HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մինչ Ուկրաինան եռում է, մի՛ մոռացեք տարածաշրջանի մյուս մեծ հակամարտության մասին»․ Դավիթ Ամիրյան

Հոդվածի հեղինակ Դավիթ Ամիրյանը անդրադառնում է պատերազմից հետո տեղի ունեցած զարգացումներին, տարածաշրջանում ստեղծված հումանիտար ճգնաժամին ու Եվրամիության դերակատարության ակտիվացման անհրաժեշտությանը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնարար իրավունքների երաշխավորման ու երկարաժամկետ խաղաղության ապահովման տեսանկյունից։

«Հայասանի և Ադրբեջանի միջև 2020թ. պատերազմը Լեռնային Ղարաբաղում (ԼՂ), որի հետևանքով  հազարավոր զոհեր եղան, ավարտին չհասցրեց տարածաշրջանում ամենաերկար տևող հակամարտությունը:  

2020թ. նոյեմբերի 9-ին Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայությամբ պայմանավորված՝ ռազմական ակտիվ գործողությունները հիմնականում դադարել են:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  միջև տեղի ունեցած երեք հանդիպումները, որոնցից երկուսը եղել են Եվրոպական միության (ԵՄ) միջնորդությամբ, համեստ արդյունքներ են տվել:

Իրավիճակը, սակայն, հեռու է խաղաղությունից: Ի հավելումն զինված խոշոր ընդհարումների, որոնց վկան դարձանք 2021թ. նոյեմբերի 16-ին և 2022թ. հունվարի 12-ին, շարունակում ենք նաև բազմաթիվ տեղային ընդհարումների ականատեսը լինել:

44-օրյա պատերազմը էապես փոխել է աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում: Նախ` Թուրքիայի ակտիվ դերակատարությունը հակամարտության ընթացքում և Ադրբեջանին տրամադրած աջակցությունը, այդ թվում՝ սիրիացի վարձկաններ հավաքագրելու միջոցով, էապես մեծացրել է Անկարայի ազդեցությունը տարածաշրջանում:  

Երկրորդ, ԼՂ հակամարտության կարգավորման ինստիտուցիոնալ կառույցի` ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն անտեսվել է: Սեփական հաղթանակից ոգևորված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակայնորեն հայտարարում է, որ հակամարությունն ավարտված է, և հրաժարվում է Մինսկի խմբի հետ հետագա համագործակցությունից:  

Հարց է առաջանում․ իսկ ի՞նչ տեղի կունենա ԼՂ հայ բնակչության հետ, երբ մոտ չորս տարի անց ավարտվի ռուս խաղաղապահների առաքելությունը: Նկատի ունենալով պատերազմի ընթացքում փաստագրված վայրագությունները, Ադրբեջանում պետականորեն հովանավորվող հայատյացությունը և հետպատերազմյան միջադեպերը, որոնց թիրախում հայազգի բնակչությունն է` առկա է ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների իրական վտանգ: 

Պատերազմի լրջագույն հետևանքներից մեկն էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո սահմանների փոփոխությունն է: 

Զինված ուժերի միջև շփման գիծն այնքան է մոտեցել, որ որոշ վայրերում այն ընդամենը քանի հարյուր մետր է: Այս իրավիճակը լուրջ ազդեցություն է ունեցել տեղական համայնքների իրավունքների և կենսագոյության վրա: Դեպքեր են եղել, երբ սահմանամերձ գյուղերի բնակիչներին գերեվարել են, այրել են նրանց մշակած դաշտերը, գողացել են նրանց անասունները: 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած վերջին երեք հանդիպումները, որոնցից երկուսը եղել են ԵՄ միջնորդությամբ, համեստ արդյունք են տվել: 

Այս հանդիպումների արդյունքներից մեկը սահմանային ընդհարումները կանխելու համար ուղիղ կապն է երկու պետությունների պաշտպանության նախարարների միջև:

Երկու պետությունները նաև համաձայնել են քայլել ձեռնարկել երկաթուղային հաղորդակցությունն ապաշրջափակելու ուղղությամբ: Ամենակարևոր խնդիրներից մեկը՝ սահմանազատման հարցը, շարունակում է մնալ չլուծված: Ռուսաստանն առաջարկել է իր գլխավորությամբ հանձնաժողով ստեղծել, սակայն առաջընթաց դեռևս չկա:   

Ուկրաինայի պայթունավտանգ իրավիճակը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ Կովկասի համար` ընդհուպ մինչև նոր հակամարտության սկիզբ: Չնայած նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էրդողանի միջև անձնական բարեկամության` Ռուսաստանին ավելի ու ավելի է անհանգստացնում Թուրքիայի դիրքորոշումը՝ Ղրիմի և Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր մատակարարելու հարցերում:

Վերջերս լարվածության որոշ դեպքեր են եղել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, մասնավորապես` ԼՂ-ում ռուսական խաղաղապահների առաքելության շուրջ:  Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախկին գործողությունները չեն արժանացել համապատասխան դատապարտման, վերջիններս կրկին հակված են լինելու ուժ գործադրելու։ 

Այս իրավիճակում անհրաժեշտ է ԵՄ-ի ավելի մեծ մասնակցություն, մասնավորապես՝ հետևյալ երեք ոլորտներում:

Վերադարձը Մինսկի խմբին 

Չափազանց կարևոր է ստիպել Ադրբեջանին հրաժարվել ագրեսիվ ու ռազմատենչ մոտեցումից և վերադառնալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: 

Պետք է նաև լինի հստակ ազդակ, որ ուժի կիրառումն անընդունելի տարբերակ է և հանգեցնելու է համարժեք հետևանքների: Ստատուս քվոն արմատապես փոխվել է և այլևս հնարավոր չէ երկու կողմերին համարել հակամարտության հավասար կողմեր, քանի որ Հայաստանը ենթարկվում է ագրեսիայի:

Երկրորդ` ԵՄ-ը կարող է պարտադրել սահմանի երկայնքով մշտադիտարկման առաքելություն և աջակցել դրա իրականացմանը: ԵՄ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) քաղաքացիական առաքելությունը մի գործիք է, որը ԵՄ-ը գործարկել է նմանօրինակ իրավիճակներում, և այն կարող է մեծ նշանակություն ունենալ տեղում իրավիճակը կայունացնելու հարցում: 

Նման առաքելությունը կարող է հնարավոր դարձնել ապառազմականացված գոտու ձևավորումը, ինչը նպաստավոր միջավայր կստեղծի սահմանազատման գործընթացի համար: Միաժամանակ անհրաժեշտ է, որ ԵՄ-ը հնարավորինս հրատապ առաջ մղի սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որը իդեալական տարբերակում պետք է իրականացվի ԵԱՀԿ հովանու տակ: 

Ի վերջո, շատ կարևոր է վճռական միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ և բարձրացնել Ադրբեջանում պետական հովանավորությամբ իրականացվող ատելության խոսքի խնդիրը:

Թեև բազմաթիվ հայտարարություններ են հնչել, որոնք կոչ են անում Ադրբեջանին վերադարձնել ռազմագերիներին, Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, շարունակում է վերջիններիս  պահել գերության մեջ:

Ավելի վաղ այս ամիս Ադրբեջանը հայտարարել է հայկական ժառանգության հետքերը, այդ թվում` հայկական եկեղեցիներից արձանագրությունները ջնջելու ծրագրերի մասին, ինչն արժանացել էր բուռն  բողոքի ալիքի: Իրավիճակը պահանջում է ավելի կտրուկ միջոցներ, այդ թվում` առանձին թիրախային պատժամիջոցների կիրառում, ինչպես նաև օգնության տրամադրման նախապայմանների սահմանում, մասնավորապես՝ հաշվի առնելով ԵՄ-ի վերջերս սահմանած 2 միլիարդ եվրո օգնության փաթեթը: 

ԵՄ-ն ունի իրավիճակը փոխելու գործիքներ․ այժմ անհրաժեշտ է կամք դրսևորել»:

Դավիթ Ամիրյան՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ծրագրերի փոխտնօրեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter