HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված շուրջ 50 րոպեանոց տեսաուղերձի ժամանակ հայտարարեց, որ որոշել է ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ 

Պուտինի խոսքով՝ այդ որոշումը վաղուց էր հասունացել։ Նա կոչ արեց Պետդումային վաղը սատարել այդ որոշմանը։ 

ՌԴ նախագահը հայտարարեց նաև, որ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների հետ կնքվելու են բարեկամության և գործընկերության պայմանագրեր։ Տեսաուղերձի վերջում նա ստորագրեց համապատասխան հրամանը։ Ընդ որում, տեսանյութից պարզ դարձավ, որ Պուտինի հետ միևնույն աշխատասենյակում գտնվում էին Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։

Ռուսաստանի նախագահն իր ելույթը սկսեց հետևյալ նախադասությամբ. «Իմ ելույթի թեման Ուկրաինայում առկա իրավիճակն է, թե ինչու է դա այդքան կարևոր մեզ համար, Ռուսաստանի համար»։

Տեսաուղերձի առաջին մասում Պուտինը մանրամասն պատմեց ԽՍՀՄ անկման մասին, որի արդյունքում ի հայտ է եկել անկախ Ուկրաինան։ Նա հայտարարեց ժամանակակից Ուկրաինայում կոռուպցիայի և բարձր կոմունալ վճարների մասին, հայտնեց, որ Ուկրաինայում ագրեսիվ գործողություններն իրականացվում են արևմտյան հատուկ ծառայությունների օգնությամբ և հավելեց, որ ուկրաինական իշխանությունները կարող են ստեղծել միջուկային զենք, իսկ այդ երկրի տարածքում փաստացի «տեղակայված են ՆԱՏՕ-ի բազաներ»։

Պուտինի պնդմամբ՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումը ուղիղ սպառնալիք է Ռուսաստանի համար։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ «Դոնբասում ցեղասպանության է ենթարկվում գրեթե չորս միլիոն մարդ, որոնք չեն աջակցել պետական հեղաշրջմանը (նկատի ունի 2014 թվականին ուկրաինական մայդանը և նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը-խմբ.)։ Ըստ նրա՝ Դոնբասի բնակիչները հանդես են գալիս «քարանձավային ազգայնականության» դեմ։

«Ուկրաինա» աշխարհագրական տեղանքի մասին խոսելիս Պուտինն այն անվանեց «Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան Ուկրաինա»։ Պուտինի կարծիքով՝ ԽՍՀՄ հիմնադիրն է դրա հեղինակն ու ճարտարապետը։ «Ժամանակակից Ուկրաինան ամբողջությամբ ստեղծվել է Կոմունիստական Ռուսաստանի կողմից։ Լենինն ու նրա աջակիցները ստեղծեցին ժամանակակից Ուկրաինան՝ տարածքներ կորզելով Ռուսաստանից։ Որևէ մեկը բնակիչներին ոչինչ չհարցրեց։ Բոլշևիկները Դոնբասը բառացիորեն մտցրին Ուկրաինայի կազմի մեջ»,– նշեց Պուտինը։

ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Պուտինը նշեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է, իսկ Ուկրաինան հարվածի ցատկահարթակ է լինելու։ Պուտինի պնդմամբ՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և նրա տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի տեղակայումն արդեն որոշված հարց է։ Ըստ նրա՝ դրանով Ռուսաստանին անակնկալ հարվածելու հավանականությունն ընդլայնվում է։

Տեսաուղերձի վերջում դիմելով Կիևին՝ Պուտինը պահանջեց դադարեցնել մարտական գործողությունները, հակառակ պարագայում զգուշացնելով, որ իրավիճակի ողջ պատասխանատուն կլինի Կիևը։ Թե ինչ պատասխանատվության մասին է խոսքը, Պուտինը չմանրամասնեց։

Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter