HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակ Ժոզե Ա․ Բետանկուրին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին։

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ փոխվարչապետը ողջունել է արքեպիսկոպոսին և վերահաստատել Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունն ու հանձնառությունը:

Արժևորելով 2021 թվականին Երևանում Առաքելական նվիրակություն բացելու Սուրբ Աթոռի որոշումը՝ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ այն փաստում է Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական կապերին ու մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին տրվող կարևորությունը։

Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շեշտել, որ 30 տարվա գործակցությունը հիմնված է 2000-ամյա բարեկամական հարաբերությունների վրա։

Զրույցի ընթացքում փոխվարչապետը բարձր է գնահատել Սրբազան քահանայապետի հղած ուղերձները՝ Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, ռազմագերիների անհապաղ ազատ արձակման մարդասիրական օգնության մասին կոչերը և խնդրել, որպեսզի Ֆրանցիսկոս Պապը շարունակի իր աղոթքներում ու ուղերձներում հիշատակել հայ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենիք վերադառնալու հարցը։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում հայկական հոգևոր ու պատմամշակութային կոթողների պաշտպանության, պահպանման ու վերականգնման աշխատանքներում Սուրբ Աթոռի ներգրավվածության հնարավորությանն ու կարևորությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter