Քրգործ՝ 5 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ. «BMW X5»-ի վարորդը ձերբակալվել է
2022թ. փետրվարի 20-ին՝ ժամը 20:30-ին, Արզնու խճուղում հինգ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Արզնու խճուղու միջնամասում միմյանց են բախվել հանդիպակաց երթևեկող «BMW X5» և «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «BMW X5»-ը բախվել է նաև իրեն հանդիպակաց ընթացող «Opel» մակնիշի ավտոմեքենային և կանգնել։
Վթարի հետևանքով «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենայի՝ 1976թ. ծնված վարորդը և 1982, 2005, 1957, 1988թթ. ծնված ուղևորները տեղում մահացել են, իսկ ուղևորներից մեկը (ծնված 2007թ.)՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
ՔԿ հաղորդմամբ, «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Պարզվել է, որ վերջինս դեպքի ժամանակ գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում. վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ դատատոկսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել