
Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները Պուտինից խնդրել են ճանաչել իրենց անկախությունը
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինն ու Լեոնիդ Պասեչնիկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել են ճանաչել ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։
Պուշիլինի ու Պասեչնիկի ուղերձները ցուցադրել է «Россия 24» հեռուստաընկերությունը։ Որպես իրենց խնդրանքի հիմնավորում նրանք նշել են «խաղաղ բնակչության շրջանում զոհերի անթույլատրելիությունը»։ Ընդ որում, երկու տեսանյութերն էլ հրապարակվել են միաժամանակ։ Հայտարարությունների ֆոնին ռուսական ռուբլին դարձյալ սկսել է ընկնել։
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների առաջնորդները Պուտինին խնդրել են անկախության ճանաչումից հետո իրենց հանրապետությունների հետ կնքել բարեկամության և գործընկերության պայմանագրեր։
Զուգահեռաբար, Մոսկվայում մեկնարկել է Անվտանգության խորհրդի նիստը, որը վարում է Վլադիմիր Պուտինը։ Հիմնական թեման Ուկրաինայի հետ սահմանին և Դոնբասում առկա լարված իրավիճակն է։ Բացման խոսքում Պուտինը հայտարարել է, որ նիստի հիմնական նպատակը հասկանալն է, թե ինչ հետագա քայլեր պետք է ձեռնարկի Ռուսաստանը՝ ընդգծելով, որ ի նկատի ունի նաև ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների ուղերձները։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին ՌԴ Պետդուման պաշտոնապես դիմել էր Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ճանաչել Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների անկախությունը։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտնել էր, որ Պուտինը ստացել է պատգամավորների դիմումը, «արձագանքել դրան և ընդունել ի գիտություն»։ Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել էր, որ ճանաչումը կարող է դառնալ Մինսկի պայմանավորվածությունների խախտում, որի «իրագործումը Պուտինի համար ներկայումս հանդիսանում է առաջնահերթություն»։
Լուսանկարը՝ ТАСС գործակալության
Մեկնաբանել