թշնամանք ու ատելություն բորբոքելու նպատակով, Ստեփանակերտում կազմակերպել են հավաքներ՝ ազգությամբ հայ աշխատողների մասնակցությամբ: «Հայտարարել են, որ Ղարաբաղը պատկանում է հայերին և այնտեղ պետք է ապրեն միայն հայերը, կոչ են արել ադրբեջանցիներին աշխատանքից ազատել, քաղաքից և Լեռնային Ղարաբաղից բռնի վտարել, այրել նրանց տները, իրենց անվանելով պետական իշխանության ներկայացուցիչներ, խախտելով Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությունը, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին միացնելով նախկին Շահումյանի շրջանը, հռչակել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», ամբողջ իշխանությունը փոխանցել ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդին ու նրա գործադիր կոմիտեին»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։ 

Թաղիևի խոսքով՝ այդ գործողությունների և իբր «այլ հանցագործությունների իրականացման համար նշված անձինք Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով պետք է կանչվեն քրեական պատասխանատվության, ու նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել»։

Այս հանգամանքին անդրադարձել են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակները։ Այսպես, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարել է, որ իրենց համար զարմանալի չէ, որ «Փաշինյանաալիևյան սիրախաղի այս փուլում դա արվում է նաև Ադրբեջանում»։ «Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ եւ կառուցողական» ընկերներից: Չենք զարմանա, որ այս քրեական գործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին, եւ մեր դատախազները, մեծ ջանասիրությամբ, այն կպաշտպանեն դատարանում»,- նշվում է երկրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ 

Իսկ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ «Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելն ինքնին զավեշտ է, իսկ ներկայացված մեղադրանքները՝ ցինիկ»։

«Ցինիկ, քանզի տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիևը, որի պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավել ևս՝ մեղադրանքներ ներկայացնելու<...>Ինչպես 1988 թվականից ի վեր, այսուհետ ևս նախագահ Սարգսյանը հետամուտ է լինելու հայկական սրբազան հողում՝ Արցախում հազարամյակներով ապրող հայ ժողովրդի ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի իրացմանը», - ասված է հայտարարության մեջ։ Երրորդ նախագահի գրասենյակը ևս անդրադարձել է Հայաստանում Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը։ «Հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի  նկատմամբ երկրի ներսում հետապնդում են իրականացնում կապիտուլյանտ իշխանությունները, իսկ երկրից դուրս նրանց փորձում է հետապնդել կապիտուլյանտ իշխանությունների փաստացի դաշնակիցը դարձած ադրբեջանական իշխող կլանը:

Ո'չ Հայաստանի ներսում գործող վարչակազմի կողմից և ո'չ էլ Հայաստանից դուրս նրան հետապնդողներին չի՛ հաջողվելու կանգնեցնել Սերժ Սարգսյանին իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին:

Վստահ ենք, որ պատմության դատից զատ, գալու է նաև հայ ժողովրդի հանդեպ ոճրագործություններ գործածներին պատժելու ժամանակը»,- նշվում է հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter